Եկեք չխոսենք

27/08/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

«ԱրմենՏելին» պարբերաբար հաջողվում է անել այն, ինչ չեն կարողանում ո՛չ
իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը՝ համախմբել ժողովրդին։ Կապի համակարգի
հանդեպ ունեցած միասնական վերաբերմունքով հայերին, իսկապես, կարելի է
գրանցել «Գինեսի գրքում»։ Տարիներ ի վեր ձեւավորված այդ վերաբերմունքը
հատկապես թանձրացավ հունիսին, երբ բջջային կապի ոլորտ մտավ երկրորդ
օպերատորը։ «Ղ-Տելեկոմի» հայտնությունը անհասկանալի իրավիճակ ստեղծեց կապի
համակարգում։ Ամբողջ ամիս երկու «մրցակից» ընկերությունները դեմպինգային
(գին գցելու) քաղաքականություն վարեցին։ Կատարվածը լիովին կտեղավորվեր
շուկայական տնտեսության կանոնների մեջ, եթե կապի համակարգը գործեր։
«ԱրմենՏելի» բոնուս-նվերներն առայժմ բովանդակային իմաստ չունեն՝ նույն
կապի համակարգի բացակայության պատճառով։ Կապի որակը վատացավ հենց հունիսի
սկզբին եւ առաջին հրապարակային բացատրությունները տրվեցին հուլիսի 8-ին։
Դա ավելի շուտ խոստում էր, որ «վաղվանից կապը բարելավվելու է»։ Բայց
վիճակը չփոխվեց։ Հուլիսի 14-ին «ԱրմենՏելին» իր պաշտպանության տակ վերցրեց
կապի եւ տրանսպորտի նախարարը։ Ինչպես սովորաբար ընդունված է Հայաստանում՝
պետական բարձրագույն պաշտոնյան իրեն վերագրեց «ԱրմենՏելի» մամլո
քարտուղարի պարտականությունները։ Ա. Մանուկյանը հայտարարեց, որ
«ԱրմենՏելը» մասնագետներ է հրավիրել Գերմանիայից ու վերացրել է տեխնիկական
անսարքությունները։ Նախարարը խոստացավ, որ «վաղվանից» «ԱրմենՏելի» կապն
ավելի լավն է լինելու։ Նախարարի ասած «վաղը» հաջորդ օրը չեկավ։ Փոխարենը՝
«ԱրմենՏելը» տարածեց իր երկրորդ հայտարարությունը, որն, իսկապես, արժանի
էր «Գինեսի գրքին»։ Մենք երկար չենք մոռանա, որ մեր կապի օպերատորը մեզ
խնդրեց հեռախոսով հնարավորինս քիչ խոսել։ Մի քանի օր հետո մամուլի ասուլիս
տվեց «Ղ-Տելեկոմի» գործադիր տնօրենը՝ նշելով, որ «ԱրմենՏելի» վատորակ
ծառայությունների պատճառով տուժում են իրենց բաժանորդները։ «Ղ-Տելեկոմն»
առայժմ գործում է Երեւանի տարածքում եւ նրա բաժանորդները հանրապետության
մյուս քաղաքներ զանգահարում են միջքաղաքային հեռախոսակապով, իսկ դա
կատարվում է «ԱրմենՏելի» ցանցի միջոցով։ Դատարանի առջեւ հայտնվելու
հեռանկարից խուսափելու հույսով «ԱրմենՏելն» իր բաժանորդներին նոր նվերներ
խոստացավ։ Կապի որակը շարունակեց մնալ անբավարար։ Անգամ կապի ոլորտի
մասնագետները չեն կարողանում պատասխանել, թե ինչու համարյա մեկ ամիս չի
հաջողվում կարգավորել տեխնիկական հայտարարված խնդիրը։ Մասնագետներից ոմանք
բացառում են, որ կապի որակը վատացել է տեխնիկական պատճառներով։ Նրանք
նշում են, որ նոր օպերատորի ցանց մտնելուց առաջ հին օպերատորը անհրաժեշտ
ժամանակ ուներ տեխնիկական բոլոր խնդիրների լուծման համար։ Այս
փորձագետների խումբը կարծում է, որ սա մտածված քաղաքականության արդյունք
է։ Կապի ոլորտի տեխնիկական սարքավորումները ժամանակին ձեռք են բերվել
«SIEMENS» ընկերությունից։ Այդ թանկարժեք սարքավորումները վաճառվում են
լուրջ երաշխիքային պարտավորություններով։ Եթե շարքից դուրս գար տեխնիկական
որեւէ հանգույց, «ԱրմենՏելն» իր բաժանորդներին նվերներ բաշխելու փոխարեն՝
կհայտարարեր, որ իրավիճակի պատասխանատուն «SIEMENS»-ն է։ Մյուս կողմից,
եթե կապի որակը վատանար «ԱրմենՏելի» մեղքով, դժվար թե մեր կառավարությունը
հայ-հունական այս ձեռնարկությանը եւս մեկ անգամ հայհոյելու առիթը բաց
թողներ։ Փորձագիտական այս կարծիքի համաձայն՝ ստեղծված իրավիճակը
ձեւավորվել է «ԱրմենՏել» – ՀՀ իշխանություններ համաձայնության
արդյունքում։ Այն նպատակ ունի հնարավորինս խթանել VIVA Cell ընկերության
կայացումը։ Հին համակարգի կամավոր վատ աշխատանքը հիմնավոր պատճառ է
ստեղծում, որ սպառողը նոր համակարգի բաժանորդ դառնա։ Ոչ պաշտոնական
տվյալներով, այս քաղաքականությունը հաջողությամբ իրականանում է։
«Ղ-Տելեկոմի» բաժանորդների քանակը ընկերությունն առայժմ չի հրապարակել։
Փորձագետները նշում են, որ նոր օպերատորն ունի 70-100 հազար բաժանորդ։
Պակաս կարեւոր չէ այն, որ աճի միտումը պահպանվում է։ Փորձագետներն այս
պայմանավորվածությամբ են բացատրում այն, որ «ԱրմենՏելը» չազատականացրեց
Easy-քարտերի շուկան։

 Սակայն կան նաեւ փորձագիտական տրամագծորեն հակառակ գնահատականներ։
Կապի ոլորտում մասնագիտական բարձր հեղինակություն ունեցող ինժեներներից
ոմանց կարծիքով՝ Easy-քարտերի շուկայի ընդլայնման զսպումն այլ
բացատրություն ունի։ Հայ-հունական ընկերությունը, ըստ նրանց, չունի
տեխնիկական անհրաժեշտ բազա՝ շուկայի պահանջարկն ամբողջությամբ բավարարելու
համար։ Նրա տեխնիկական հնարավորությունները թույլ չեն տալիս մատչելի գնով
կապի քարտեր թողարկել այնքան, որ բավարարվի շուկայի ամբողջական
պահանջարկը։ Easy-քարտերն առայժմ բաժանվում են նախկինում կազմված
ցուցակներով եւ դրանք չկան ազատ վաճառքում։ Այս փորձագետները, սակայն, չեն
կարողանում բացատրել, թե ինչու կապի որակի վատթարացումը համընկավ երկրորդ
օպերատորի մուտքի հետ։ Նրանք լուրջ չեն համարում «ԱրմենՏելի»
բացատրությունը, թե իր բաժանորդները սակագնի նվազումից հետո սկսել են
երկար խոսել։ Բջջային կապի համակարգում միջին հեռախոսազրույցի
տեւողությունը շարունակում է տատանվել 1 րոպեի սահմանում։

 Փորձագետների թե՛ առաջին, թե՛ երկրորդ խումբը մինչեւ վերջ համոզված
են, որ իրենց տեսակետն է ճիշտ։ Արդյունքում, կարող ենք արձանագրել, որ մեր
երկրում էլ հայտնվեց մի ոլորտ, որտեղ մենաշնորհի վերացումը չկարգավորեց
իրավիճակը։ Շուկայական տնտեսության հայկական տարբերակի իռացիոնալ վիճակն
առավել ընդգծվում է երկու օպերատորների ագրեսիվ գովազդային
քաղաքականությամբ։ Տպագիր ու էլեկտրոնային միջոցներն այսօր հեղեղված են
չգործող կապի գովազդներով։ «ԱրմենՏելի» «Եկեք խոսենք» կարգախոսն իրականում
«Եկեք չխոսենք» դարձավ։ Մյուս կողմից՝ հնարավոր է, որ մենք բառացի
ընդունենք «Եկեք խոսենք»-ը եւ հեռախոսակապի բացակայության պատճառով՝
զանգահարելու փոխարեն գնանք խոսելու։ Այդ դեպքում զրուցակցին հաստատ
կասենք այն, ինչ մտածում ենք Կապի նախարարության եւ կապի օպերատորների
մասին։ Բանահյուսության ժանրին պատկանող մեր կարծիքը թերթի էջերում
զետեղելը պարկեշտ չէ։