Որքան «զբոսաշրջությունը որպես տնտեսության գերակա ճյուղ» հռչակած իշխանություններն ավելի շատ են խոսում Հայաստանում քաղաքակիրթ տուրիզմի պայմաններ ստեղծելու մասին, այնքան ավելի արագ Սեւանա լիճը վերածվում է քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու «ուտելավայրի»: Լճի գրեթե ողջ երկայնքով կուտակված աղբը, լճի մակերեսին «սավառնող» ցելոֆանե տոպրակներն արդեն սովորական են դարձել: Սակայն վերջին 2-3 տարիներին Սեւանում կարելի է հանդիպել նաեւ նկարում պատկերված տեսարաններին: Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով առափնյա հանգստի շատ գոտիներ հայտնվել են կիսաքանդ եւ բառի բուն իմաստով` օդից կախված վիճակում: Սակայն դրանց սեփականատերերը նախկինի պես շարունակում են այդ խարխուլ տնակները տրամադրել հանգստացողներին: Ընդ որում, ջրի տակ հայտնվելու հեռանկար ունեցող գրեթե բոլոր օբյեկտները պատկանում են զանազան պաշտոնյաների ու գործարարների, եւ նրանք բոլորն էլ պետությունից հսկայական փոխհատուցումներ են ստանալու: Պարզապես մարդիկ, որքան էլ կոպիտ հնչի, աշխատում են «շնից մազ պոկելու» սկզբունքով եւ քանի դեռ այս տնակները վերջնականապես չեն փլվել, հանգստացողների անվտանգության հաշվին կայուն փող են բերում իրենց տերերին: Եվ երբ այս պայմաններում, ասենք, Արտակարգ Իրավիճակների նախարարությունը Սեւանի ափին ինչ-որ «փրկարարական շոու» է բեմադրում, ինչպես երեկ, ուղղակի ծիծաղելի է: Քանի որ այսօր արդեն Սեւանում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ոչ միայն ջրասույզներ են պետք, այլ նաեւ վնասվածքաբաններ: Ինչեւէ, այս պայմաններում հանգստի է մեկնում նաեւ «168 Ժամի» աշխատակազմը` հույս հայտնելով, որ առաջիկայում կբարձրանա ոչ միայն Սեւանի, այլ նաեւ մեր քաղաքական դաշտի մակարդակը: Չնայած հազիվ թե դա տեղի ունենա, քանի որ մեր հաջորդ համարը լույս է տեսնելու ընդամենը 20 օր հետո` օգոստոսի 20-ին: