Մերին, պատերազմն ու սերը

20/08/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նա 16 տարիների հեռավորությունից անզուսպ զայրույթով է հիշում պատերազմն ու մանկության այն կանգառը, որտեղ թողեց ոչ միայն երկու ձեռքերը, աջ ոտքի մի մասը, այլեւ հավատքը կյանքի նկատմամբ, որից մի բուռ փորձում էր պահել նրա մայրը` տիկին Նինան, ով 8 տարի առաջ հրաժեշտ տվեց երկրային կյանքին: «Ինձ ասում ես` հավատա: Ինչի՞ն պետք է հավատամ: Հավատամ Աստծո՞ւն: Դե Աստծուն ցույց տուր, որ հավատամ: Տեսնո՞ւմ ես` չկա: Ես ավելի շատ սատանային եմ հավատում, որ լավ մարդկանց տանում ա: Դե հիմա թող Աստված դուրս գա ու ինձ պատժի»,- սենյակի կահույքի ապակուն նայելով` խոսում է Մերին: Քիչ անց նրա սեւ աչքերի շեղ անկյուններում խոնավություն է նկատվում: Լռում ենք: Պահարանների վրա դրված են Մերիի լուսանկարներով նկարակալները: Նայում եմ դրանց ու փորձում գտնել 8-ամյա Մերիի ու այսօր արդեն 24-ամյա օրիորդի տարբերությունը: Գրեթե բոլոր լուսանկարներում Մերիի աչքերը թաց են, ինչպես առավոտվա եղյամաշատ հողը: «1993 թվականի հուլիսի 23-ն էր: Էքսի օրը պապայիս ծնունդն էր: Ես ու հոպարիս էրեխեքը գնացինք պապայիս գարաժը: Էնտեղ մի փոքրիկ շուն կար, ուզում էի բերել մեր տուն: Մեկ էլ ես ծարավեցի, մոտեցա աղբյուրին, որ ջուր խմեմ` ռումբը պայթեցգ Ասում են` կասետային ռումբ էր: Էդ պահին ձեռքերս դրեցի գետնին` հալվեցին, չեն կտրվել էլի, որ կտրվեին` կկպցնեին: Հալվեցին, հետո ընկա ջրի մեջ: Էլ բան չեմ հիշում: Հա, մեկ էլ հիշում եմ, որ պապաս ինձ գրկել էրգ»,- շեկ կատվի քայլքին հետեւելով` պատմում է Մերին, ում աչքերի անկյուններում թաքնված կաթիլներն ասես մարտահրավեր դառնան ամբողջ մարդկությանը: «Պատերազմ չեմ ուզում լինի: Երբ լսում եմ, որ ինչ-որ տեղ պատերազմ ա, ուղղակի խղճում եմ էդ մարդկանց: Մեկ ա` էդ պատերազմ հայտարարողներին միշտ էլ բան չի լինում: Պատերազմը սեւ գույն ա, ես չեմ սիրում սեւը»,- հանկարծակի աշխույժով պատմում է աղջիկը, հետո ծիծաղում է կատվի վրա, որը աթոռին նստած ուշադիր լսում էր իրեն: Այնուհետ Մերին սկսում է պատմել Լիբանանից նվեր ստացած կատվի մասին, որը շատ կարճ ժամանակում սատկել էր, այն թութակի մասին, որից ինքը շուտ ձանձրացավ ու նվիրեց ընկերուհուն: «Ես հիմա շատ եմ փոխվել: Դեպքից հետո ես մոտ տարիուկես դուրս չէի գալիս տնից: Ահավոր վիճակ էր մոտս: Դպրոց չգնացի: Դե, 8 տարեկան էի էն ժամանակ: Ասում էի` վերջ, կյանքը կանգնել ա: Մամաս ու պապաս շատ տանջվեցին: Հետո պապաս համոզեց, որ ես պիտի դուրս գամ տնից, եւ որ ինձ հետ ոչ մի սարսափելի բան էլ չի եղել: Սկսեցի դուրս գալ տնից: Փողոցում քայլելիս տենց մարդ չկար, որ չշրջվեր, մի հատ վայ չաներ: Շատ էի նեղվում, հետո սովորեցի, ընտելացա: Հիմա եթե ինձ բան էլ են ասում, շրջվում եմ, ասում եմ` ի՞նչ ա, մարդ չեք տեսե՞լ»,- ասում է Մերին, ում շատ հաճախ կարելի է տեսնել Կապանի երթուղային տաքսում, բայց ոչ թե երթեւեկելու նպատակով, այլ հենց այնպես` զբոսնելու: «Մեկ էլ պասաժիրներից մեկը փողը տալիս ա ինձ, ասում` աղջիկ ջան, էս վարորդին փոխանցիր: Ծիծաղում եմ, գլխով եմ անում, կանչում վարորդին: Ու էդպես՝ համարյա միշտ»,- նշում է Մերին, ով այս տարի ավարտեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ու համոզված է, որ այն մեր օրերում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից է: «Էն ժամանակ, որ ես տնից դուրս չէի գալիս, ամբողջ օրը կարդում էի, ինքնուրույն ռուսերեն սովորեցի: Հիմա ես ամեն ինչ կարողանում եմ անել ոտքերով, ամեն ինչ էլ կարողանում եմ` կոֆե եմ պատրաստում, ատամներս լվանում եմ, մազերս սանրում եմ, նույնիսկ հագուստս եմ լվանում: Միակ բանը, որ չեմ կարողանում անել` շորերս հագնելն ա»,- պատմում է Մերին, ում դեմքին արեւի պես կամաց-կամաց բարձրանում է կյանքի նկատմամբ հավատը, որը վայրկյաններ անց սկսում է փայլատակել: Մերին հիշում է դպրոցական տարիները, երբ ինքը շատ չարաճճի էր: Կանչում է իրեն խնամող հարսին ու հոր երկրորդ կնոջը` տիկին Անուշին, որպեսզի պահարաններից հանեն լուսանկարների ալբոմները: «Նկարներս շատ եմ բաժանում: Բայց, ոչինչ, տեսնում ես` քանի ալբոմ ունեմ: Սաղ տեղերում քեֆ անող, ուրախ աղջիկ եմ եղել»,- ոտքերով թերթում է ալբոմները, հետո որոշ լուսանկարներ փոխանցում է ինձ, նշում լուսանկարներում պատկերված մարդկանց անունները: «Մեր դասարանի քեֆերի մեծ մասը ես ու մամաս էինք կազմակերպում: Մամաս ասում էր` խոխաս ոզում ա, պիտի քեֆ անիք: Ու էդպես էլի: Ինձ թվում ա, մամաս իմ էս վիճակի համար հիվանդացավ: Ես 9-րդ դասարանի ամռանը գնացել էի Կալիֆոռնիա` նոր պրոթեզավորման համար: Երբ եկա, սեպտեմբերի 10-ն էր: 4 օրից մամաս մահացավ: Արյան լեյկոզ էր նրա մոտ: Ասում են` իբր փրկություն չկար: Եսիմգ»,- մոր` տիկին Նինայի լուսանկարը մատնացույց անելով` պատմում է Մերին, հետո ավելացնում, որ ինքն ու մայրը շատ նման են իրար: «Դե էդպես համարյա բոլորն են ասում»,- սուրճի դառնությունից դժգոհելով` խոսում է Մերին: «Մեկ-մեկ կոֆեն շոկոլադի խաթր եմ խմում»,- կատակում է Մերին: Քիչ հետո նա ինձ ուղեկցում է իր սենյակն ու ցույց տալիս պրոթեզները, որոնք ամռան շոգին չի կրում: «Շատ ծանր են` դժվար ա լինում պահելը: Մի 3-4 կիլո կլինեն: Հենց եղանակները մի քիչ ցրտում են` հագնում եմ դրանք: Բայց դե իսկական ձեռքերի նման են: Նայիր, եղունգներիս գույնն էլ եմ ամեն անգամ փոխում, որ իմանան` իբր իմ ձեռքերն են»,- ասում է Մերին` խնդրելով տիկին Անուշին իրեն հագցնել: «Էս մամացուս սնխչի ա դառել»,- իրեն բնորոշ պարզությամբ կատակում է Մերին` տեսնելով տիկին Անուշի ձեռքում պտուտակը: Որոշ ժամանակ անց ամեն բան նորից նույնն է դառնում` սուրճի փոքրիկ սեղանն է ու Մերիի երազանքների տարածական դաշտը, որտեղ նա հաստատ գիտի, որ աղջիկների հետ պետք չէ ընկերություն անել: «Գիտես` աղջիկները նախանձ են: Ինձ շատ են նախանձում: Դրա համար էլ ես տղաների հետ եմ շփվում: Իմ շրջապատը շատ մեծ ա, ու բացի տղաներից, կան ընտանիքատեր մարդիկ, որոնց ընտանիքների հետ էլ շատ մոտիկ եմ»,- ասում է Մերին, հետո թաքուն ժպտում սիրո մասին խոսելիս: «Ես նոր եմ հասկանում, որ կյանքի իմաստը սերն ա: Ես սիրում եմգ»,- արդեն առանց վերջակետների ու բառերի շարունակության՝ պատմում է Մերին` մի պահ կտրվելով զրույցից: Հենց այստեղ էլ Մերիին փորձում եմ հրաժեշտ տալ` հավատացած լինելով, որ հանդիպել եմ ուժեղ ու կյանքի նկատմամբ մեծ հավատք ունեցող մի մարդու: «Կյանքում դժվարությունները պետք են: Ինչքան շատ են դրանք, էդքան ավելի մեծ ու շատ ա լինում քաղցրությունը: Դե հիմա պատկերացրու, որ մի մարդու կյանքում ամեն ինչ մենակ քաղցր ա լինում. Էլ էդ մարդը դրան ա սովորում: Էդ ձանձրալի է, հավատացնում եմ»,- տան աստիճանների մոտ նշում է 24-ամյա Մերին, ով այսօր օգնության մեծ կարիք ունի: Եվ հանկարծ նրանց բակի դատարկ ճոճանակի մոտ հիշում եմ Մերիի հպանցիկ խոսքերը, որ հայրը չի աշխատում, երկու եղբայրներից մեկը բանակում է, մյուսն էլ ամուսնացած է ու էլի չի աշխատում, ինչպես ինքն էր ասում` ապրում են, առանց դժգոհելու ու բողոքելու: Միակ եկամուտը, որ Մերին այսօր ստանում է իր բազմաթիվ հովանավորյալներից` 10. 000 դրամն է: «Էն ժամանակ, որ փոքր էի, բոլորն ուզում էին ինձ հովանավորել, հիմա մեծ եմ, ոչ մեկին պետք չեմ: Ընդամենը 10.000 դրամ եմ ստանում, էն էլ գնում ենք Գորիսից ենք ստանում: Հասկանո՞ւմ եք` ես ավելի շատ ոչ թե ֆինանսական օգնության կարիք ունեմ, այլ ուշադրության»,- առանց տրտնջալու` ասում էր Մերին: