Զգուշացիր ավտոմեքենայից

21/08/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մեր երկրում երբեք չի ստացվում պետական մակարդակով հոգատարություն դրսեւորել շարքային քաղաքացիների հանդեպ: Եթե պետությունը հանկարծ որոշում է անհանգստանալ իր քաղաքացիների կյանքի, անվտանգության համար, այդ անհանգստությունը բավական ծանր է անդրադառնում մարդկանց վրա. նախ` անմիջականորեն սպառնում է նրանց առողջությանը, երկրորդ` գրպանին: Պետության անհանգստությունը դառնում է լրացուցիչ հոգս շարքային քաղաքացիների համար: Իսկ երկրի ղեկավարները իրենց հոգատարությամբ հաջողացնում են լցնել թե՛ պետական գանձարանը, թե՛ նրանց գրպանները, ովքեր ի պաշտոնե մարդկանց հայտնում են «բարի լուրը»` «Բարեւ ձեզ, դուք տուգանված եք»:

Թե որքան երախտապարտ են ճանապարհային ոստիկանները ՀՀ կառավարությանն ու, մասնավորապես, վարչապետին, դժվար է անգամ պատկերացնել: Ամրագոտին չկապած յուրաքանչյուր վարորդ անմիջապես տուգանվում է` պետությանը մուծելով 5000 դրամ: Ոստիկաններն աշխատում են խիստ ծանրաբեռնված գրաֆիկով: Հասկանալի է, որ մինչ ակտը կազմելը` ճանապարհային ոստիկանը պատիվ է տալիս, ներկայանում, ապա բացատրում տարաբախտ վարորդին, որ ամրագոտին կապելը երկար ու երջանիկ կյանքի երաշխիք է, իսկ առանց ամրագոտի երթեւեկելը նշանակում է՝ վտանգել կյանքը յուրաքանչյուր րոպե: Նման սցենարով սյուժեներ հեռուստաընկերությունները ցուցադրում են իրենց լրատվական ծրագրերով, ամեն օր: Վարորդները տարակուսում են. այդ ինչպե՞ս դեռ երեկ ոստիկանները չէին անհանգստանում, անգամ չէին նկատում, որ ողջ հանրապետության գրեթե բոլոր վարորդները ավտոմեքենան վարում են առանց ամրագոտիների, իսկ այսօր արդեն, պարզվում է, վարորդները խախտել են օրենքը եւ պետք է տուգանվեն: Սա՝ հեռուստատեսությամբ: Իսկ կյանքում ճանապարհային ոստիկանը ամրագոտի չկապած վարորդի կյանքի համար այնքան էլ նախանձախնդիր չէ: Հինգ հազար դրամը պետական գանձարկղ ուղարկելու փոխարեն՝ նախընտրում է սեփական գրպանը դնել երեք հազար դրամ:

Հասկանալի է, որ վարորդների բողոքը, թե քաղաքում 60կմ/ ժամ արագության դեպքում ամրագոտիներն անհրաժեշտ չեն, որ շոգ եղանակին ամրագոտին հաճելի չէ, իսկ ցրտին, տաք բաճկոնի վրայից՝ անհարմար, այնքան էլ գրագետ չէ: Այն, որ ոստիկանները եւս, վարչապետի դիտողությունից հետո, ստիպված են շրջել ամրագոտիները կապած, ավտոտեսուչների համար նույնիսկ անհրաժեշտ միջոցառում է. օրվա ընթացքում նրանց կուտակած գումարն անվտանգ տուն հասցնելու համար անհրաժեշտ է մաքսիմալ կենտրոնացում եւ ամուր կապած ամրագոտի:

Ամրագոտին ինքը քաղաքակիրթ վարքի բաղկացուցիչն է, ապրելու ոճ: Առավոտյան լոգանքը, ուտելիս չչփչփացնելը, կնոջը հողաթափով չհարվածելը, ամրագոտի կապելը եվրոպացիների համար նույն շարքից են: Կյանքի այն ոճը, որը նախընտրում են հայերը, չի ենթադրում ամրագոտի: Նաեւ մյուս կանոնները: Եվ որքան էլ բարձրաստիճան ոստիկանները հրապարակայնորեն զարմանան, թե որքան արագ յուրացրին մեր վարորդները ամրագոտի կապելու սովորությունը, այնքան էլ այդպես չէ: Հայ վարորդների համար տհաճ այդ գործողությունը սովորություն դարձնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Հետեւաբար, վարչապետի հրահանգի հենց հաջորդ օրվանից մեքենա վարել ամրագոտիները կապած, չափազանց խիստ է: Դրա համար պետք էր առնվազն տասն օր ժամանակ տալ մարդկանց` համոզվելու համար, որ իրենց անվտանգ երթեւեկությունը երկրի իշխանությունների համար կարեւոր է նույնքան, որքան լոպազության համար վճարած 5000 դրամ տուգանքը:

Պաշտոնական վիճակագրությունն այսպիսին է. նախորդ տարի 2202 ճանապարհային պատահարին զոհ է դարձել 407 քաղաքացի, 3000-ից ավելին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Սա կառավարությանը հիմք է տվել մշակել Հայաստանի եւ Երեւանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարություն: Սակայն ամրագոտիները պարտադիր կապելը այդ ռազմավարության վերջին տողը պետք է լիներ: Վթարների պատճառն ամենեւին էլ ամրագոտիներ չկապելու սովորությունը չէ:

Թե՛ կառավարության անդամները, թե՛ շարքային վարորդները դժվար թե մոռացած լինեն` ինչպես են ստացել իրենց վարորդական իրավունքները: Արդյո՞ք նրանք ավտոդպրոցում հանձնել են համապատասխան քննությունը, թե՞ վարորդական իրավունքը ձեռք են բերել կաշառքով: Մի ժամանակ` 100 դոլարով, այժմ` երկու կամ երեք հարյուրով: Ի դեպ, վարորդական իրավունքը կաշառքով ստանալու ավանդույթը հրաշալի գործում է նաեւ մեր օրերում: Հետաքրքիր է, դրա դեմ պայքարն ամրագրվա՞ծ է կառավարության որդեգրած ռազմավարությունում, թե՞ պարզապես նշված է. «Տե՛ս կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը»: Նույնը` նաեւ հոգեկան առողջության մասին վկայող բժշկական եզրակացությունը: Այն եւս կարելի է ստանալ` առանց բուժհաստատություն այցելելու: Այսինքն` հոգեկան առողջության խանգարումներ ունեցող մարդկանց համար որեւէ բարդություն չի ներկայացնում քաջ առողջության մասին բժշկական եզրակացություն ձեռք բերելը: Կաշառքով գնելով մեքենա վարելու իրավունքը` վարորդներն իրենց ազատ են զգում` չհարգել նաեւ երթեւեկության կանոնները:

Հետեւաբար, վարչապետի կարգադրությունը` կապել ամրագոտիները, ավելի արդյունավետ կլիներ, եթե հաջորդեր կաշառքով վարորդական իրավունք եւ բժշկական փաստաթուղթ տվող գերատեսչություններին` այսուհետ կաշառք չվերցնելու հրահանգին: Թեեւ կաշառքից ո՛չ ոստիկանության, ո՛չ պատկան մյուս գերատեսչությունների աշխատակիցները ոչ թե տուգանվելու վախից, այլ անգամ մահվան սպառնալիքով չեն հրաժարվի: