Ձմեռը կապանցի թերթավաճառ պարոն Ռոբերտը ստիպված է լինում ավելի երկար սպասել Երեւանից եկող փոստի մեքենային: Հատկապես, երբ ճանապարհները ձյունառատ են ու սառցակալած: Երբեմն մեքենան ուշանում է, ու նա կորցնում է իր հաճախորդներին: Կապանում թերթ կարդացողներին կարող ես անգամ մատների վրա հաշվել: Սովորաբար այստեղ թերթեր գնում են աշխատանքային օրերին: Իսկ թերթերը տեղ հասցնող մեքենան Կապան հասնում է կեսօրից հետո, ձմեռն էլ երբեմն ավելի ուշ, ինչի պատճառով օրվա թերթերը ստիպված վաճառում են հաջորդ օրվա թերթերի փոխարեն, քանի որ չվաճառելու դեպքում, ինչպես թերթավաճառն է ասում, թերթերի վնասն ինքն է փակում: «Թերթերից շատ օրինակներ չեմ վերցնում, որ չմնա ինձ վրա: Թերթ կա, որ մի հատ եմ վերցնում, թերթ կա, որ 5-6 օրինակ եմ վերցնում: Իսկ հաճախ այդքանն էլ չի վաճառվում»,- ասում է պարոն Ռոբերտը: Թերթավաճառը գոհ է հատկապես շաբաթաթերթերի ու մարզական թերթերի վաճառքից: «Կապանում հարուստները թերթ չեն գնում, աղքատներն էլ փող չունեն, որ գնեն,- նկատում է պարոն Ռոբերտն ու ավելացնում,- Ի՞նչ արած մեկ-մեկ էլ պարտքով ենք տալիս»:
Թերթավաճառի համար արդեն անսովոր չէ, երբ շատերը խնդրում են թերթը, այն կարդում, երբեմն էլ ծրագիրը արտագրում: «Կան մարդիկ, ովքեր ամեն առավոտ գալիս են աստղագուշակը կարդում ու գնում աշխատանքի: Էս երիտասարդները չեն սիրում գիրք կարդալ, էլ ուր մնաց՝ թերթ: Մի օր մի ջահել տղա կանգնած նայում է թերթի ցուցափեղկին ու բարձրաձայն կարդում է, հետո միանգամից, իբր առանց վանկարկելու, կարդում է բառը` Վսե զվյոզդը»,- պատմում է թերթավաճառն ու ծիծաղում, որ ռուսերենն էլ է դարձել օտար լեզու, մինչդեռ իրենց ժամանակ մեծ մասը հայերենի պես ռուսերեն գիտեր: Իսկ այսօր նույնիսկ հայերեն չեն կարդում ու ամեն բան նախկինի համեմատ փոխվել է։ «Այսօր շատ թերթեր կան, միայն թե կարդացողներն են քչացել: Նրանք էլ, ովքեր ուզում են կարդալ, փող չունեն,- կրկին նկատում է պարոն Ռոբերտը, հետո հիշում լավ օրերը,- Թերթերի վաճառքի ամենալավ շրջանը ընտրությունների ժամանակաշրջանն է: Պատկերացնում եք, անգամ հերթեր էին լինում,- ժամացույցին նայելով` խոսում է թերթավաճառը,- Էսօր էլ երեւի թերթերն ուշացնեն»,- խոր շունչ քաշելով` ասում է նա: Իսկ հիմա Կապանում ոչ ընտրություն կա, ոչ էլ արտակարգ իրավիճակ, որ մարդիկ հետաքրքրված լինեն թերթերով: Կապանցիներից մեկը մեր հարցին, թե թերթ կարդո՞ւմ են, պատասխանում է. «Ի՞նչ սիրտ ունեմ, որ թերթ կարդամ` ամուսինս անգործ, տղայիս կրճատել են, աղջիկս այդպես էլ աշխատանք չգտավ: Թերթերն ինձ կօգնե՞ն»: Այս վերաբերմունքը պարոն Ռոբերտին չի զարմացնում։ «Կապանում մշակութային կյանքը սառել է, գործարանները փակվել են: Մնում է Խուստուփի հպարտությունը, որտեղից էլ երեւի Կապանը շատ խեղճ տեսք ունի»,- այս ասելուն պես թերթավաճառը հիշում է կոմունիստական կարգերը, երբ ինքը ամսական հիսուն ռուբլու թերթ էր բաժանորդագրում, իսկ այսօր մարդիկ հազիվ հացի համար են գումար գտնում:
Չնայած այս ամենին, պարոն Ռոբերտի լավատեսությունը չի մարել, ինչպես Կապանի մամուլի մյուս կրպակի թերթավաճառ Հերմինեի մոտ, որտեղ, ի տարբերություն նախորդի, թերթերը հասնում են մեկ ժամ առաջ` պատճառը տարբեր ընկերություններին պատկանելն է: Տիկին Հերմինեն արդեն վեց տարի աշխատում է նույն կրպակում։ «Թերթեր ստացել ենք նույն քանակով, ունենք նաեւ բաժանորդներ: Ամեն ինչ նույնն է, ու մի օր հաստատ ամեն բան ավելի լավ կլինի»,- ասում է նա:
Այս հույսով էլ նրանք ամեն առավոտ բացում են կրպակի դռները, ու թերթավաճառի փոքրիկ խցիկից նայում աշխարհին ու մարդկանց, ովքեր ամեն առավոտ նորից կարդում են աստղագուշակն ու շտապում աշխատանքի` այն ակնկալիքով, թե գուցե աստղե՞րն իրենց օգնեն,,,