Առաջին գծում գտնվելը նրան հակացուցված էր
Խորհրդային Միության 70-ամյա պատմությունը ցույց է տվել, որ ազգային կադրային քաղաքականությունը հեռու էր Սահմանադրության տառից եւ հավասարության վերաբերյալ սոցիալիստական գաղափարախոսությունից, ըստ որոնց կադրերը պետք է որ գնահատվեին իրենց կարողությունների եւ ընդունակությունների համաձայն, անկախ ազգային պատկանելությունից: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր:
Հարությունյան-դիվանագետի ծառայողական դինամիկան բերում է այն տրամաբանական եզրահանգման, որ նա առնվազն պետք է նշանակվեր արտաքին գործերի նախարարի տեղակալ: Համենայն դեպս, երբ Սմոլենսկայա հրապարակում Մոլոտովին փոխարինեց Շեպիլովը, այդ հարցը քննարկման առարկա էր: Սակայն Շեպիլովը շատ շուտով հեռացվել է ժողովրդի թշնամիներին հարելու պատրվակով (նա այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ որպես «եւ նրանց հարող Շեպիլով»), ու Հարությունյանի հարցը առկախվել է: Շեպիլովը, ով շատերի վկայությամբ՝ զարգացած եւ բանիմաց քաղաքական գործիչ էր, իր նախորդի նման բարձր է գնահատել Հարությունյանի կարողությունները եւ մի առիթով վերջինիս մասին ասել է. «Փայլուն տնտեսագետ` դիվանագիտական կորպուսում, եւ փայլուն դիվանագետ` տնտեսագետների մեջ»:
Իսկ ահա թե 1958թ. ուշ աշնանը ինչ խոսակցություն է տեղի ունենում Հարությունյանի եւ նախարարի առաջին տեղակալ Վասիլի Կուզնեցովի միջեւ, ինչի մասին նա միայն տարիներ անց դառնացած պատմել է կնոջը` Անահիտ Հարությունյան-Թումանյանին, երբ արդեն պաշտոնաթող էր եւ բուժվում էր Կառլովի Վարիում:
– Համո՛ Ակիմովիչ, Դուք խելացի մարդ եք եւ պետք է հասկանաք, որ մենք չենք կարող Ձեզ պահել առաջին գծում,- ասում է Կուզնեցովը եւ ավելացնում,- բայց կխնդրեինք Ձեր գլխավորած բաժնից պատրաստել եւ թեկնածու առաջադրել փոխնախարարի պաշտոնի համար:
Ավելի քստմնելի եւ ճիզվիտական վերաբերմունք Հարությունյան-անհատի նկատմամբ դժվար է երեւակայել:
– Գիտե՛ք ինչ, ԱԳՆ-ն ակադեմիական հիմնարկ չէ: Իմ աշխատողներից ո՛ւմ հարմար եք գտնում, խնդրեմ, կարող եք նշանակել,- եղել է Հարությունյանի չոր պատասխանը:
Երբ այս մասին պատմեցի Ռուսաստանի դիվանագետ ընկերներիցս մեկին, ով լավ գիտի նախարարության պատմության այդ շրջանը, խնդրելով չտալ իր անունը, նա այն կարծիքը հայտնեց, որ Կուզնեցովը կատարել է Գրոմիկոյի պատվերը:
– Գրոմիկոն բարդ մարդ էր: Նա հարգում էր Համո Ակիմովիչին, բայց իրեն ավելի էր սիրում: Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ որպես միջազգայնագետ-տնտեսագետ՝ Գրոմիկոն անհամեմատ թույլ էր Համո Ակիմովիչից: Կցանկանա՞ր արդյոք Անդրեյ Անդրեյիչը նման ուժեղ մարդուն, ում նաեւ անձամբ գիտեին պետության առաջին դեմքերը` սկսած Ստալինից, ունենալ իր կողքին որպես տեղակալ: Կասկածում եմ,- նկատեց ընկերս:
Ենթակաների նկատմամբ հաճախ անտեղի խստություններ կիրառելու համար նախարարությունում Գրոմիկոյին անվանում էին Գրոմ, իսկ արտասահմանում հորջորջում էին Mister Niet` կարծր եւ անզիջում դիրքորոշման պատճառով: Գրոմիկոն, իրոք, բարդ անհատականություն էր: Նա տիպիկ խորհրդային քաղաքական գործիչ էր: 28 տարի Գրոմիկոն կարողացավ մնալ Արտգործնախարարության ղեկին ոչ միայն իր ծառայությունների եւ անձնական արժանիքների, այլ նաեւ այն բանի շնորհիվ, որ «բնավորությամբ լինելով գերզգույշ անձնավորություն, միշտ խուսափում էր որոշում ընդունելուց, աշխատում էր անցնել ուժեղի կողմը»: Իր հիշողություններում Գրոմիկոյին բնորոշող միջադեպ է պատմում Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի նախկին առաջին տեղակալ, Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Կարեն Բրուտենցը: Երբ 1985թ. Հայաստանի ԿԿ-ի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հանդես է եկել Ապրիլի 24-ը հանրապետությունում սգո օր հայտարարելու եւ Վրաստանից, Ռուսաստանից ու Ադրբեջանից պատվիրակություններ հրավիրելու առաջարկությամբ, Քաղբյուրոյի նիստին Գրոմիկոն դեմ է արտահայտվել:
…Կուզնեցովի հետ կայացած խոսակցությունից շատ չանցած, Հարությունյանը նշանակվում է Կանադայում ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ նրա մոտ իր դիվանագիտական կարիերան սկսած Անատոլի Ադամիշինը դառնում է նախարարի տեղակալ (նա հիմա պաշտոնաթող է եւ մշտական բնակություն է հաստատել Արեւմուտքում):
Կուզնեցովի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել մեկ ուրիշ միջադեպ եւս:
Պատմում է Հարությունյանի կինը` Անահիտ Մուշեղովնան.
– Կրեմլում ընդունելություն էր, հիմա չեմ հիշում ինչ տոնի կապակցությամբ: Ես ամուսնուս կողքին էի: Ադրբեջանի Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Աբդուլաեւ Իլիաս Քերիմ օղլին, բարեւելով նրան, ասաց.
– Համո՛ Ակիմովիչ, ասում են` բոլոր խելացի հայերը Ադրբեջանից են:
Համո Ակիմովիչը շեշտակի հակադարձեց.
– Երբ հիմար, բայց խորամանկ ադրբեջանցիները զավթում են խելացի հայերի հողերը, նրանք ստիպված են լինում հեռանալ Ձեր հանրապետությունից:
Այդ «երկխոսությունը» անմիջապես հայտնի դարձավ բոլորին: Ուշ ժամի զանգահարեց Հայաստանի Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ Շմավոն Առուշանյանը:
– Համո՛, այդ ի՞նչ ես արել, դու գիտե՞ս, որ ղեկավարությունը բարկացած է, եւ քո մասին են խոսում: Դրանից հետո Համո Ակիմովիչին ուղարկեցին Կանադա: Նշանակումը նման էր պատժի,- կարծում է դիվանագետի կինը:
Իրո՞ք նշանակումը հավասարազոր էր պատժի: Այդ հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Ճիշտ է, Կանադան մեծ երկիր է, տարածքով երկրորդը նախկին ԽՍՀՄ-ից հետո, հարուստ, բայց քաղաքական առումով այն ժամանակ չէր դասվում առաջատար երկրների շարքին: Հարությունյանը, անշուշտ, արժանի էր եւ պետք է աշխատեր ավելի կարեւոր կետերում, օրինակ` Նյու Յորքում կամ Վաշինգտոնում: Իսկ եթե խոսքը վերաբերում էր Եվրոպային, ապա` Լոնդոնում կամ Փարիզում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 50-ական թվականների Ֆրանսիա-Խորհրդային հարաբերությունները զարգացել էին Հարությունյանի անմիջական մասնակցությամբ, եւ Քե դգՕրսեում` ֆրանսիական Արտգործնախարարությունում, լավ գիտեին նրան: Սակայն, ինչպես ասում են Սմոլենսկայա հրապարակում, «դիվանագետը մտածում է, իսկ կադրերի վարչությանը` որոշում»:
Արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Բելսկու կարծիքով, Հարությունյանը կոչված էր առանցքային դերակատարություն ունենալ խորհրդային դիվանագիտություն մեջ:
– Մեծ Կանադան փոքր էր Համո Ակիմովիչի համար,- ասաց Բելսկին:
Բելսկու հետ 6 տարի աշխատել եմ Սենեգալում: Նա ծառայողական բոլոր աստիճաններով անցած, կադրային դիվանագետ էր: Հոյակապ տիրապետում էր դիվանագիտական ծառայության նրբություններին, վերլուծական տեղեկանքներ եւ համառոտ հեռագրեր կազմելու մեծ հմտություն ուներ: Նա փաստաթղթի նախագիծը կարող էր մի քանի անգամ ետ դարձնել եւ ստորագրել միայն այն ժամանակ, երբ այն պատրաստած դիվանագետը մոտ էր ուժասպառության: Սկզբում անիծում էի Դակար գալուս օրը, հետո կամաց-կամաց վարժվեցի այդ դրակոնյան ոճին, իսկ հետագայում շնորհակալությամբ էի հիշում Բելսկուն: Նրանից շատ բան եմ սովորել:
Հարությունյանի մասին Բելսկին հիշում էր.
– Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Համո Ակիմովիչի բաժնում եւ որպես դիվանագետ կայացման գործում շատ եմ պարտական նրան: Եվ ոչ միայն ես: Համո Ակիմովիչը դաստիարակել եւ բարձրացրել է պրոֆեսիոնալների մի ամբողջ սերունդ: Նրա ղեկավարությամբ աշխատած դիվանագետներից շատերը հետագայում դարձան դեսպաններ: Նա խոշոր գիտնական էր, մանկավարժ: Ուներ աշխատանքի իր ոճը, դպրոց ուներ: Մենք մեզ անվանում էինք «համոյականներ»: Ողջ համակարգում գործող նման դիվանագետներին կարելի է հաշվել մատների վրա:
Հեղինակի անձնական արխիվից
Հունգարական դեպքերի ալիքները
Հարությունյանը Կանադա է մեկնում սառը պատերազմի ամենալարված տարիներին: Առաջին հերթին անհրաժեշտ էր երկիրն ապահովել հացով, որից այն զրկվել էր Խրուշչովի գյուղատնտեսական փորձարկումների հետեւանքով: Իսկ ԱՄՆ-ը հրաժարվում էր ցորեն վաճառել մեզ: Հարությունյանի ակտիվ ջանքերի շնորհիվ շահավետ գնված «ցորենի քարավանները» Մոնրեալի նավահանգստից սկսեցին ուղղվել Խորհրդային Միություն: Այդ գործարքը շարունակվեց տարիներ: Կանադայում հակախորհրդային ուժերն առիթ բաց չէին թողնում դիվանագետների կյանքը պղտորելու համար, իսկ իշխանությունները դրան նայում էին մատերի արանքով: Այդ նպատակով օգտագործվում էին ազգային փոքրամասնությունները` ուկրաինական, հրեական, հունգարական համայնքները: Հատկապես հունգարական համայնքը, որի հիշողության մեջ դեռեւս թարմ էին երկու տարի առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերը եւ դրանցում զրահատանկային զորքերի հրամանատար Համազասպ Բաբաջանյանի խաղացած որոշակի դերը: Օտտավայում արագ լուր տարածվեց, որ նոր դեսպանը մարշալի հայրենակիցն է: Դա այսօրվա լրագրային լեզվով սեւ PR էր Հարությունյանի համար, եւ նրա ժամանման օրը հարյուրավոր մարդիկ ցույցի դուրս եկան դեսպանության շենքի առաջ, վանկարկելով այն, ինչը գրված էր պաստառներին. « Haroutunian go home»…
ա) 70-ականների սկզբներին սովորում էի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայում: Յուրի Անդրոպովի որդին` Իգոր Անդրոպովը, աշխատում էր նույն ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում որպես կրտսեր գիտաշխատող: Նա ունկնդիրների հասակակիցն էր, համեստ ու պարզ մի անձնավորություն: Ձմեռային քննաշրջանի ավարտից հետո Դեմոկրատական Գերմանիայի համակուրսեցիների հրավերով արձակուրդներն անցկացրինք նրանց երկրում: Իգորը մեզ հետ էր: Ճամփորդելիս մարդիկ մտերմանում են, անկեղծանում: Նա Դրեզդենում պատմեց, որ հայրը, որն այն ժամանակ Հունգարիայում ԽՍՀՄ-ի դեսպանն էր, իբր, դեմ է եղել սովետական զորքերը Հունգարիա մտցնելուն: Փոխարենն առաջարկել է երկրում անցկացնել կուսակցական-պետական ռեֆորմներ` բարեփոխություններ:
– Քաղբյուրոն չլսեց նրան, եւ Հունգարիայում արյուն թափվեց: Մենք շատ բան կորցրինք, իսկ զինաթափումը տասնյակ տարիներով մտավ փակուղի,- ասաց Իգորը:
(Հունգարական դեպքերին վերաբերող վերջին տարիներին հրապարակված աշխատություններում ասվում է հակառակը: Այս առումով հետաքրքրություն է ներկայացնում Ալեքսանդր Ստիկալինի «Ընդհատված հեղափոխություն: 1956 թ.-ի Հունգարական ճգնաժամը եւ Մոսկվայի քաղաքականությունը» մենագրությունը, որում հեղինակը ռուսական եւ օտար արխիվների հարուստ նյութերի հիման վրա ապացուցում է, որ ռազմական միջամտության առաջին հրահրողը եւ ջատագովը եղել է հենց Անդրոպովը: Երկրի բարձրագույն ղեկավարությունից միայն Անաստաս Միկոյանն է, որն, ինչպես հունգարական դեպքերից անմիջապես առաջ Բուդապեշտ այցելելուց հետո, այնպես էլ Գերագույն խորհրդում հարցի կրկնակի քննարկման ժամանակ, դեմ է արտահայտվել զորքերն այդ երկիրը մտցնելուն):
Անդրոպովը իր մեղքի բաժինն ունի նաեւ Աֆղանական պատերազմում: Հինգ տարի հետո` 1979թ. դեկտեմբերին, երբ մարազմի` զառամախտի հասած Բրեժնեւը եւ նույն վիճակում գտնվող Քաղբյուրոյի շատ անդամներ կորցրել էին երկիրը նորմալ կառավարելու ունակությունը, պետության ռազմաքաղաքական գիծը տանում էր Անդրոպով, Ուստինով, Գրոմիկո հզորագույն տրիմվիրատը` եռյակը: Այդ եռյակն էլ երկիրը ներքաշելու էր աֆղանական արյունահեղության մեջ, որը տեւելու էր յոթ տարի, պատճառ էր դառնալու տասնյակ հազարավոր զոհերի, դժբախտացնելու էր ընտանիքներ, կոտրելու էր ճակատագրեր…
բ) Ավստրիայում աշխատելու ընթացքում համատեղության կարգով նշանակվեցի դեսպան հարեւան Հունգարիայում: Նախագահ Գյոնցին էի հանձնում հավատարմագրերը: Զրույցի ընթացքում նա սիրալիր էր եւ այդպես էլ մնաց հետագա հանդիպումների ժամանակ: Ծանոթ էր հայ-հունգարական հարաբերությունների պատմությանը, գնահատում էր հունգարահայերի խաղացած դերը երկրի կյանքում, հիշում էր Խորհրդային Հայաստանի առեւտրատնտեսական եւ մշակութային ուղիղ կապերը Դյոր-Շոպրոն մարզի հետ, որոնցով ակտիվորեն զբաղվում էր Հայաստանի Կոմկուսի 1-ին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Գյոնցը մաղթեց, որ այդ կապերը վերականգնվեն ու խորանան: Խոստացավ օգնել դեսպանության կազմակերպչական աշխատանքներին:
Անդրադառնալով 1956թ. իրադարձություններին, նա թռուցիկ հիշատակեց Բաբաջանյանի անունը:
Նկատեցի, որ մարշալը պարզապես կատարել է զինվորին տրված հրամանը: Եթե չլիներ հայազգի Բաբաջանյանը, լինելու էր մեկ ուրիշը:
– Հուսանք, որ հետայսու մեր ժողովուրդներին կկապեն միայն հաճելի հիշողություններ,- եզրափակեց նախագահը:
Հունգարացիների հետ, տարբեր մակարդակներով իմ հետագա հանդիպումների ժամանակ, բարեբախտաբար, ոչ ոք չանդրադարձավ 56-ի դեպքերին:
Պարզապես կարելի է ափսոսալ, որ պաշտոնի բերումով դրանց մասնակցած ռազմական մեծ գործչի, իմիջիայլոց, նրան մոտիկից ճանաչողների ընդհանուր կարծիքով` նաեւ մեծ հայասերի անունը, բացասական զգացումներ է առաջացնում բարեկամ հունգար ժողովրդի մեջ:
Հեղինակի անձնական արխիվից