Խաչիկյանի նամակը Քլինթոնին

21/08/2009

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանն օգոստոսի 20-ին նամակ է հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Չորս էջանոց նամակում Խաչիկյանն ընդգծել է հայկական համայնքի մտահոգությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արված «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կողմնապահ հայտարարությունների շուրջ»: Նամակում Խաչիկյանը մեջբերել է Մեթյու Բրայզայի վերջերս կատարած «անարդար, ոչ ճշգրիտ եւ հակասական հայտարարությունները»` կարծիք հայտնելով, որ վերջինիս գործողություններն արտացոլում են ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքական ուղեգծի տապալումը, որն, ի կատար չածելով ամերիկահայերին տված մի շարք խոստումները, այժմ հմտորեն խուսափում է կյանքի կոչել հայկական հարցերի վերաբերյալ որոշումները: «Այսօր` Օբամա-Բայդեն վարչակազմի աշխատանքի մեկնարկից 7 ամիս անց, մենք լրջորեն մտահոգված ենք, որ այս վարչակազմը հրաժարվել է իր պարտականություններից` արտաքին քաղաքականությունում արդյունավետ կերպով կյանքի կոչելով Հայաստանի վերաբերյալ ամեն մի որոշում այնպես, ինչպես թելադրում է Թուրքիան` չհետեւելով բարոյականության եւ ժողովրդավարության այն հիմնարար սկզբունքներին, որոնք դուք, նախագահ Օբաման եւ փոխնախագահ Բայդենը միանշանակ քարոզել եք նախորդ տարի կայացած ձեր նախագահական քարոզարշավների ընթացքում»,- ասված է նամակում: Անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարություններին` Քեն Խաչիկյանը նշել է, որ նրա վերջին գործողություններն արտացոլում են «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ տարվող քաղաքականության մշտական, նյութական եւ թափանցիկ կողմնապահությունը»: «Մասնավորապես, մենք մտահոգություն ենք հայտնել նրա ադրբեջանամետ կողմնապահության շուրջ ԼՂ խաղաղ գործընթացում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մեր համայնքի ուշադրությունը մեկ անգամ եւս բեւեռվեց պրն Բրայզայի վրա Ծաղկաձորում օգոստոսի 7-ին կատարած ելույթից, ինչպես նաեւ այն նորություններից հետո, որ վերջինիս թեկնածությունը դիտարկվում է Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնը ստանձնելու համար: Ծաղկաձորում իր ելույթի ժամանակ պրն Բրայզան մեկ անգամ եւս արեց մի շարք հայտարարություններ, որոնք բացահայտորեն հակասում են ԱՄՆ նախագահի խոստմանը՝ աշխատել «Լեռնային Ղարաբաղի հարատեւ հակամարտության կարգավորման շուրջ ուղղությամբ, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար եւ որը հիմնված կլինի Ամերիկայի` ժողովրդավարության եւ ինքնորոշման հիմնարար սկզբունքների վրա»: Առանձնացնենք հատկապես այն, որ պրն Բրայզան պնդել է, որ ճակատագրի բերումով ստեղծված չարաբաստիկ Մադրիդյան սկզբունքները փոխզիջումների հավասարակշռված մի ամբողջություն են, այն էլ այն դեպքում, երբ դրանք իրականում ոչ այլ ինչ են, եթե ոչ հակասական, ենթադրաբար՝ հայկական կողմի հիմնարար անվտանգությունը խարխլող զիջում՝ ընդամենն իրենց մեջ պարունակելով միակ այն թույլ խոստումը, որը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ինչ-որ անորոշ դերակատարների մասնակցությամբ գործընթաց տեղի կունենա, այն էլ, ըստ պրն Բրայզայի, հավանաբար, ապագայում»,- ասված է Խաչիկյանի նամակում:

Ըստ նրա` Մեթյու Բրայզան իր հայտարարությունները համալրել է մի շարք դիտարկումներով, համաձայն որոնց՝ ադրբեջանական կողմը «զիջում» է կատարել` նույնիսկ պարզապես համաձայնելով քննարկել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը: «Փաստը նրանում է, որ Ադրբեջանը չունի ոչ բարոյական իրավունք, ոչ էլ գործնականում ունակ է շնորհել ազատություն կամ անկախություն Լեռնային Ղարաբաղին»,- ընդգծել է Քեն Խաչիկյանը` հավելելով, թե Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն լրջորեն մտահոգված է, որ Մեթյու Բրայզան շարունակում է կանգնել Միացյալ Նահանգների եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների եւ ժողովուրդների ընդարձակ երկխոսության ճանապարհին: