– Պարոն Դանիելյան, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն իր 1677 բանաձեւում ՀՀ իշխանություններին հորդորում է դատավարության ընթացքում ազատության մեջ թողնել հետախուզման մեջ գտնվող այն անձանց, ովքեր մինչեւ հուլիսի 31-ը կներկայանան իրավապահներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացավ, սակայն ձերբակալվեց: Նույնը սպասվում է նաեւ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՞ն:
– Կկիրառվի՞ կալանքը, որպես խափանման միջոց Խ.Սուքիասյանի կամ հետախուզման մեջ գտնվող որեւէ այլ անձի նկատմամբ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում, թե՞ ոչ, իրավասու չեմ պատասխանել, դա իմ լիազորությունների շրջանակից դուրս է: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար իրավասու մարմինը` քննիչը, միջնորդությամբ դիմում է դատարան, որն էլ կայացնում է համապատասխան որոշում: Այնպես որ, դա արդարադատության նախարարի իրավասությանը վերապահված հարցը չէ: Որպես իրավաբան եւս չեմ կարող գնահատականներ տալ կոնկրետ գործով, որովհետեւ որեւէ իրավաբան, եթե բավարար չափով ծանոթ չէ քրեական գործի տվյալներին, պետք է ձեռնպահ մնա անհարկի գնահատականներից: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար կան հստակ օրենսդրական պահանջներ, որոնք ամրագրված են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածով, բխում են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերից եւ այլն: Բանաձեւը տվյալ դեպքում այդպիսի աղբյուր չէ եւ չի կարող կանոնակարգել այդպիսի հարաբերություններ: Ընդհանրապես չի բացառվում նաեւ հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ, իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում, կալանքը որպես խափանման միջոց չկիրառելը, սակայն տվյալ դեպքում վճռորոշը միայն ներկայանալու հանգամանքը չի կարող լինել: Խափանման միջոցի կիրառման համար մի շարք հիմքեր կան, որոնք գնահատվում են եւ՛ քննություն իրականացնող մարմնի, որը պետք է իր միջնորդության մեջ բերի համապատասխան հիմնավորումներ, եւ դատարանի կողմից, որը այդ միջնորդությունները քննարկելիս փորձում է համոզվել, թե դրանք որքանով են հիմնավորված:
– ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել էր, որ եթե մարտի 1-ի դեպքերի արդյունքում մեղադրվողների գործերը քննվեն ՄԻ եվրոպական դատարանում, ապա ՀՀ-ն պարտվելու է: Դուք ի՞նչ կարծիքի եք, հատկապես, երբ մոտ 2 տասնյակ գործիչներ դեռեւս անազատության մեջ են:
– Նախ, պարտավոր չեմ մեկնաբանել նմանաբնույթ հայտարարությունները, եթե անգամ դրանք հենց այդ ենթատեքստով են հնչել: Արդարադատության նախարարության համապատասխան վարչությունն իր կարգավիճակով պատասխանատու է Կառավարության ներկայացուցչի համար պատրաստել ՄԻ եվրոպական դատարանի պատասխանի նախագծեր, դիրքորոշումներ, նյութեր եւ այլն: Եվ երբ մենք դատարանի կողմից հիշյալ գործերով հարցումներ ունենանք, ամենայն լրջությամբ կպատրաստենք պատասխանը: Այսօր միանշանակ պնդել, թե ինչ հեռանկար կունենա այս կամ այն գործը, նշանակում է, փորձ անել փոխարինել ՄԻ եվրոպական դատարանին: Ինքս չեմ պատրաստվում փոխարինելու ոչ ներպետական, ոչ էլ` որեւէ այլ միջազգային դատական ատյանի, չեմ էլ փորձում որեւէ կերպ կաշկանդել իրենց իմ դիրքորոշմամբ:
– Սպասվում էր, որ ՔՕ 225 եւ 300 հոդվածների փոփոխության արդյունքում ազատ կարձակվեն 2008թ. ընտրական գործընթացի հետ կապված բոլոր կալանավորները: Բայց այդպես չեղավ, եւ գործը հասավ մինչեւ համաներում: Ընդ որում, համաներման արդյունքում էլ ազատ արձակվեցին նրանց մի մասը:
– Դուք սխալ եք ներկայացնում իրավիճակը: Ես Ձեզ չեմ էլ մեղադրում դրա համար: Դուք որպես փաստ եք ներկայացնում այն, ինչ հետեւողականորեն ներկայացվել է մամուլում: Եվ երեւի թե մեր խնդիրն էր, որ կարողանայինք ժամանակին մի փոքր ավելի մեծ ծավալով եւ հանգամանորեն դրանք հերքել, ինչը կօգներ հասարակությանն ունենալու ավելի լիարժեք տեղեկատվություն: ԱԺ նախաձեռնությամբ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններն ունեցել են էական քրեաիրավական հետեւանք, եւ ոչ թե գործը հասավ համաներմանը: Համաներումը, կարելի է ասել, դարձավ մի լրացուցիչ լծակ դարձյալ այս ոլորտում մարդկանց քրեական պատասխանատվության շրջանակները վերանայելու առումով: Եթե այդ հոդվածներում փոփոխություններ չկատարվեին, ապա համաներումն այս չափով չէր կարող տարածվել նրանց վրա: Եթե նախկինում նրանցից մեծ մասը մեղադրվում էին 225-ի 3-րդ մասով, ապա օրենսդրական փոփոխությունների արդյունքում մեղադրանք առաջադրվեց 225-ի 1-ին մասով, ինչն արդեն դատապարտվածներին կամ նրանց մեծ մասին հնարավորություն տվեց ազատվել դատարանի դահլիճից, իսկ մյուսների մասով պատժաչափը կրճատվեց:
– ԵԽ ԽՎ բանաձեւերից մեկում մտահոգություն էր արտահայտված, թե որոշ մարդիկ ձերբակալվել են միայն ոստիկանի ցուցմունքների հիման վրա: Չե՞ք կիսում ԵԽ ԽՎ կարծիքը, թե նրանց մեղադրանքը կարող է քաղաքական դրդապատճառ ունենալ: Այսօր էլ դեռեւս անազատության մեջ են միայն ոստիկանի ցուցմունքներով մեղադրվող Արամ Բարեղամյանը, Աշոտ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը:
– Միայն մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելու եզրահանգումը նախ՝ խիստ վերացական է. մեղադրանք կարող է առաջադրվել նաեւ ընդհանրապես առանց որեւէ վկայի ցուցմունքի: Առանցքայինը տվյալ դեպքում ոչ թե ապացույցների տեսակն ու քանակն է, այլ` դրանց արժանահավատ լինելը` օրենսդրությամբ ամրագրված մյուս պահանջներին բավարարելուց զատ:
– Անցած շաբաթ կտրուկ վատացել է «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի առողջական վիճակը: Նրա պատժաչափի ավարտին մնացել է մոտ երկու ամիս: Արդյո՞ք առողջական վիճակը չի կարող առիթ լինել, որ այդ ամիսներին նա լինի ազատության մեջ եւ զբաղվի իր առողջական խնդիրներով:
– Ցանկացած կալանավորի եւ դատապարտյալի առողջական վիճակը մեր ուշադրության կենտրոնում է, իսկ Քրեակատարողական վարչության կողմից արվում է ամեն հնարավորը` այդ անձանց պատշաճ բժշկական սպասարկում ապահովելու ուղղությամբ: Հարկ եղած դեպքում մեր միջնորդությամբ քաղաքացիական բուժհաստատություններում կազմակերպվում են արտահերթ զննումներ ու հետազոտություններ: Թե որքանով է այս կամ այն դատապարտյալի առողջական վիճակը անհամատեղելի պատիժը կրելու հետ, որոշվում է իրավասու բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: