Այսպիսով, 2009թ. հունվար-հուլիս ամիսների ՀՀ տնտեսական անկումը կազմեց 18.5%: Եվ գնալով ՀՆԱ-ի փոփոխության վերաբերյալ ցուցանիշները հաստատուն կերպով վատթարանում են: Այսինքն` հունվար-փետրվար, հունվար-մարտ, հունվար-ապրիլ, հունվար-մայիս, հունվար-հունիս եւ հունվար-հուլիս ժամանակահատվածների` ՀՆԱ-ի անկման ցուցանիշները հաստատուն կերպով աճման միտում ունեն (3.7%, 6.1%, 9.7%, 15.7%, 16.3%, եւ վերջում` 18.5%): Մինչդեռ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը տարվա երկրորդ կեսից պետք է տար իր դրական արդյունքները, եւ որ տնտեսության անկման ցուցանիշները պետք է մեղմանային: Այսինքն` ՀՆԱ անկման վերաբերյալ ամեն ամիս հրապարակվող թվերը հուլիս ամսից գոնե պետք է գնալով փոքրանային: Սակայն քանի որ նման բան այդպես էլ տեղի չի ունենում, հարց է առաջանում, թե կառավարության «հակաճգնաժամային» անվանված քաղաքականությունը, մասնավորապես` օպերատիվ շտաբի գործունեությունը որքանով է դրական ազդեցություն թողել ՀՀ տնտեսության վրա (եթե, իհարկե, թողել է): Հիշեցնենք, որ օպերատիվ շտաբը մի կողմից քննարկում է կառուցապատողներին վարկային երաշխիքներ տրամադրելու ծրագրեր, մյուս կողմից` զանազան բիզնես նախագծեր: Մինչ այժմ 5 կառուցապատող ընկերությունների տրամադրվել են 10 մլն դոլար ընդհանուր արժողությամբ վարկային երաշխիքներ, եւս երկու ծրագրեր` 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, դեռ քննարկվում են (հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսել էր մինչեւ 40 մլն դոլարի վարկային երաշխիքներ տրամադրել կառուցապատողներին): Իսկ դրական ընթացք ստացած բիզնես նախագծերի թիվը 24 է, որոնց մեծ մասը ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ վարկային միջոցներ է կարողացել ներգրավել, մի մասին կառավարությունը վարկային երաշխիքներ է տրամադրել, իսկ որոշ ընկերությունների սեփական կապիտալում էլ կառավարությունը ներդրումներ է իրականացրել (այսինքն` պետությունը դարձել է այդ ընկերությունների սեփականատերերից մեկը): Արդյո՞ք իրեն արդարացրել է օպերատիվ շտաբը, թե՞ առայժմ վաղ է գնահատականներ հնչեցնելը: Այս հարցի շուրջ տարբեր տնտեսագետներ տարբեր տեսակետներ ունեն:
Վարդան Բոստանջյան, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ.- Հունվար-հուլիս ամիսների այդ 18.5% անկումը, ես Ձեզ հավատացնում եմ, որ մեծապես պայմանավորված է նաեւ բազմաթիվ այլ` ոչ մեզանից կախված հանգամանքներով: Այս հանգամանքների առկայության պայմաններում հապճեպ գնահատական տալ հակաճգնաժամային աշխատանքային խմբի գործունեությանը, կարծում եմ, տեղին չէ: Ողջ տնտեսության մասին խոսելիս մենք գործ ունենք իներցիոն մեծ համակարգերի հետ, եւ այստեղ աշխատանքը չի կարող շատ արագ դրական ազդեցություն թողնել: Այդ առումով ժամանակավրեպ է դեռեւս այդ մասին խոսելը, հատկապես հաշվի առնելով, որ որպես կանոն՝ այս ժամանակահատվածը միշտ էլ տնտեսական շրջանառության համար, եկամուտների ստացման առումով մեր կամքից անկախ համեմատաբար ավելի լավն է: Ուզում եմ ասել` պետք չէ առաջ ընկնել եւ միայն այդ անկման ցուցանիշներից ելնելով դատողություններ անել: Պետք է բոլոր գործոնները հաշվի առնել:
Վահագն Խաչատրյան, Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ Ազգային կոնգրեսի անդամ.- Կառավարությունն ինքը իր հակաճգնաժամային ծրագրին չի հավատում, միշտ էլ անլուրջ է վերաբերվել եւ մինչեւ հիմա էլ շարունակում է անլուրջ վերաբերվել: Դրա արդյունքն էլ հենց այն է, որ այսօր Հայաստանում 18.5% տնտեսական անկում է արձանագրվել: Սրա մասին խոսելը արդեն նույնիսկ շատ անլուրջ է, որովհետեւ ինքը՝ կառավարությունը, իր ամբողջ հակաճգնաժամային ծրագրով եւ իր գործողություններով, ապացուցեց, որ ընդունակ չէ (եւ այդպիսի մարդիկ չկան կառավարությունում, որ պատրաստ են) ճգնաժամի դեմն առնել ու այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր անել:
Թաթուլ Մանասերյան, ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ.- Կարծում եմ՝ օպերատիվ շտաբի գործունեության վերաբերյալ հիմա գնահատականներ տալը, դրա մասին խոսելը շատ վաղ է, ժամանակը ցույց կտա: Կարծում եմ` կառավարությունը ինքը հաշվարկներ անում է եւ այնպես չէ` որ հենց էնպես վարկեր կամ վարկային երաշխիքներ են տրամադրում: Բայց ժամանակը միակ դատավորը կարող է լինել` ցույց տալու, թե ինչքանով են դրանք արդյունավետ ծախսվում: Որպես ՀՀ քաղաքացի` ես շատ ուզում եմ հուսալ, որ դրանք ճիշտ կօգտագործվեն եւ համապատասխան արդյունք կունենան:
Մովսես Արիստակեսյան. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի տեղակալ, տնտեսագետ.- Եթե այդ օպերատիվ շտաբը իրոք երկրի տնտեսության ոտքի կանգնելու նպատակով ստեղծված կազմակերպություն լիներ, արդարացված կլիներ նրա գոյությունը: Այլ բան է, թե իրականում ինչ սկզբունքներով են գործում: Չկա որեւէ ռազմավարական մտածողություն իրենց քայլերի մեջ, իրավիճակային խնդիրներ են լուծում` միայն հայտնի մարդկանց վարկեր կամ վարկային երաշխիքներ տրամադրելով, որոնց տրված վարկերը, ես հույս չունեմ, որ կվերադարձվեն: Այդ ներդրումները ոչ մի ազդեցություն չունեն տնտեսությունը ոտքի կանգնեցնելու տեսակետից: Թեեւ տեղեկատվական տեխնոլոգիաներն են հայտարարված ստրատեգիական նշանակության ոլորտ, սակայն այդ ներդրումները կատարվում են կասկածելի շինարարական կազմակերպություններում, որի արդյունքը լինում է չիրացվող` ոչ լիկվիդային բնակելի շենքեր` չգիտես ում համար: Այ սրա համար են վարկային երաշխիքներ տալիս, ինչը երկրի համար խնդիր չի լուծում եւ չի կարող լուծել: