Ճգնաժամ

20/08/2009

Համաշխարհային տնտեսությունն առողջանում է

Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը համոզված է, որ համաշխարհային տնտեսությունը սկսել է դուրս գալ ճգնաժամից։ Այդուհանդերձ, տնտեսագետը նշել է, որ տնտեսության ամբողջական առողջացումը դյուրին խնդիր չէ եւ ժամանակ կպահանջի, իսկ ճգնաժամի հետեւանքներն իրենց զգացնել կտան դեռ երկար տարիներ։ Նշենք, որ օգոստոսի սկզբին տնտեսական ռեցեսիայի փուլից դուրս գալու մասին արդեն հայտարարել են Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Հոնկոնգը։ Բոլոր այս երկրներում համախառն ներքին արդյունքը երկրորդ եռամսյակում աճ է արձանագրել, ինչը տնտեսագետներին թույլ է տալիս խոսել տնտեսական անկման ավարտվելու մասին։ Նախկինում ԱՄՀ-ն կանխատեսում էր, որ գլոբալ տնտեսությունը կվերականգնվի 2010թ. ոչ շուտ։ Իսկ այս տարվա հունիսին ճգնաժամի մասին կանխատեսումներ էր արել Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետ Փոլ Քրուգմանը։ Նա հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսության արագ վերականգնումը քիչ հավանական է, նշելով սակայն, որ ճգնաժամի հատակն արդեն հավանաբար անցել է։

Ճգնաժամը հարստացրել է Ժիրինովսկուն

Մոսկվայի Քաղաքային դումայի ընտրություններից առաջ իրենց եկամուտների մասին ամենից շուտ հաշվետվություն են ներկայացրել Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության անդամները (խԺկՀ)։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրված տեղեկությունների համաձայն, այդ կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին նախորդ տարվա համեմատ հարստացել է ավելի քան 10 անգամ։ Այսպես, եթե 2007թ. Ժիրինովսկու տարեկան եկամուտները կազմել էին 1.3 միլիոն ռուբլի, ապա 2008թ. ընթացքում դրանք գերազանցել են 15 միլիոնը։ Հետաքրքիրն այն է, որ ըստ պաշտոնական հայտարարագրի, Ժիրինովսկին չունի սեփական բնակարան, տուն, հողատարածք եւ անգամ ավտոմեքենա։

Իսլանդացիները փախչում են իրենց երկրից

Իսլանդիան ճգնաժամից ամենից շատ տուժած եվրոպական երկրների շարքում է հայտնվել։ Աշխատանք գտնելու հեռանկարի բացակայությունը շատերին ստիպում է թողնել երկիրը եւ աշխատանք գտնել արտասահմանում։ Մինչդեռ ընդամենը 1 տարի առաջ հակառակ պատկերն էր. Իսլանդիան «հնարավորությունների երկիր» էր՝ հատկապես Արեւելյան Եվրոպայի երկրների բնակիչների համար, որոնք զանգվածաբար գալիս էին Իսլանդիա։ Ճգնաժամի ի հայտ գալուց հետո մարդկանց հոսքը դադարեց, եկածները նորից հետ գնացին։ Անգամ իրենք՝ իսլանդացիները, սկսեցին մտածել դրսում աշխատանք գտնելու մասին։ Ինչ-որ մեկն արդեն տեղափոխվել է Նորվեգիա՝ տեղի ձկնաբուծական գործարանում աշխատելու համար, մյուսի փեսան է մեկնել Անգլիա, եւ այսպես՝ գրեթե բոլորի մոտ։ «Մեր աշխատակիցներից մեկը գնացել է Յամայկա, մյուսը՝ տեղափոխվել է գյուղ եւ օգնում է ծնողներին ֆերմայի գործերով։ Եթե մենք այս մարդկանց չվերադարձնենք, ընկերությունը կարող է լուծարվել»,- «Deutsche Welle»-ի թղթակցին իր մտահոգություններն է հայտնել Ռեյկյավիկում գտնվող ճարտարապետական բյուրոներից մեկի տերը։ Իսկ ուսուցչուհի Գուդնի Իսլեյֆսդոտտիրը պատմել է, որ ինտերնետով աշխատանք է փնտրում արտասահմանում՝ որեւէ խանութում կամ հյուրանոցում, եւ գտնելու դեպքում առանց մի րոպե հապաղելու կմեկնի։

Իսլանդիայից մեկնում են հիմնականում միջին օղակի տեխնիկական աշխատողները։ Երկրից մեկնողների թիվը տարվա ընթացքում աճել է 20%-ով, իսկ վերադարձողների թիվը նվազել է 30%-ով։ Այս միտումը անհանգստացնում է Իսլանդիայի Էկոնոմիկայի նախարար Գյուլֆ Մագնյուսսոնին, քանի որ շատ երիտասարդներ նախընտրում են բարձրագույն կրթություն ստանալ արտերկրում եւ դժվար թե վերադառնան հայրենիք։ Որոշ հաշվարկների համաձայն, մինչեւ այս տարվա վերջ Իսլանդիան կլքեն ավելի քան 1000 հոգի։ Իսկ դա բավականին մեծ թիվ է 320 հազար բնակչություն ունեցող երկրի համար։

Ո՞վ է գնելու Escada-ն

Մյունհենցի փաստաբան Նիկոլաուս Բեկկերը՝ անհայտ մնալ ցանկացող մի քանի ներդրողների հետ միասին, ցանկանում է գնել գերմանական Escada կանացի մոդայի տունը, որը վերջերս է սնանկացել։ Այս մասին հաղորդում է «Focus Money» ամսագիրը։ Բեկկերն ասել է, որ ինքը մտադիր է գնել Escada-ն ոչ թե որպես ընկերություն, այլ իր համար կարեւոր է ապրանքային նշանը, լիցենզիաները, պահեստների եւ խանութների ցանցը։ Կոնսորցիումը, որը ներկայացնում է Բեկկերը, արդեն հայտարարել է, որ գործարքի կայացման դեպքում իրենք կպահպանեն աշխատատեղերի մեծ մասը։ Նշենք, որ Escada-ն ունի շուրջ 2300 հաստիքային աշխատող։ Մոտ ապագայում Բեկկերը մտադիր է բանակցություններ սկսել մոդայի տան ժամանակավոր կառավարչության եւ լիկվիդատորների հետ։ Escada-ի սնանկության մասին հայտնի դարձավ օգոստոսի 11-ին, երբ ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ բիզնեսը փրկելու իրենց ծրագիրը ձախողվել է։ Այդ հայտարարությունից երկու օր անց՝ օգոստոսի 13-ին, Մյունհենի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել Escada-ում ժամանակավոր կառավարչություն մտցնելու մասին։ Նշենք, որ Escada-ի ավելի քան 200 միլիոն եվրո ներդրումներ կատարած կրեդիտորներին առաջարկվել էր իրենց պարտատոմսերը վերաձեւակերպել՝ դրանք ներդնելով նոր փոխառության մեջ։ Այդ դեպքում նրանք կկորցնեին իրենց ներդրումների արժեքի կեսից ավելին, սակայն ընկերությանը կհաջողվեր մարել պարտքերը։ Սակայն այդ գաղափարին կողմ է քվեարկել կրեդիտորների միայն 46%-ը։

Ամերիկացիները կաղքատանան

Այսպիսի տխուր կանխատեսում է արել աշխարհի ամենահարուստ մարդը՝ խոշոր ներդրումներով զբաղվող Ուորեն Բաֆեթը, «The New York Times» թերթում հրապարակված իր հոդվածում։ Նա զգուշացրել է, որ պետական պարտքի մեծացման եւ դրամական էմիսիայի արդյունքում ԱՄՆ քաղաքացիներն աղքատանալու են, իսկ դոլարի գնողունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Բաֆեթի կարծիքով, ԱՄՆ կառավարությունը ճիշտ է արել՝ փորձելով հաղթահարել ֆինանսական համակարգի ճգնաժամային երեւույթները դրամական ներարկումների միջոցով։ Սակայն այդպիսի «դրամավարկային բուժումը», ըստ Բաֆեթի, ունի կողմնակի հետեւանքներ, որոնք «հալեցնում են դոլարի գնողունակությունը ճիշտ այնպես, ինչպես ջերմոցային գազերի չվերահսկվող արտանետումներն են հալեցնում սառցադաշտերը»։

Ներդրողը նշել է, որ տնտեսությանն ուղղված ֆինանսական օգնությունը հնարավոր է դարձել պետական պարտքի մեծացման միջոցով։ Մասնավորապես՝ մեծաքանակ պետական պարտատոմսեր են տեղաբաշխվել, որոնք ձեռք են բերել տեղացի եւ օտարերկրացի ներդրողները։ Սակայն անգամ այդ միջոցները բավարար չէին լինի ծածկել բյուջեի աննախադեպ մեծ դեֆիցիտը (1.8 տրիլիոն դոլար)։ Եվ այդ պարագայում այլ ելք չի մնացել, քան պարզապես փող տպել։ Այսինքն՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգը լայնամասշտաբ էմիսիա է իրականացրել։

Բաֆեթի հաշվարկներով, ԱՄՆ-ի «մաքուր» պետական պարտքը 2009թ. կհասնի ռեկորդային բարձր մակարդակի՝ ՀՆԱ-ի 15%-ին։ Իհարկե, որոշ երկրներ, օրինակ Իտալիան կամ Ճապոնիան, պետական պարտքի ավելի անբարենպաստ ցուցանիշ ունեն, սակայն Բաֆեթը վտանգավոր է համարում ԱՄՆ տնտեսության կայունությունը միայն այդ չափանիշով գնահատելու պրակտիկան։ Գործարարի համոզմամբ՝ պարտքի մեծացումն ինքնին վատ բան չէ, եթե այն համահունչ է պետության, ընկերությունների եւ քաղաքացիների ակտիվների աճին։ Սակայն եթե պարտքն ավելի արագ է աճում (ինչպես այժմ), ապա դա կարող է Ամերիկան վերածել «բանանային հանրապետության»։ «Իսկ մենք նման բան տեսնել չենք ցանկանում»,- նշել է Բաֆեթը։ ԱՄՆ պետական պարտքի ընդհանուր ծավալը վերջին մեկուկես տարվա ընթացքում աճել է ավելի քան 1.5 տրիլիոն դոլարով եւ այժմ կազմում է 11.7 տրիլիոն։ Դա կազմում է ԱՄՆ համախառն ներքին արդյունքի 80%-ը, եւ, համեմատության համար, 2 անգամ գերազանցում է Ռուսաստանի ՀՆԱ-ն (ընթացիկ փոխարժեքով)։ Արտաքին պարտքը կազմում է այդ ծավալի 25%-ը։ Ընդ որում, ԱՄՆ տնտեսության հիմնական կրեդիտորներն են Չինաստանը (800 միլիարդ դոլար) եւ Ճապոնիան (600 միլիարդ)։

Ինչ վերաբերում է էմիսիային՝ այսինքն փող տպելուն, ապա Բաֆեթը համոզված է, որ այն հանգեցնելու է գնաճի տեմպերի արագացմանը եւ ԱՄՆ քաղաքացիների հարստության փաստացի ոչնչացմանը։

Ճապոնիան դուրս եկավ ռեցեսիայից

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ճապոնիայի տնտեսությունն այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրել է 0.9% տնտեսական աճ՝ դուրս գալով մեկ տարի տեւած ռեցեսիայից։ Այս առումով Ճապոնիան միացավ Գերմանիային, Ֆրանսիային եւ Հոնկոնգին, որտեղ նույնպես արձանագրվել է տնտեսական աճ։ Տարվա կտրվածքով երկրի համախառն ներքին արդյունքն աճել է 3.7%-ով՝ կանխատեսվող 3.9%-ի փոխարեն։ Սակայն սա նույնպես լավ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվել էր 11.7%-ով։ Հիմնական գործոնը, որը դրական է ազդել ՀՆԱ ցուցանիշի վրա, արտահանման ծավալների 6.3%-անոց աճն է։ Մինչ այդ ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալները նվազել էին 20-40%-ով։ Տնտեսության վերականգնման հարցում մեծ դեր են խաղացել նաեւ պետական ծախսումները, այդ թվում՝ արտոնությունները, որոնք պետությունը տրամադրում է քաղաքացիներին քիչ էներգիա սպառող սարքավորումների ձեռքբերման դեպքում։

Air France-ը հրաժարվեց գնումից

Եվրոպայի խոշորագույն ավիափոխադրող Air France KLM ավիաընկերությունը հրաժարվել է մասնակցել չեխական ազգային Czech Airlines ընկերության գնման մրցույթի։ Air France KLM-ն իր հաղորդագրության մեջ նշել է, որ առկա տնտեսական վիճակը լրջորեն ազդել է ավիացիոն ոլորտի բիզնեսի վրա՝ ստիպելով իրենց հրաժարվել Czech Airlines-ի բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրությունից։ Արդյունքում՝ պոտենցիալ գնորդների թվում մնացել են միայն Չեխիայի տեղական ավիափոխադրողները՝ Czech Unimex Group-ը եւ Travel Service-ը։

Չեխիայի Ֆինանսների նախարարությունը այս տարվա հունվարի 19-ին հայտարարել էր Czech Airlines-ի մասնավորեցման մասին։ Նախարարությունը վաճառքի էր հանել ավիաընկերության բաժնետոմսերի 91.51%-ը, որը պետության սեփականությունն է։ Գործարքի հնարավոր արժեքը կարող է կազմել 3-5 միլիարդ կրոն (144-240 միլիոն դոլար)։ Մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա մինչեւ սեպտեմբերի 30-ը։

Նշենք, որ սկզբնական փուլում մրցույթին մասնակցում էր նաեւ ռուսաստանյան «Աերոֆլոտը»։ Սակայն ապրիլի վերջին Չեխիայի Ֆինանսների նախարար Միրոսլավ Կալոուսեկը հայտարարեց, որ «Աերոֆլոտը» դուրս է գալիս մրցույթից։ Ռուսական ընկերությանը հեռացնելու պաշտոնական պատճառները չնշվեցին, սակայն ԶԼՄ-ները որպես հնարավոր շարժառիթ ներկայացնում էին Չեխիայի հատուկ ծառայությունների վերջին հաշվետվությունը։ Մասնավորապես, կարծիք էր հայտնվել, որ ռուսական ընկերությունը կարող է վտանգ ներկայացնել Չեխիայի ազգային անվտանգությանը, քանի «Աերոֆլոտի» բաժնետոմսերի 51.17%-ը պատկանում է Ռուսաստանի կառավարությանը։