Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 325 ամենախոշոր հարկատուների կողմից բյուջե վճարված հարկերին: Թեեւ այդ հարկատուների շրջանառությունը (վաճառված արտադրանքի քանակի ու գնի արտադրյալը) նվազել էր ընդամենը 1%-ով, սակայն նրանք նվազեցրել էին բյուջե վճարած հարկերի ու այլ պարտադիր վճարների (սոցիալական ապահովության վճար, հարկային մարմնի ստուգումներից առաջադրված գումարներ եւ այլն) ծավալը ավելի քան 24%-ով: Սա այն դեպքում, երբ մյուս հարկատուները, ունենալով վաճառքի զգալի անկում (քանի որ ՀՆԱ-ն հունվար-ապրիլ ամիսներին նվազել էր 9.7%-ով), ընդամենը 11%-ով էին նվազեցրել վճարած հարկերի ծավալը: Այժմ արդեն հայտնի են այս տարվա առաջին կիսամյակի (հունվար-հունիս ամիսների) տվյալները բյուջեի հարկային եկամուտների եւ 325 խոշոր հարկատուների վճարած հարկերի ու այլ պարտադիր վճարների վերաբերյալ: Ինչպես երեւում է վերջերս Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակած Հայաստանի 325 խոշոր հարկատուների մոնիտորինգի 2009թ. հունիս ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծությունից` ցավոք, պատկերը գրեթե չի փոխվել: Եթե տարվա առաջին չորս ամիսներին 325 խոշոր հարկատուները հաջողացրել էին 9.7% տնտեսական անկման պարագայում գրեթե չնվազեցնել (կամ աննշան չափով նվազեցնել) իրենց շրջանառությունը, ապա տարվա առաջին վեց ամիսների կտրվածքով ՀՆԱ արդեն 16.3% անկման պայմաններում նրանց շրջանառությունը նվազել է մոտ 6%-ով: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ եթե ամբողջ աշխարհում ճգնաժամի բացասական հետեւանքները կրում են ոչ միայն մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, այլ նաեւ (եւ ավելի շատ)` խոշոր բիզնեսը, ապա մեր օլիգարխներին դա չի վերաբերում: Նրանց բիզնեսը բարձր տնտեսական անկման ֆոնին գրեթե ոչ մի լուրջ վնաս չի կրում, նրանց եկամուտները աննշան չափով են նվազում: Այդուհանդերձ` մեր խոշոր հարկատուները, չգիտես ինչու (իրականում բոլորին հայտնի պատճառներով), զգալիորեն նվազեցնում են իրենց վճարած հարկերը ու այլ պարտադիր վճարները: Այսպես, 325 խոշոր հարկատուները 2009-ի հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել մոտ 81 մլրդ դրամ հարկեր ու այլ պարտադիր վճարներ: Այս թիվը համեմատելով 2008թ. հունվար-հունիս ամիսներին 325 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր հարկերի հետ (մոտ 106 մլրդ դրամ), ստացվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում նրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազեցրել են բյուջե վճարած գումարները դարձյալ մոտ 24%-ով: Եվ այս թիվն ավելի մեծ է, քան բյուջեի հարկային եկամուտների նվազման այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը (18.2%): Այսինքն` ստացվում է, որ մյուս հարկատուները 18.2%-ից ավելի քիչ չափով են նվազեցրել բյուջե վճարվող հարկերի ծավալը, որի արդյունքում էլ բյուջեի հարկային եկամուտների նվազման միջին թիվը եկել-կազմել է 18.2%: Իսկ մյուս` ոչ խոշոր հարկատուները կոնկրետ քանի՞ տոկոսով են նվազեցրել հարկերը: 2008-ի հունվար-հունիսին բյուջե վճարվել է մոտ 285 մլրդ դրամի հարկ, իսկ 2009թ. հունվար-հունիսին` մոտ 233 մլրդ դրամի հարկ: Հանելով այդ գումարներից 325 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը` ստանում ենք 2008 եւ 2009թթ. հունվար-հունիս ամիսներին մյուս հարկատուների` համեմատաբար մանր բիզնեսի ներկայացուցիչների կողմից վճարված հարկերը` համապատասխանաբար` 179 եւ 152 մլրդ դրամ: Այստեղից էլ երեւում է, որ մյուս հարկատուները նվազեցրել են իրենց հարկային վճարումները 15%-ով: Սա հաստատում է այն կարծիքը, որ գնալով «բյուջեն լցնելու» գործը ավելի ու ավելի մեծ չափով է դրվում համեմատաբար միջին, ինչպես նաեւ` փոքր բիզնեսի ներկայացուցիչների վրա: Շեշտենք` համեմատաբար միջինների ու փոքրերի, որովհետեւ դրանց մեջ մտնում են նաեւ 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում 326-1000 համարները զբաղեցրած ընկերությունները, որոնցից շատերը պատկանում են այն նույն մարդկանց, որոնց պատկանում են նաեւ Հայաստանի 325 ամենախոշոր ընկերությունները: Այնպես որ, զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ այդ 1000 խոշոր հարկատուներից հետո եկողները իրականում մի քանի տոկոսով նվազեցրած լինեն իրենց հարկային վճարումները, կամ նույնիսկ ավելացրած լինեն դրանք, այն պարագայում, երբ մեր օլիգարխներն ու խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչները գնալով նվազեցնում են բյուջե վճարվող հարկերը: Եվ այս ամենի ֆոնին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկ ամիս առաջ արած այն հայտարարությունը, թե այս տարվա առաջին կիսամյակում «Հայաստանում ներքին ապրանքաշրջանառության ոլորտում ստվերը կրճատվել է 16%-ով», առնվազն տարօրինակ է թվում: Մանր ու միջին բիզնեսը քամելը նա երեւի ստվերի դեմ լուրջ պայքար է համարում: