Սա այս թեմայով իմ առաջին հոդվածը չէ, սակայն, ինչպես երեւում է, պետք է ժամանակ առ ժամանակ խոսել այս մասին: Հուսով եմ` հասարակությունն արդեն մոտեցել է այն սահմանագծին, երբ կարող է ընկալել ու ըմբռնել իմ ասածների իրականությունը: Ես ուզում եմ օգնել ազգային մշակույթին` ելնելով սեփական փորձից ու իմ կուտակած գիտելիքներից: Անհրաժեշտ է մշակել մշակութային ոլորտում որոշումներ կայացնելու կոնցեպցիա:
Եվ այսպես, որպեսզի հայկական մշակույթը կարողանա դուրս գալ համաշխարհային շուկա, պետք է հասկանալ, թե ի՞նչ ունենք մենք, ի՞նչ վիճակում է մեր ունեցածը գտնվում, եւ ինչպե՞ս այդ ամենը վաճառքի հանենք: Միջազգային ասպարեզ դուրս գալու սուբյեկտը Հայաստանն է: Սփյուռքը կարող է ընդամենը հզոր խթան դառնալ, սակայն գլխավոր մեխանիզմը մեր երկիրն է: Ինչպես ցույց է տալիս փորձը, միմիայն մշակութային կյանքի անընդհատ բարձր մակարդակը (որի մեջ մտնում է նաեւ քարոզչությունը, մինչեւ անգամ էքսպանսիան ինտելեկտուալ շուկաներում) կարող է հանգեցնել ցանկալի արդյունքի: Այսօրվա հայկական շուկան իրական հայկական մշակույթի համար փոքր է ու աղքատ (բացի ռաբիսից ու ժողարվեստից), այդ պատճառով մենք ականատեսն ենք երկրից արվեստի մարդկանց արտագաղթին: Դա թուլացնում է մեր ուժերը, մեր ազգային գեղարվեստական փորձն ու գեղարվեստի աշխարհը: Այրպիսով դեգրադացիա է ապրում ազգի երեւակայությունը` նեղացնելով խնդիրների ու որոշումների շրջանակը, որոնք փոխկապակցված են արվեստի բոլոր ճյուղերի համակարգում:
Ինչպե՞ս կարելի է գավառականությունից դուրս գալ: Իբրեւ օրինակ բերեմ բոլորիս լավ հայտնի Սերգեյ Դյագիլեւին, որը հասկացավ, թե ինչպես եւ որտեղ կարելի է ցուցադրել ռուսական մշակույթը (խոսքն, այսպես կոչված, «Ռուսական սեզոնների» մասին է), եւ հաջողությունն իրեն սպասեցնել չտվեց: Ես միանգամայն վստահ եմ, որ փարիզյան հյուրախաղերի ընտրությունը բացարձակ ճիշտ որոշում էր: Եթե Դյագիլեւը այդ «սեզոնները» տաներ Լոնդոն կամ Բեռլին, պատկերը բոլորովին այլ կլիներ: Ամենայն հավանականությամբ` նա կձախողվեր: Ուշադրություն դարձնենք այն բանին, որ Դյագիլեւն ընտրել էր անսովոր ձեւ` ժամանակակից բալետ՝ գումարած գեղանկարչություն՝ գումարած երաժշտություն (ոչ միայն ժանրերի, այլեւ մշակույթների` ռուս, ֆրանսիական եւ ուլտրաինտերնացիոնալ, սինթեզ): Հենց նման համադրումը աշխարհի համար բացահայտեց նոր սինթեզ ռուս եւ համաշխարհային մշակույթի մեջ:
Բացարձակ ճշգրտությամբ այդ ուղին կրկնելը եւ՛ ծիծաղելի է, եւ՛ անհնարին: Ես այն բերում եմ միայն իբրեւ չափազանց հաջող գեղարվեստական սինթեզի օրինակ: Դյագիլեւը «ռուսական սեզոններով» ստվերից միջազգային ասպարեզ հանեց ռուսական արվեստի ժամանակակից փորձերը: Ռուսաստանի մշակույթը (բացի գրականությունից), այդ «սեզոններից» հետո գրավեց առաջին տեղերից մեկը համաշխարհային մյուս մշակույթների կողքին: Ասել է թե` եւ՛ ռուսական բիզնեսը, եւ՛ իշխանությունները հույսը դրել էին անկախ Դյագիլեւի վրա, որն էլ երկիրը դուրս բերեց առաջին տեղերից մեկը համաշխարհային մշակույթի մեջ:
Իսկ ինչի՞ց պետք է սկսենք մենք: Ի՞նչ ունենք մենք, եւ ե՞րբ, ո՞ր երկրում ու ի՞նչ ռեսուրսներով պետք է գործենք հաջողության հասնելու համար: Մենք պետք է հարաբերակցենք ազգային կյանքի ներսում մեր հաջողությունները (եթե այդպիսիք կան), եւ թե ի՞նչ կարող է ստանալ մեզ ընդունող մշակութային այն հսկա տերությունը, որտեղ մենք բավականին երկար ժամանակահատվածում պիտի ցուցադրենք մեր հաջողությունները: Սակայն ազգային մշակույթի այսօրվա վիճակը մեծ թերություններ ունի, ինչը թույլ չի տալիս որեւէ լուրջ բան ձեռնարկել: Ուրեմն ինչպե՞ս պետք է մեզ պահենք:
Ցանկացած գործի, առավել եւս արվեստի մեջ, հաջողության կարեւոր պայմանը ճիշտ ընտրությունն է: Ինձ հաճախ են ասում. «Դու սեփական փորձից գիտես, թե ինչ անենք, որ մեզ նկատեն միջազգային ասպարեզում, օգնի՛ր»: Իմ պատասխանը շատ պարզ է.«Մեր ժամանակակից մշակույթում այնպիսի վիճակ է, որ բացակայում են բազմաթիվ գործոններ: Ամենից առաջ` չկան յուրօրինակ գեղագիտական կոնցեպցիաներ, չկան խոշոր անհատականություններ, թեեւ կան շնորհալի ու տաղանդավոր մարդիկ: Սակայն դա քիչ է համաշխարհային կամ գոնե միջազգային շուկա դուրս գալու համար»: Սակայն ինձ առարկում են. խոշոր անհատականություններ չկան նաեւ ողջ աշխարհում: Չեմ վիճում (դա դուրս է այս հոդվածի շրջանակներից, թեեւ ես այդ կարծիքի հետ համամիտ չեմ), սակայն ասեմ, որ եթե անգամ դա այդպես է, ապա համաշխարհային մշակույթը, որը կառուցված է իբրեւ տասնյակ գերիշխող ազգային մշակույթների արժեքային համակարգ, իր մեջ չի ներառում հայկական մշակույթը: Մենք այնտեղ չկանք: Այդ մշակույթները գեղարվեստական մտքի չափազանց բարձր մակարդակ ունեն, ունեն վերլուծության եւ գնահատման սեփական համակարգ, փոխազդեցություններ եւ կոմերցիոն փոխգործակցության հսկայական փորձ, ինչը բացակայում է հայկական մշակույթում: Մենք այդ ամենը դեռ պետք է ստեղծենք, ասել է թե` պետք է մեր մասին հայտարարենք արվեստի այնպիսի գործերով, որոնք մեծ մշակույթների համար կդառնան կարեւոր բաղադրիչ, իսկ մշակույթի համաշխարհային շուկայում՝ շահավետ ներդրում: Այսօր համաշխարհային մշակութային շուկայում վիճակն այնպիսին է (էկլեկտիկ, մեծ փոփոխությունների ակնկալիքով), որ կարելի է ասպարեզ ելնել օրիգինալ գաղափարներով: Սակայն այդ գաղափարները նախ պետք է լինեն, ապա եւ պետք է լինեն կամք ու ֆինանսական միջոցներ` ստվերից դուրս գալու եւ այդ ամենը մշակույթի համաշխարհային ինտելեկտուալ շուկայի սեփականությունը դարձնելու համար: Ընդհանուր առմամբ վերցրած` մեր մշակույթի, արվեստի տարբեր ճյուղերում նկատվում է խիստ նմանակում, երբեմն նաեւ՝ տաղանդավոր: Ժամանակակից ազգային մշակույթը վատ է ուսումնասիրված համաշխարհային գեղարվեստական արժեքների եւ գործընթացների տեսանկյունից: Այն զուրկ է անաչառ գնահատականից: Այստեղից էլ արվեստագետների մեծ մասի դժգոհությունը, սեփական արվեստի գերագնահատումը. նկատի ունեմ պարգեւների, տիտղոսների եւն շուրջ ստեղծվող իրարանցումը: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունն ու հասարակությունը թույլ պատկերացում ունեն այն մասին, թե արվեստի որ ուղղությունը կամ որ արվեստագետին պետք է ներկայացնել մշակույթի համաշխարհային շուկայում:
Ստեղծված պայմաններում կարող ենք խոսել հօգուտ միջնադարյան մշակույթի, որը բավականաչափ ուսումնասիրված եւ գնահատված է: Այսպես, համաշխարհային մշակույթը գնահատում է եւ ընդունում մեր միջնադարյան մանրանկարչությունը, եկեղեցական ճարտարապետությունը, շարականները, պոեզիան, դրանց ազդեցությունը վաղքրիստոնեական մշակույթի վրա: Միաժամանակ այդ ամենը կարելի է աշխարհին ներկայացնել որպես մի ամբողջականություն: Սակայն սա չի նշանակում, որ այսօր կարելի է ոչ մի բան չանել. աշխարհում գոյություն չունեն մեկընդմիշտ տրված գնահատականներ: Յուրաքանչյուր սերունդ պետք է ուսումնասիրի եւ ամրապնդի այս շուկայական-հետազոտական մարաթոնում ցանկացած նվաճում: Մենք պետք է հիշենք, որ Շեքսպիրի, Վիվալդիի, Բախի, Բոտիչելիի, դե լա Տուրի նման հանճարները մի քանի հարյուրամյակ մոռացության էին մատնված մարդկության կողմից: Այսօր էլ համաշխարհային մշակույթում քիչ չեն մեծ վարպետները, որոնց իսպառ մոռացել են:
Անվիճելի է, որ համաշխարհային շուկա մենք պետք է դուրս գանք նախ եւ առաջ մեր միջնադարյան արվեստի ձեռքբերումներով: Այստեղ մենք բարձր որակ ենք ապահովել արվեստի` վերը նշված ճյուղերում, կանգնած ենք եղել համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության ակունքներում` Հռոմի եւ Բյուզանդիայի կողքին: Սակայն ի՞նչ պիտի անի Հայաստանն այն բանից հետո, երբ ամրապնդի դասական ժամանակաշրջանի առաջին հաջողությունները: Դրանից հետո ազգային մշակույթը պետք է ասպարեզ ելնի 20-րդ դարի առաջին անհատներով կամ արվեստի առանձին ճյուղերով: Այստեղ կարող են մեծ դեֆորմացիաներ լինել, այդ պատճառով աշխարհին պետք է ներկայանալ չափազանց մտածված ու անսխալ: տաղանդավոր ու հետաքրքիր անունների երկրորդ ու երրորդ շարասյունը պետք է ներկայացվի ավելի ուշ: Հասկանո՞ւմ են արդյոք իշխանություններն ու մշակութային հասարակայնությունը, որ գնահատման այսօրվա հիերարխիան աղավաղված է եւ անընդունելի աշխարհի համար:
Հայաստանն իբրեւ հզոր համակարգ, որքան էլ որ թույլ լինի իբրեւ պետություն, Սփյուռքից ուժեղ է, եւ պետք է ընտրողաբար միջազգային ասպարեզ հանի սփյուռքի տաղանդավոր արվեստագետներին: Այսինքն` Հայաստանի համար կարեւոր չէ, թե ում է ներկայացնում համաշխարհային շուկային` սփյուռքահայի՞, թե՞ հայաստանաբնակ արվեստագետի, նրա համար կարեւորը պետք է լինի հաջողությունը, հայկական մշակույթի գեղարվեստական մտքի բարձր իմիջը: Իբրեւ օրինակ կարող եմ բերել ուրիշ երկրների ու ազգերի գործողությունները: Օրինակ` հրեական հիմնադրամները գնում են հրեա նկարիչների գործերը եւ նվիրում ԱԿՄ-ի կամ Եվրոպայի հայտնի թանգարաններին` այդպիսով նկարիչների առջեւ նոր դռներ բացելով: Քվեբեկի ֆրանսիացիները սերտ կապեր ունեն Ֆրանսիայի մշակույթի հետ. ի դեպ, Ազնավուրի իսկական հաջողությունը սկսվել է ոչ թե Փարիզում, այլ հենց Քվեբեկում: Իսկ մենք պետք է սերտորեն համագործակցենք կոլեկցիոներների, հայկական արվեստը գնահատողների, Սփյուռքի եւ Հայաստանի մեծահարուստների հետ: Կարծում եմ` պետք է ձեւավորվեն միություններ, ազգային թանգարաններ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, այլ երկրներում: Աշխարհում լուրջ միջոցառումներ պետք է կազմակերպվեն ոչ թե Սփյուռքի, այլ ավելի վեր ու ավելի որակով` բարձր արվեստի համար: Պիտի ստեղծվեն նկարիչների, երաժիշտների, հրատարակիչների, կինոգործիչների եւն միություններ, ինչպես նաեւ արվեստի գործերի առուվաճառքով զբաղվողների ողջ սպեկտրը: Պիտի կազմավորվեն մշակույթի լուրջ հիմնադրամներ (մշակույթը շահավետ, բայց ծանր բիզնես է)` հայկական մշակույթը որակով ներկայացնելու, պրոպագանդելու համար: Եվ սա դրական արդյունքների կհանգեցնի. ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ: Իմ ասածները չեն վերաբերում ոչ ռաբիսին, ոչ փոփ-մշակույթին: Միաժամանակ պետք է դրամաշնորհներ տրվեն ազգային մշակույթն ուսումնասիրողներին` ինչպես հայ, այնպես էլ օտարազգի: Հայաստանը հիմնադրամների միջոցով պետք է սահմանի մրցանակներ, օրինակ`համաամերիկյան մասշտաբի` Վիլյամ Սարոյանի անվան մրցանակ`«Գրականության ոլորտում ունեցած վաստակի համար», Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ «Կինեմատոգրաֆում հատուկ էֆեկտների նորարարության համար»… Կամ` համառուսական մրցանակներ. Գեորգի Յակուլովի անվան մրցանակ «Թատերական նկարիչ» անվանակարգում: Բացահայտ կարող եմ ասել, որ ես պատրաստ եմ ինձ վրա վերցնելու նման հիմնադրամ ստեղծելու գործը. այդ նախագիծը ես մշակել եմ դեռ 10 տարի առաջ, եւ այն հավանության է արժանացել մեր մշակույթի շատ գործիչների կողմից:
Շատ բան կարելի է անել եւ հարգանք ու հեղինակություն վաստակել համաշխարհային մշակույթի մեջ, դառնալ գործընկեր, բացահայտել նոր անուններ եւ զբաղվել այդ բիզնեսով: Եվ հենց այս պատճառով մենք պետք է նախաձեռնություն հանդես բերենք եւ առաջ շարժվենք` հզոր մշակույթների ընտանիքում սեփական տեղը նվաճելու համար:
Ես հասկանում եմ, որ այս գաղափարները չեն կարող միանգամից եւ միովին իրագործվել, այլ միայն մասնակիորեն: Սակայն մենք աստիճանաբար կհասկանանք, որ մեզ` երաժշտասերներիս կամ նկարչության սիրահարներիս համար կարեւորը ոչ թե ազգությամբ հայ երաժիշտն է կամ հայ նկարիչը, այլ տաղանդավոր ավեստագետը, քանզի, եթե նա իր տաղանդը վատնում է մեր երաժշտական կամ նկարչական ճաշակը զարգացնելու վրա, ապա դառնում է մեր մշակույթի մի մասը: Այսպիսին էր ազգությամբ հույն Հերբերտ ֆոն Կարայանը՝ գերմանական մշակույթի, պորտուգալացի Վելասկեսը` Իսպանիայի, կամ հայ Ադամովը` Ֆրանսիայի համար: Եվ սա ավելի կարեւոր է, քան քաղցր սուտը, թե մեզ մոտ ամեն ինչ կարգին է, եւ թող «գլոբալիզացիան մեզ չխանգարի»: Մյուս կողմից` մենք չպետք է հրավիրենք հայտնի, սակայն վաղուց գործածության մեջ դրված անուններ, հատկապես այն ոլորտներում, որոնք մեզ համար հեռանկարային չեն` բազմաթիվ հիմնավոր հանգամանքներով պայմանավորված:
Մենք պետք է սեփական կարծիք ունենանք (իսկ սա մշակույթի մեջ ամենից բա՛րդն է), որը չպետք է հակասի համաշխարհային մշակույթի զարգացման միտումներին, բայց միաժամանակ մենք պիտի դիտարկենք մեր ազգային մշակույթը որպես ողջ մարդկության մի մասը կամ համընդհանուր համակարգի մի հատվածը: Ասել է թե` սեփական ԿԱՐԾԻՔ մեր մշակույթի մեջ ունեն միայն եզակի անհատներ, սակայն ո՞վ կկարողանա նախագիծ կազմել: Այդ չափազանց բարդ ու բազմապարամետր խնդրի իրագործման համար ես կարող եմ առաջարկել իմ ծառայությունները (ինչի մասին ասել եմ վերը): Այստեղ ոչ միայն ունիվերսալ հայացք է հարկավոր մշակույթի նկատմամբ, այլեւ սկզբունքայնություն` բազմաթիվ նախապաշարմունքներ ու հավակնություններ հաղթահարելու համար. ես մի անգամ չէ, որ ապացուցել եմ իմ անկախությունն ու սկզբունքայնությունը: Միայն նման մոտեցումը կարող է ցանկալի հաջողության հասցնել: Ցանկացած ազգի, մշակույթի մեջ նման անհատները եզակի են: Արդեն հիշատակված Սերգեյ Դյագիլեւը միակն էր այն ժամանակի ռուսական իրականության մեջ…
Հակառակ դեպքում ամեն ինչ կկորցնենք` եւ՛ ֆինանսներ, եւ՛ մեր ժամանակը, եւ, որ ամենաթանկն է, մեր հավատն ու ցանկությունը, որ մենք ինչ-որ բանի ընդունակ ենք: