ՀԲ-ն հաստատել է

30/07/2009

Նախօրեին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը (ՈՀՎՀԾ)` 30 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագիրը կֆինանսավորվի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) տրամադրած վարկի շնորհիվ: Ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրության, ծրագիրը երկու նպատակ ունի` բարելավել Արմավիրի եւ Թալինի ոռոգման համակարգերի ջրօգտագործման արդյունավետությունը եւ խթանել գյուղական վայրերում աշխատատեղերի շտապ ստեղծումը: Ծրագրով ֆինանսական միջոցներ կտրամադրվեն Արմավիրում եւ Թալինում մոտավորապես 84 կիլոմետր երկարությամբ հիմնական ջրանցքների վերանորոգման համար, ինչը ջրի կորուստները կնվազեցնի մինչեւ 70 հազար խորանարդ մետրով եւ կօգնի վերականգնել մոտ 7 հազար 300 հեկտար զբաղեցնող հողատարածքների ոռոգումը:

Ծրագրի ավարտին, վերականգնման աշխատանքների ուղղակի շահառուները կլինեն 73 համայնքների մոտ 39 հազար ջրօգտագործողներ: Ծրագիրը կնպաստի մոտ 9 հազար մարդ/ամիս աշխատատեղերի ստեղծմանը: ՎԶՄԲ-ի ճկուն վարկի մարման ժամկետը կազմում է 27 տարի` 5 տարի արտոնյալ ժամկետով: 1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանի նկատմամբ հանձնառությունները կազմում են մոտավորապես 1 միլիարդ 277 միլիոն դոլար: