Կարծես թե արտառոց ոչինչ չկա, բոլորն էլ ունեն որոշակի սեփականության
իրավունք: Բայց հողակտորի ձեռքբերման պատմությունը բավական արտառոց է:
Ուրեմն, ասում են, պատմությունն այսպես է եղել: «Կասկադի ձախակողմյան
հատված» կոչվող թաղամասի համար վերջին տարիներին քաղաքաշինական նախագիծ է
արվել, մեր տեղեկություններով՝ «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից:
Նախկինում այդ հատվածը եղել է ծառապատ անտառակ, բայց հայտնի անլույս եւ
ցուրտ տարիներին ծառերը հատվել են, իսկ տարածքն էլ օգտագործվել է տարբեր
նպատակներով, կառուցվել են նաեւ շինություններ: Նախագծի համաձայն՝ այդ
մասում բնականաբար ճանապարհներ էլ պետք է կառուցվեն: Ու քանի որ
կառուցապատումներ արդեն իրականացվել էին, նախագիծը պետք է որոշ դեպքերում
հարմարվեր ստեղծված իրավիճակին, որոշ դեպքերում էլ՝ լիներ թելադրող:
Նախագծի համաձայն, նախատեսված ճանապարհներից մեկը պիտի անցներ մի մեծ
հողակտորի ուղիղ կենտրոնով: Հողակտորը զբաղեցնողը, որը երկար տարիներ
մշակել է հողը, որոշել է այն սեփականացնել: Դիմել է համապատասխան
մարմիններին, նաեւ՝ դատարան: Դատարանն էլ իր հերթին հարցում է արել
քաղաքապետարանին եւ պարզել, որ դա հնարավոր չէ, քանի որ մեջտեղով ճանապարհ
է անցնում: Ի վերջո, սակայն, հաջողվել է սեփականացնել ճանապարհի մի կողմի
հատվածը: Ճանապարհից մյուս կողմ ընկած հողակտորը մնում է օդից կախված
այնքան ժամանակ, մինչեւ որ Գուրգեն Մուշեղյանը նկատում է եւ իբր թե
աճուրդով ու լրիվ օրինական ճանապարհով գնում է այն: Նախօրոք պարոն
Մուշեղյանը նախագծում փոփոխություններ է կատարում եւ հանում է արդեն իրեն
խանգարող ճանապարհը: Մեր տեղեկություններով՝ նա այդ հողակտորը գնել է
ծիծաղելի ցածր գնով: Դրա համար նախօրոք մամուլում հայտարարություն է եղել,
որը շատ պատահաբար կարդացել է միայն պարոն Մուշեղյանը: Հետո կազմակերպվել
է այնպիսի աճուրդ, որը չի կայացել: Բոլորին հայտնի է, որ եթե առաջին
աճուրդով որեւէ հողակտոր կամ շինություն չի վաճառվում, երկրորդ աճուրդի
ժամանակ մեկնարկային գինն իջեցնում են: Իսկ եթե աճուրդին հայտ է
ներկայացնում մեկ գնորդ, ապա վաճառվող ապրանքը ձեռք է բերում մեկնարկային
գնով, որոշ դեպքերում նաեւ՝ ավելի ցածր: «Դասավորելու» վրա է: Ու այդպես
Գուրգեն Մուշեղյանը սիմվոլիկ գնով քաղաքի կենտրոնում ձեռք է բերում մոտ
1000 մետր հողակտոր: Այդ մասում հողի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար
60.000 դրամ է, իսկ շուկայական միջին արժեքը տատանվում է 300-700 դոլարի
սահմաններում, կախված նրանից՝ Մասիս սա՞րն է տեսանելի, Օպերայի շե՞նքը,
թե՞ տեսադաշտ չկա:
Պարոն Մուշեղյանից փորձեցինք ճշտել այս պատմության մանրամասները, թե ե՞րբ,
ինչպե՞ս եւ ի՞նչ գնով է ձեռք բերել այդ հողակտորը: Սակայն նա սաստիկ
բարկացավ. «Դա իմ անձնական գործն է, դա մամուլի թեմա չէ,- պատասխանեց նա:
-Այո գնել եմ: Հայտարարություն է եղել, կարդացել եմ ու գնել եմ: Ի՞նչ է,
իրավունք չունե՞մ: Ինչո՞ւ եք ուզում ամեն ինչ դարձնել մամուլի քննարկման
առարկա»:
Իհարկե, պարոն Մուշեղյանն իրավունքներ ունի: Բայց եթե նա հողը ձեռք է
բերել շուկայական նորմալ մեխանիզմներով, այլ ոչ թե օգտագործել է իր
պաշտոնական դիրքը եւ զանազան մեքենայությունների արդյունքում շատ չնչին
գնով ուղղակի վերցրել է, ապա ինչո՞ւ է թաքցնում գործարքի մանրամասները:
Ասում են, նա այդ հողը ձեռք է բերել 1 քմ-ն 30 դոլարով: Ի դեպ,
քաղաքապետարանն այդ տարածքի հողակտորները վաճառել է եւ հասույթը նախատեսել
է օգտագործել Հյուսիսային պողոտայի կառուցապատման հետ կապված որոշ ծախսերի
համար: Սակայն Գուրգեն Մուշեղյանին, հնարավոր է` նաեւ այլ արտոնյալ
գնորդների, վաճառվել է շուկայական արժեքից 15-20 անգամ ցածր գնով: Բացի
այդ, պարոն Մուշեղյանը պետական ծառայող է, եւ հասարակությունն իր
գործունեությանը պետք է տեղյակ լինի: Գ. Մուշեղյանը վարձատրվում է
բյուջեից, այսինքն՝ հարկատուների գրպանից։ Մինչդեռ Հյուսիսային պողոտայի
բնակիչներից շատերն այսօր անտուն են դարձել նաեւ Գ. Մուշեղյանի պես
«արտոնյալ գնորդների» պատճառով: