Հուլիսի 23-ին Արամի փողոցում Չեխիայի Հանրապետության՝ 2, եւ հուլիսի 25-ին Ե. Կողբացու եւ Վ. Սարգսյան փողոցներում ավազակային հարձակման ենթարկված Նիդեռլանդների Թագավորության՝ 2 եւ Արգենտինայի 3 քաղաքացիների վրա ավազակային հարձակում գործած հանցագործները ձերբակալվել են: ՀՀ Ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ` հուլիսի 27-ին բերման են ենթարկվել 1993թ. ծնվ. Մկրտիչ Հովսեփյանը, 1981թ. ծնվ. Հայկ Բուդոյանը եւ նրա կրտսեր եղբայրը` 1993թ. ծնվ. Վիգեն Բուդոյանը, ովքեր խոստովանել են, որ իրենք են հարձակվել զբոսաշրջիկների վրա: Մ. Հովսեփյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ Բուդոյանների բնակարանից հայտնաբերվել են զբոսաշրջիկներին պատկանող «Վիզա Էլեկտրոն» եւ «Մաստեր» քարտեր, անձնագիր, ժամացույցներ, դրամապանակներ, բջջային հեռախոսներ, տարբեր երկրների դրամներ եւ այլ իրեղեն ապացույցներ: Ոստիկանները կասկածներ ունեն, որ հնարավոր է նրանք կատարած լինեն նմանատիպ այլ հանցագործություններ եւս, ուստի` տուժողները կարող են դիմել Ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին: