Դեռ չեն փոխհատուցել

20/08/2009

Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի` հուլիսի 15-ին աղետի հետեւանքով զոհված ուղեւորների ընտանիքները «Caspian Airlines» ընկերության խոստացած 32.000 եվրո փոխհատուցումն առայժմ չեն ստացել: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է ընկերության ներկայացուցիչ Բելլա Գեւորգյանը: «Դեռ չեն ստացել, որովհետեւ թղթերը նոր են բերել: Փաստաթղթային հարցերն է կարգավորվում: Երբ կարգավորվի, միանգամից կփոխանցվի այդ գումարը»,- ասել է նա` հավելելով, թե ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Իրանում փոխհատուցում նույնպես որեւէ մեկը առայժմ չի ստացել: Վթարի կապակցությամբ ստեղծվել էր կառավարական հանձնաժողով, որը գլխավորում էր փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նշել է, որ առայժմ ընթանում է ժառանգների եւ իրավահաջորդների ճանաչման գործընթացը. «Նոտարական համապատասխան ձեւակերպումներից հետո փոխհատուցման գործընթացը սահմանված կարգով կսկսվի աղետից 6 ամիս անց: Աղետի ենթարկված ինքնաթիռում զոհված Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացիների ընտանիքներին կառավարության Պահուստային ֆոնդից հատկացվել է 1,5 միլիոնական դրամ պետական աջակցություն: Գումարը զոհվածների ընտանիքին հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանում հենց այն պահին, երբ զոհվածների մասունքները տեղափոխում էին»: Անդրադառնալով վթարի պատճառների ուսումնասիրությանը` Հայթայանը մանրամասնել է. «Սեւ արկղերը դեռեւս վերծանման փուլում են: Հաստատվել է այն տեղեկատվությունը, որ թռիչքից առաջ ինքնաթիռը Մինվոդիում ամբողջական տեխզննում է անցել եւ գտնվել է գերազանց վիճակում: Պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչը խափանվել է հենց թռիչքի պահին, բայց դեռեւս հայտնի չէ ինչ պատճառով»: