«Կարծում եմ, որ Դատախազության կարծիքը դա մասնավոր անձանց կարծիք է, եւ այդ առումով, դատախազները չեն, որ պետք է գնահատական տան փաստաբաններին ու փաստաբանական ընդհանուր գործունեությանը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Արամ Կարախանյանը` արձագանքելով օրերս Դատախազությունում հնչած այն կարծիքին, թե փաստաբաններն իրենց բուն գործունեությունը թողած՝ զբաղվում են քաղաքականությամբ: Շարունակելով` փաստաբանն ասել է, թե իրենց պրակտիկան ապացուցել է, որ ավելի սկզբունքային փաստաբանները այս կամ այն մարմնի կողմից հակազդեցության են հանդիպում: Ըստ նրա, փաստաբանների մասին Դատախազության հնչեցրած այդ գնահատականը պայմանավորվել է հենց այն հանգամանքով, որ որոշ փաստաբաններ խնդիրներ են ունենում իրենց սկզբունքայնության պատճառով: «Կրկին անգամ ուզում եմ ասել, որ իրենք ընդամենը մարմիններ են, որոնք որոշակի պետական գործառույթ են իրականացնում, եւ այդ գործառույթների մեջ հաստատ չի մտնում փաստաբանության որոշակի գործունեության հետ կապված գնահատականներ տալը: Թող անմիջական իրենց պարտականություններով զբաղվեն»,- ասել է փաստաբանը: