«Հատուկ գնդի» վետերանների հասարակական կազմակերպության Մաշտոցի բաժանմունքի նախագահ Գեղամ Հակոբյանի ասելով` Հայաստանում Ղարաբաղյան պատերազմի մասնակցի վկայականը ներկայումս դարձել է կեղծ փաստաթուղթ: Ըստ նրա` այսօր պատերազմի մասնակցի վկայական ստանում են այնպիսի մարդիկ, ովքեր առնչություն չեն ունեցել Ղարաբաղյան պատերազմի հետ: «Շատերն այսօր պատերազմի մասնակցի, հաշմանդամի վկայական ունեն, բայց փաստացի պատերազմին չեն մասնակցել: Ես չգիտեմ, էդ հանձնաժողովն ի՞նչ սկզբունքներով է մարդկանց վկայական տալիս, բայց փաստ է, որ էդ վկայականները բաժանում են մարդկանց, որոնք մարտական ուղի չունեն»,- ասում է նա` վստահեցնելով, որ ներկայումս արհեստականորեն ուռճացվել է պատերազմի մասնակիցների թիվը: «Թող նորից հետազոտություն անեն, թող հանձնաժողովն արխիվային նյութերն ուսումնասիրի եւ շատ բան կպարզի: Էսօր պետության համար ազատամարտիկի կարգավիճակով շատ մարդիկ դժվարություն են ստեղծում, իսկ վկայականների տերերի անձնական գործերը վերանայելու պարագայում պետության ծախսերն էականորեն կկրճատվեն: Ազատամարտիկի վկայականներով էսօր շատ մարդիկ են բյուջեն անիմաստ մսխում»,- վստահեցնում է Գ. Հակոբյանը: Ղարաբաղյան պատերազմում, ըստ Գ. Հակոբյանի` տարածքներն ազատագրել են մոտ 5200 ազատամարտիկներ, մինչդեռ Պաշտպանության նախարարության Սոցվարչությունում ներկայումս 10.000-ից ավելի ազատամարտիկի անուն է արձանագրված: «Օրինակ` Շուշիի ազատագրմանը մասնակցել են փաստացի 2820 հոգի, բայց Շուշիի ազատագրման համար մեդալ են ստանում այդ թիվը գերազանցող, կապ չունեցող մարդիկ: Պատմությունը խեղաթյուրում, կեղծում են: Մի խոսքով` ազատամարտիկի վկայականը դարձել է մոդայիկ, կեղծ փաստաթուղթ»: