Աղքատ ազգականը

20/08/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Երեկ մեր լրատվական գործակալությունները մի լուր էին տարածել: Լուրը բառացիորեն վերնագրված էր «Տագնապ»: Այն պատմում էր ՀՀ վարչապետի մի այցի մասին: Պարզվում է՝ պետական աջակցությամբ քանդակախումբ է տեղադրվելու մայրաքաղաքում: «Քանդակախումբ» բառի ու «Պետական աջակցություն» բառակապակցության համադրումից ակնհայտ է, որ վարչապետն այցելել էր քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի արվեստանոց: Արդեն վաղուց հայ որեւէ այլ քանդակագործի մասին այդ բառապաշարով տեղեկատվություն չի տարածվում: Ես փորձեցի լրատվական սայթերում ճշտել այցի մանրամասները: Ոչ միայն այն պատճառով, որ վարչապետի բոլոր այցերը հարկատուներս ենք ֆինանսավորում: Այս այցից միայն վճարելով չենք պրծնելու: Որովհետեւ Թոքմաջյանը սովորական արձանախումբ չի կերտել` «Քանդակախումբը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին»: Տեղեկատվության մանրամասները համադրելով՝ պարզ է դառնում, որ քանդակախումբ կոչվածը բաղկացած է 10-11 արձաններից: Հայոց Մեծ եղեռնին զոհ գնացած մտավորականների եւ երեք խորհրդանշական կերպարների են դրանք մարմնավորում: Արձանային մեծ ու փոքր ողբերգություններով երեւանցիներին չես զարմացնի: Երեւանի բախտն արձանների հարցով, կարելի է ասել, չի բերել: Սիրված ու գնահատված արձանների կողքին միշտ էլ անհեթեթության որակի գործեր են հայտնվել: Մինչդեռ դրանց մի մասի հեղինակները շնորհալի արվեստագետներ են: Ու երեւի սա է իրական արվեստի մետաֆիզիկան: Այլապես անհնար է հավատալ, որ Նալբանդյանի ու Չարենցի արձանների հեղինակը նույն մարդն է: Երեւանյան արձանային ողբերգությունները մի դեպքում քանդակագործի ակնհայտ ձախողումներ են: Մյուս դեպքում` ճարտարապետի: Բոլոր դեպքերում չհաջողված արձաններն ավելի հեշտ է թվարկելը: Որովհետեւ դրանք շատ ավելի շատ են: Լեոնիդ Ենգիբարյանի, Տիգրան Մեծի, Նոյ նահապետի, Կոմիտասի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Անդրանիկի, Այվազովսկու, Նարեկացու արձանները, մեղմ ասած, քաղաքի գեղագիտական պատկերին ոչինչ չավելացրին: Դրական իմաստով` չավելացրին: Ու հիմա պարզվում է՝ նոր քանդակախումբ է դրվելու: Դրա դեմ խոսողին, հարկավ, մեղադրելու են ազգային դավաճանության մեջ: Նոր քանդակը հավերժացնելու է Հայոց Մեծ եղեռնի զոհերին: Ավելին` այն նոր «խորհրդանշական կերպար» ունի` «ապագա սերնդի ներկայացուցիչը, ում ձեռքին ծաղկեպսակ» է: Ոչ ոք չի հանդգնելու բարձրաձայն ասել, որ դա ռաբիսություն է: Ամբողջապես: Գաղափարից մինչեւ կատարում: Հայ ժողովուրդը Մեծ եղեռնի հուշարձան կարողացավ կառուցել կոմունիստական վարչակարգի օրոք: Բոլոր առումներով պատշաճ հուշարձան: Զուսպ ու ոգեկոչող: Մահարձաններ չկան: Չկան ապագա սերնդի սգավորներ: Առավել եւս ծաղկեպսակ դնող: Հուշարձանն ինքն էր նահատակների ծաղկեպսակն ու ապագա սերնդի վերհառնելու խորհրդանիշը: Հիշելու եւ ապրելու խորհրդանիշը: Բայց, չգիտես ինչու, որոշվել է նոր հուշմահարձաններ կառուցել: Նվիրված

95-ամյակի տարելիցին: Հետո հավանաբար` 100-ամյակի: Ու այսպես շարունակ: Բայց պարզ չէ, թե ով կամ ովքեր են նման որոշումներ ընդունում: Վարչապետի այցի մասին տեղեկատվությունն ընթերցելիս ահագին բան պարզ է դառնում: Այսինքն` անհասկանալի: Տեսեք` հայտարարվում է, որ քանդակագործը, հինգ տարի է, աշխատում է քանդակախմբի վրա: Այն ստեղծվում է «պետական աջակցությամբ»: Բայց ոչ ոք` ոչ «պետական աջակցողը» (հավանաբար վարչապետը), ոչ քանդակի հեղինակը չգիտեն, թե որտեղ է այն տեղադրվելու: «Վարչապետը պետք է տեսնի խմբաքանդակը, որպեսզի հետո ավելի հեշտ լինի տարածք հատկացնելու հարցը»,- հայտարարել է Լեւոն Թոքմաջյանը: Այս նախադասությունից էլ է ահագին բան պարզվում: Քաղաքում որեւէ տեղ տեղադրելու, ավելի անկեղծ ասած` խցկելու միտումով քանդակներ չեն ստեղծվում: Քաղաքը որբի գլուխ չէ, որի վրա դալլաքություն են սովորում: Նույնիսկ Երեւանը քաղաքային ճարտարապետներ ու նկարիչներ ունի: Ենթադրվում է, որ նրանց հետ համատեղ պիտի քանդակ ու առավել եւս քանդակախումբ ստեղծվեր: Եթե, իհարկե, չեն ուզում քաղաքը վերածել քրջի բազարի: Կամ` ազգային վիշտը հնչուն դրամի վերածող արնածոր վերքի:

Երեւանի խորհրդանիշ արձանը տեղադրվել է 50 տարի առաջ: Այսօր այն քայքայվում է: Այդ արձանը տեսնողները պիտի ենթադրեն, որ Սասունցի Դավիթը մեր նորօրյա իշխանավորների աղքատ ազգականներից է: Նրանք Քուռկիկ Ջալալու ոտքերի տակ ալյումինե թաս են դրել: Պատվանդանի կողքով պլաստմասսե խողովակով ջուր են քաշել, որ հանկարծ չասեն, թե` տեսեք, մեր իշխանավորների աղքատ ազգականը թշվառության մեջ է: Փոխարենը նոր մահարձաններ են կանգնեցնում: Մինչդեռ Կոմիտասի հիշատակը վառ պահելու համար մահարձան պետք չէ: Կոմիտասի լավագույն մահարձանը դրված է այնտեղ, ուր եւ պիտի լիներ` գերեզմանի վրա: Կոմիտասի հիշատակը վառ պահելու համար նրա ստեղծագործությունները կատարելու, տեսագրելու, ձայնագրելու եւ հեռարձակելու համար է պետական աջակցությունն անհրաժեշտ: