Շոու-բիզնեսի գանձերն ու գանձապահները

21/08/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Վաղուց արդեն սովորություն է դարձել այն, որ Հայաստանում բոլորը դժգոհում ու փնովում են շոու-բիզնեսը, միանման, թույլ երգիչ-երգչուհիների, նաեւ հաղորդավար-հաղորդավարուհիների սահմանափակ անձերը, երգերը, խոսելաոճը:

Իհարկե, «աստղային գործարանային» բանաձեւից դժգոհ են շատ պետություններ, սակայն Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Կարելի է ասել, որ Հայաստանում ոչ ոք չի էլ ցանկանում կատարված ու, հաստատ, ապագայում բազմիցս կատարվելիք տապալումներից ու սխալներից որեւէ հետեւություն անել: Ե՛վ շոուն, եւ՛ բիզնեսը պետք է դեպի նոր ու ավելի խոշոր լսարան ու դաշտեր նվաճելուն ձգտեն, այլապես նրա գոյությունն անիմաստ է դառնում:

Քանի դեռ Հայաստանում հարուստ ու աշխարհին ճանաչելի փոփ-անձեր կամ էլ փոփ-նախագծեր չկան, մենք ենթագիտակցաբար մեր ուշադրությունը սեւեռելու ենք աշխարհին ներկայանալ փորձող այն երգիչներին, որոնք տարբեր մրցույթներում ներկայացնում են Հայաստանը: Նույնիսկ, եթե տարբեր երգի մրցույթներում հայերը չեն շահում գլխավոր մրցանակներ, նրանք գոնե որոշակի բարոյական հաղթանակ կամ հաջող իմիջ ստեղծելու (հետագայում այն շահարկելով` գումար վաստակելու ակնկալիքով) շանս են ստանում:

Եկեք տեսնենք, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում մեր հանրապետությունը միջազգային շոու-մրցույթներին: Այսինքն` ինչպե՞ս է իր իմիջը պոպուլյարիզացնում` փոփ-կուլտուրայի հավաքատեղիներում:

Այս տարվա ամռանը տեղի ունեցան 2 երգի մրցույթներ, որոնց Հայաստանը ավանդաբար մասնակցել է, եւ որոնք լավ տրամպլին են շնորհալի երգիչների համար: Յուրմալայի «Նոր ալիքը» անցավ առանց հայ երգչի, իսկ Վիտեբսկի «Սլավյանսկի բազարում» մասնակցած հայուհին վատթարագույն արդյունքը ցույց տվեց` զբաղեցնելով վերջին տեղը: Որքան էլ փորձենք փոփ-կուլտուրական այդ իրադարձություններին քմծիծաղով վերաբերվել, միեւնույն է, փաստը մնում է փաստ. փոփ-երգիչների անհաջողությունն օրինաչափ է: Խոշոր մրցույթների մասնակիցը դառնալու համար հրավիրող կողմը հրավեր է ուղարկում տվյալ երկրի Մշակույթի նախարարությանը, որն էլ, իր հերթին, գտնում է այն պատշաճ կերպով ընդունել կարողացող պրոդյուսերին ու ասում` դե, ի գործ: Չգիտես` ինչո՞ւ, ստացվել է այնպես, որ Յուրմալայի մրցույթը «սեփականաշնորհել» է երգչուհի Նադեժդա Սարգսյանը, որն ամեն տարի ավելի ու ավելի վատ արդյունքների է հասնում, սակայն անհասկանալի համառությամբ շարունակում է իր ձեռքը պահել «Նոր ալիքի» զարկերակի վրա: Հերիք է հիշատակել այն անհաջող կերպարանափոխումը, որը պրոդյուսեր-երգչուհին կատարեց հիանալի ձայն ու բեմական հմայք ունեցող երգիչ Ռազմիկ Ամյանի հետ` ստիպելով նրան զզվելի իմիջով եւ սխալ երգերով հանդես գալ: Իսկ այս տարի Ն. Սարգսյանն ասել է, որ մրցույթին հայ երգիչ ուղարկելը աննպատակահարմար է գտնում: Պատճառը ոչ թե վեհ նպատակներն են, այլ այն դրամական պարտքերը, որոնք գոյացել են դեռ անցյալ տարվանից: Յուրմալայում մասնակցելու համար 100 հազար դոլար է հարկավոր (մի կեսը՝ մասնակցության, իսկ մյուս կեսը` հեռարձակման վճար է, որից խուսափելն անհնար է), իսկ անցյալ տարվա մեր մասնակիցը՝ ոմն Մհեր, չի կարողացել մրցույթի պահանջված գումարի կեսը վճարել: Նադեժդա Սարգսյանը, ով անկասկած գիտեր գումարի չափերի մասին եւ պրոդյուսեր հանդիսանալով` պետք է հոգար բոլոր ծախսերը, գերադասել է պարտք մնալ, բայց Մհերին Լատվիա տանել-բերել` փակելով այլ հայ մասնակիցների ճանապարհը դեպի այդ մրցույթը: Ինչպես ասում են` առավոտյան՝ գումարը, երեկոյան` երգիչները, եւ ոչ մի դեպքում՝ հակառակը: Հիմա Յուրմալա մեկնել ցանկացող երգիչը ստիպված է լինելու գումարային ծանր խոսակցություն վարել Ն. Սարգսյան-Մհեր տանդեմի հետ, որից հետո միայնգ կրկին դիմել Ն. Սարգսյանին` իրեն «Նոր ալիք» ուղեկցելու համար: Զավեշտալի է, իհարկե, բայց ի՞նչ արած, ՀՀ Մշակույթի նախարարությունը վստահում է այդ մրցույթը միայն եւ միայն Ն.Սարգսյանին: Ո՞ր արժանիքների համար, պարզ չէ:

Պետք է նշել, որ տվյալ գերատեսչությունը պարտադիր պետք է իր համաձայնությունը տար «Նոր ալիքին» մարդ ուղարկելու համար: Նույնն էլ «Սլավյանսկի բազարի» դեպքում է: Այդ կառույցը չի կարող զերծ մնալ զանգվածային մշակութային իրադարձություններից, մանավանդ, որ փորձում է բարեփոխումներ իրականացնել փոփ-կուլտուրայում (արգելում է ֆոնոգրաման` ցանկանալով անտաղանդներին դուրս մղել էստրադայից, իր մասնակցությունն է պարտադրում Երաժշտական մրցանակաբաշխությանը, որի ժամանակ նախարարության աշխատակիցները «գլամուրային» միջավայրում մրցանակներ են հանձնում):

Այդ կոնտեքստում խորհրդանշական է հենց «Սլավյանսկի բազարը», քանի որ այդ մրցույթը միանձնյա «տեր» չունի, եւ հնարավոր են տարբերակումները: Այսինքն` կարելի է մտածել նաեւ Հայաստանի իմիջի մասին: Այս տարի 2 տարբերակ կար, որոնցից ընտրվեց ամենավատը: Ինչո՞ւ: Պատճառը կրկին փողն էր: Վիտեբսկ մեկնեց Լիլու անունով բարետես աղջիկը (նրան երգչուհի անվանելը բարդ է), որը հովանավոր ուներ: Կարող էր գնալ ավելի տաղանդավորը, որին պատրաստ էին խորհուրդներով օգնել տարբեր մասնագետներ, սակայն նրա հովանավորումը բարդությունների հետ էր կապված, եւ մրցակցությունը կշեռքը մի պահ դողալով` մատնանշեց փող ունեցողին: Մշակույթի նախարարությունը որոշեց ուղարկել այն երգչուհուն, որին պատրաստ էր հովանավորել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, թեեւ, իհարկե, կարող էր նաեւ լավ երգչուհի ընտրել, հետո միայն գտնել անհրաժեշտ գումարը: Լիլուն գնաց, վերջին տեղը զբաղեցրեց, եկավ ու սկսեց նեղսրտել` ուշագրավ դիտարկումներ անելով ու վստահեցնելով հայաստանցիներին, որ Ռուսաստանում շատ լավ է երգել, բայց իրեն միտումնավոր են ցածր միավորներ նշանակել, քանի որ այդ մրցույթը քաղաքականացված է: Նա դժգոհել է նաեւ Մշակույթի նախարարությունից, որն իրեն ո՛չ բարոյական, ո՛չ էլ նյութական աջակցություն չի ցուցաբերել (ընդամենը ստորագրել է իր մասնակցության փաստաթուղթը), մինչդեռ նա ոչ թե ինքն իրեն, այլ` երկիր է ներկայացրել: Շատ ափսոս, որ Մշակույթի նախարարությունը նրա «PR»-ը չի իրականացրել, հետաքրքիր կլիներ հետեւել այդ ընթացքին: Հիմա երկիր ներկայացնողներն այնքան են շատացել ու մանրացել, որ արդեն կորցրել են հիշվելու հույսը:

Եկեք չմոռանանք, որ եթե նույնիսկ փոփ-կուլտուրան գործում է տրաֆարետի սկզբունքով, այսինքն` կրկնօրինակում է «էտալոնային» փոփ-անձեր դարձած մարդկանց, ուրեմն կարելի է նախ հասկանալ այդ տրաֆարետի ուրվագծերը եւ հետո էլ ժամանակ տրամադրել` հում, բայց երգելու ունակ երիտասարդին աստղի կերպարին համապատասխանեցնելու համար: Մենք անում ենք ճիշտ հակառակը. ասում ենք, որ մարդ ենք ուղարկում այս կամ այն մրցույթին, հետո, երբ այդ մարդը մրցույթում վերջին տեղն է զբաղեցնում, արդարանում ենք` դե գիտեք, հիմա աշխարհը շատ է քաղաքականացված, եւ մեզ բանի տեղ չդրեցինգ Հայի բախտ ունենքգ Իսկ ե՞րբ է փորձ արվել տաղանդը խելքին միացնել ու ընտրացանցերը ավելի նոսր դարձնելով` լավագույններին ուղարկել մրցույթներին: Շոու-բիզնեսը, ինչպեսեւ ցանկացած բիզնես իր կանոններն ունի. վաճառվում է այն ապրանքը, որը որակ ունի: Իսկ մեզ ասում են՝ այս կոշիկը վատն էր, որովհետեւ կարողը բախտ չուներ: Գնորդին դա բնավ էլ չի հետաքրքրում, կարեւորը կաշվի որակն ու հարմարավետությունն է:

Հ.Գ. Մոռացանք հիշատակել հայերի բախտի համար կարեւոր «Եվրատեսիլը», թեեւ արդեն իսկ վստահությամբ կարելի է ասել, որ հաջորդ տարվա մեր մասնակիցը հայտնի է: Փորձիր բախտդ, Ռազմիկ Ամյան: Միայն թե «PR»-ի ու այլ անհրաժեշտ ատրիբուտների մասին չմոռանաս: