Դաստիարակչական աշխատանքներ Դալմայի այգիներում

27/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Դալմայի այգիների վարձակալների հանդեպ ոտնձգությունները շարունակվում են:
Հուլիսի 14-ին նրանք ծեծի են ենթարկվել ԴԱՀԿ ներկայացուցիչների կողմից:
Ինչպես պատմում են վարձակալները, այգիներից 5000 քմ անօրինական հատկացվել
է «Փյունիկ» ՓԲԸ-ին: Այդ տարածքում վարձակալներ են Մարտիրոս, Ալինա, Ազատ,
Միսակ Խաչատրյանները եւ Էդիկ Սիմոնյանը, որոնց վարձակալության ժամկետներն
ավարտվում են 2006 թվականին:

Վարձակալները դիմել են դատարան՝ պաշտպանելու իրենց իրավունքները: «Վճռաբեկ
դատարանը մեզ կանչել էր նիստի, առավոտյան ժամը 10-ին բոլոր հողագործներով
գնացինք դատը լսելու, մեզ զգուշացրին, որ դատավորը 1 ժամ կուշանա, մենք
սպասել ենք՝ այդ ընթացքում մի քանի անգամ եւս զանգելով՝ տեղեկանալու, թե
դատն ինչո՞ւ է ուշանում, մեզ անընդհատ պատասխանում էին՝ դատավորը տեղ ա
գնացել, ուր որ է՝ կգա, ժամը 3-ին էլ եկան-հայտարարեցին, թե վարձակալների
ներկա չլինելու պատճառով (իբր մեզ փնտրել ու չեն գտել) դատավորն արդեն
որոշում է կայացրել՝ տարածքը հանձնել «Փյունիկ» հաշմանդամների միությանը»:

Հուլիսի 14-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում ԴԱՀԿ ներկայացուցիչները
տրակտորներով եկել են դատարանի վճիռն իրագործելու: «Առավոտյան տրակտորների
ձայնը լսելով՝ մտածեցի՝ գնամ-տեսնեմ ինչ է կատարվում,- պատմում է Ընծա
Մինասյանը,- տեսա էքսկավատորները այգիների պարիսպն են քանդում: Ոչ մի
դիմադրություն չի եղել մեր կողմից, ես ընդամենը զգուշացրել եմ՝ տղաներ,
սխալ տարածք եք մտել, «Փյունիկին» հատկացված տարածքն այդտեղ չի, մեկ էլ
խնդալով ասել եմ՝ էս ի՞նչ շքախումբ ա, որովհետեւ կլինեին մոտ 30 հոգի՝
ԴԱՀԿ կատարողներն էին ու Շահումյանի ՆԳ բաժնի աշխատակիցները՝
դուբինկաներով»: Այս խոսքերի համար ոստիկանները Ընծա Մինասյանին եւ մեկ
այլ վարձակալի՝ Համբարձում Խաչատրյանին, տարել են Շահումյանի ՆԳ
բաժանմունք, որտեղ վերջիններիս վարչական տույժի են ենթարկել՝ ՆԳ
աշխատակիցներին հայհոյելու համար: «Մեզ հետ բանավոր զրույցի ժամանակ ոչ մի
ոստիկան չէր ասում, որ մեզանից «քֆուր» են լսել, սակայն գրավոր
բացատրության մեջ այդպիսի բան էին գրել, հետո 1000-ական դրամ տուգանեցին
ու բաց թողին»: Իսկ այդ ընթացքում, երբ ոստիկանները տարել են Ընծային եւ
Համբարձումին, այգիների վարձակալները շտապել են դեպքի վայր՝ տեղեկանալու
կատարվածին, եւ դեմ են առել մահակների: Վարձակալների հավաստմամբ մահակները
գործի են դրել ոչ թե ոստիկանները, այլ «կատարածուները»: «Իմ հողամասում
գործ էի անում, երբ ձայներ լսեցի,- պատմում է մեկ այլ վարձակալ՝ Ազնիվ
Սիմոնյանը,- վազելով գնացի՝ ի՜նչ տեսնեմ` Ազատ Խաչատրյանին էնքան էին
ծեծել, որ ընկել ու չէր կարողանում վեր կենալ, Ազատի կնոջն էլ խփել էին՝
ուշքը գնացել էր, վրան ջուր էին լցնում: Ես վազելով գնում էի ու հանկարծ
սայթաքեցի-ընկա էս քարերի մեջ, մեկ էլ տեսնեմ՝ երկու տղամարդ կանգնել են
ձեռքերիս վրա ու կոշիկներով հո չեն տրորում…»:

ԴԱՀԿ ներկայացուցիչներն ավերել են ավելի քան 80 մ երկարությամբ պարիսպ, այդ այգիների ամբողջ բերքն այժմ ենթակա է թալանման:

Դալմայի այգիների վարձակալներին այսօր, կարելի է ասել, հետեւողականորեն
աջակցում է միայն «Հայաստանի կանաչների միությունը», որի նախագահ Հակոբ
Սանասարյանը կատարվածի մեջ միայն դիտավորություն է տեսնում. «Նրանք ամեն
կերպ հրահրում են բնակիչներին՝ կոնֆլիկտների գնալ, որպեսզի մի անգամ տանեն
տուգանեն, երկրորդ անգամն էլ կտանեն կնստացնեն, մի հանցանք կբարդեն վրան
ու հողակտորը ձեռքից կառնեն»: Պրն Սանասարյանի հավաստմամբ՝ արդեն
վարձակալներից պայմանագրերի բնօրինակները հավաքելու գործընթաց է գնում:
Երբ վարձակալներն իրենց խնդիրներով թաղապետարան կամ քաղաքապետարան են
գնում, նրանցից պահանջում են ոչ թե պայմանագրերի կրկնօրինակները, այլ՝
բնօրինակները: «Ես տեղյակ եմ, որ շատերից են այդպես խաբեությամբ վերցրել
պայմանագրերի բնօրինակները,- հավաստիացնում է Հ. Սանասարյանը։ -Բացի այդ,
Մալաթիա-Սեբաստիա համայնքի Գյուղատնտեսության վարչությունում
վարձակալներին փող են առաջարկում՝ վարձակալական պայմանագրերն իրենց
հանձնելու դիմաց: Փաստորեն, մի կողմից՝ նրանք հայտարարում են, որ այդ
պայմանագրերն ապօրինի են, մյուս կողմից էլ՝ տեսնելով, որ օրենքի անունը
տալով մարդկանց չեն կարողանում խաբել, աշխատում են այլեւայլ ձեւերով
թռցնել նրանց պայմանագրերը»:

Ի դեպ, վերոհիշյալ 5000 քմ-ն, ըստ բնակիչների, «Փյունիկին» նվիրել է
Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Այս անապատը այգի դարձնելու
համար, ինչպես վարձակալներն են հավաստիացնում, ժամանակներ են եղել, երբ
ջուրը քաղաքից են բերել ցիստեռններով ու անգամ դույլերով: Հիմա նորից
նրանք այդ նույն փաստի դեմ են կանգնած՝ այս անգամ էլ այգիները պահպանելու
համար, որովհետեւ վարձակալներին հուսահատեցնելու համար կիրառվում են բոլոր
մեթոդները: Համբարձում Խաչատրյանը այգում վարձակալ է 1990 թվականից,
վարձակալության ժամկետը լրանում է 2006-ին: Ի տարբերություն մյուս
վարձակալների, ովքեր գալիս հողը մշակում-գնում են, Համբարձումը
տնտեսություն է հիմնել եւ հենց այստեղ էլ բնակվում է: «Էս ամբողջ տարածքը
ժայռ էր ու մացառուտ,- դիմացիս բերքատու այգին ցույց տալով՝ պատմում է
Համբարձումը,- ժայռերը քանդել եմ, քարերը հանել եմ, նայի՝ էդ քարերով եմ
էս գոմը սարքել, վեդրոներով ջուր եմ բերել՝ էս անապատը այգի եմ սարքել, էն
ցուրտ ու մութ տարիներին չենք թողել մի ծառի վրա կացին իջնի, որ էսօր
գան-ասեն՝ պետության հողերն ա, բերեք նախկին վիճակին»: Վարձակալները ցույց
էին տալիս Դալմայի այգիների անմշակ հատվածներն ու ասում՝ «Է՞ս են ուզում»:
Անմշակ այդ հատվածներում քաղաքապետարանի թույլտվությամբ աղբ են կուտակում
զանազան կազմակերպություններ ու անհատ մարդիկ: «Էն ամենաճոխ աղբանոցը
պատգամավոր Գալուստ Սահակյանինն ա,- մատնանշում էին վարձակալները,- հիմա
աղբ ա կուտակում, որ հետո ասի՝ աղբանոցը վերցրել, մաքրել-սիրունացրել եմ՝
վա՞տ եմ արել»: