Յուրաքանչյուրը` իր պլատֆորմով

20/08/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

2009թ. հունիսի 12-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր ուժերին առաջարկել էր միավորվել 12 կետից բաղկացած պլատֆորմի շուրջ:

Դրանից հետո «Ժառանգություն» կուսակցությունն էլ համագործակցության 5 կետից բաղկացած իր պլատֆորմն էր առաջարկել` ուղղված ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն էլ խոստացել էր հանդես գալ համագործակցության սեփական պլատֆորմի առաջարկով: Եվ քանի որ ամառն արդեն վերջանում է, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե «ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար», փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք քննարկումներ եղել են, եւ եթե ոչ, ապա առաջիկայում հնարավո՞ր են: Պարզվում է` մինչեւ այժմ որեւէ ձեւաչափով քննարկում համագործակցության վերաբերյալ չի եղել: Ավելի ուշ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել էր, թե «Ժառանգություն» կուսակցությունը այսուհետ հանդես է գալու «ավելի ինքնուրույն»: «Այժմ մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ պետք է ինքնուրույն որոշի իր մարտավարությունը եւ կայացնի իր քայլերը»,- նշել էր նա: Խուրշուդյանի այս հայտարարության կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Այդ առումով հասարակությանը որեւէ բան զեկուցելու չունենք»:

Արդյո՞ք Խուրշուդյանի հայտարարությունը նշանակում է, որ «Ժառանգությունը» մերժված է համարում համագործակցության պլատֆորմի իր առաջարկը ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից: «Քանի դեռ պաշտոնական մերժում չի եղել, մենք չենք կարող վերջնականապես մերժված համարել, բայց որեւէ հաստատում եւս չի եղել` ընդհուպ ներկայացուցիչներ գործուղելն ու ընդհանուր խնդիրները կլոր սեղանի շուրջ նստել քննարկելը: Այնպես որ, առայժմ որեւէ նորություն չկա այդ առումով»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Խուրշուդյանը: Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում տեղի ունենան համագործակցության վերաբերյալ քննարկումներ, նա պատասխանեց, թե չի բացառում նման հնարավորությունը: Իսկ «Ժառանգությունը» ավելի հավանական է համարում ՀԱԿ-ի՞, թե՞ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը: «Առայժմ, կարծում եմ, հավասարազոր հեռավորության վրա են գտնվում հնարավորությունները: Քանի դեռ ո՛չ ՀԱԿ-ից, ո՛չ ՀՅԴ-ից պաշտոնական պատասխան չկա, համեմատություն անելն ու հնարավորությունները գնահատելը վաղաժամ է»,- նշեց «Ժառանգության» մամլո խոսնակը: Նրա ասելով` երբ որ լինի ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի «պատրաստակամությունը, այդ հանդիպումը եւ քննարկումը կկայանա»: «Խնդիրը ոչ թե փոխադարձ պլատֆորմներին արձագանքելն է, այլ այդ պլատֆորմներում նշված եւ շատ այլ խնդիրներ համատեղ քննարկելն է: Մեր առաջարկի վերջին հատվածը վերաբերում է հենց այդ համատեղ քննարկմանը` կլոր սեղանի շուրջ, փակ դռների հետեւում, իսկ եթե անհրաժեշտ լինի` նաեւ բաց դռներով` նայած պայմանավորվածության»,- ավելացրեց Հ. Խուրշուդյանը: Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունը հանդես է գալու սեփական պլատֆորմով, եւ որ այդ պլատֆորմի վրա աշխատանքները դեռ շարունակվում են: Այն հարցին, թե երբ պատրաստ կլինի այդ պլատֆորմը, Ա. Շահբազյանը պատասխանեց, որ նախատեսում են մինչեւ աշնան վերջ ներկայացնել իրենց պլատֆորմը: Իսկ այն հարցին, թե ավելի հավանական են համարում համագործակցությունը «Ժառանգությա՞ն», թե՞ ՀԱԿ-ի հետ, Ա. Շահբազյանը հստակ պատասխան այդպես էլ չտվեց: «Գիտեք ինչ, մեր պլատֆորմը ինքնանպատակ չէ, մենք այն կներկայացնենք, կներկայացնենք մեր մոտեցումները, որից հետո կերեւա, թե ինչ համընկնումներ կլինեն»,- պատասխանեց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղարը: