Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր կհրապարակի 2009թ. հունվար-հուլիսի մակրոտնտեսական նախնական ցուցանիշները։ Կարելի է ենթադրել, որ դրանցում լավատեսական երանգներ են լինելու, քանի որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ այս տարի տնտեսական անկումը կկազմի 12-15%։ Եթե փոխնախարարի կանխատեսումն իրականություն դառնա, ապա դրանից էլ պետք է գոհ լինենք, քանի որ շուրջ մեկ ամիս առաջ վարչապետ Տ. Սարգսյանը չէր բացառում անգամ 20%-անոց անկումը։ Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա առաջին կիսամյակում մեր տնտեսության անկումը գերազանցել է 16%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է «պատվավոր» 2-րդ հորիզոնականը՝ ԱՊՀ երկրների շարքում։ Ըստ ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի հաղորդագրության, տնտեսական անկման տեմպերով առաջին տեղում Ուկրաինան է՝ 20.3%, երկրորդ տեղում Հայաստանը՝ 16.3%, իսկ «անհաջողակների» եռյակը եզրափակում է Ռուսաստանը՝ 13.4%։ Համախառն ներքին արդյունքը կրճատվել է նաեւ Մոլդովայում (6.9%-ով), Վրաստանում (5.9%) եւ Ղազախստանում (4.1%)։ Ղրղըզստանը եւ Բելառուսը առաջին կիսամյակում գրեթե զրոյական աճ են ունեցել (0.3%)։ Ադրբեջանի տնտեսությունն աճել է 3.6%-ով, իսկ Ուզբեկստանում արձանագրվել է 8.2%-անոց տնտեսական աճ։ Նշենք նաեւ, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը միակ երկրներն են ԱՊՀ-ում, որտեղ արդյունաբերության ծավալները չեն նվազել։ Մնացած բոլոր երկրներում ճգնաժամն ազդել է այս ոլորտի վրա, ամենաշատը՝ Ուկրաինայում, որտեղ արդյունաբերական արտադրանքի ծավալները կրճատվել են 31.1%-ով։ ԱՊՀ տարածքում համախառն արդյունքը միջին հաշվով նվազել է 9%-ով։
Վ. Արամյանը երեկ նշել է, որ թեեւ տնտեսական անկումն ավելի խորը եղավ, քան կանխատեսվում էր, սակայն այդ իրավիճակը համահունչ է միջազգային տնտեսական իրավիճակին: Մասնավորապես, Եվրամիության երկրներում երկրորդ եռամսյակում արձանագրվել է 6%-անոց անկում, ինչն աննախադեպ է։ Փոխնախարարն իր լավատեսությունը (անկման տեմպերի թուլացման առումով) հիմնավորել է կառավարության կողմից վարվող «ընդլայնողական քաղաքականությամբ, երբ պետությունը գումարներ է ներարկում տնտեսության մեջ»։ Նշենք նաեւ, որ հայաստանյան շատ տնտեսագետներ տնտեսության առողջացումը կապում են համաշխարհային տնտեսական զարգացումների հետ։ Ոմանց կարծիքով՝ ՀՀ տնտեսությունը կսկսի աճ արձանագրել արդեն 2010 թվականից, իսկ փորձագետների մյուս մասի կարծիքով՝ տնտեսական աճ կունենանք լավագույն դեպքում 2 տարի անց։