Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը երեկ որոշ մանրամասներ է հրապարակել Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության կազմում սպասվող փոփոխությունների մասին:
Այդ փոփոխությունները կապված են երկրի ԶՈՒ-ն ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի հետ: Ըստ թերթի տեղեկությունների, փոփոխությունները կարող են առնչվել ներքոնշյալ պաշտոնյաներին` պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւ, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգով, պաշտպանության փոխնախարար, Կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Չինգիզ Մամեդով, Ռազմածովային նավատորմի հրամանատար Շահին Սուլթանով, Եվրոատլանտյան վարչության բաժնի պետ Ռամիզ Նաջաֆով: Ենթադրվում է, որ ռազմական գերատեսչության նախկին ղեկավար աշխատակիցները կարող են հեռացվել իրենց պաշտոններից կամ այլ պաշտոնների նշանակվել: ՆԱՏՕ-ում կարծում են, որ ռազմական հեղափոխության գործընթացի արագացմանը գլխավորապես խոչընդոտող հանգամանքը հանդիսանում են կադրերը: Ըստ թերթի, ԶՈՒ ղեկավար պաշտոնների թեկնածուների ցուցակը համաձայնեցված է ՆԱՏՕ-ի հետ, եւ նրանց անունների փաթեթն արդեն գտնվում է Ադրբեջանի նախագահի սեղանին: