Լեռնամերձն Արարատյան դաշտի վերջին գյուղն է։ Հիմնադրել են 1924թ.
Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերն ու եզդիները։ Այսօր Լեռնամերձ
գյուղում ապրում է 510 մարդ, որոնցից 185-ն ազգությամբ եզդիներ են։ Գյուղն
ունի 100 տուն, 100 հա վարելահող, որից 20 հա-ն ոռոգելի չէ։ Դժվար է
ներկայացնել այս գյուղը, որի նկարագիրը հեռու է նույնիսկ սահմանամերձ
գյուղերի քարուքանդ պատկերներից։
Շատ վատ վիճակում են միջհամայնքային ճանապարհները, գազի խողովակները գյուղ
չեն հասնում, իսպառ վերացած է հեռախոսակապը (ինչպես Էջմիածնի շատ
գյուղերում)։ Սակայն, ինչպես բոլորիս հայտնի է, «ԱրմենՏելը» խոստացել է
մինչեւ տարվա վերջ որոշ չափով կարգավորել գյուղերի հեռախոսակապի խնդիրը,
սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի արվել այս հարցում։ Այս խնդրի շուրջ
«ԱրմենՏելից» փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն «Պիառ
սերվիս-Տեխնիկական բաժին-Պլանավորման վարչություն» շղթան ձգելով՝ պարզվեց,
որ ոչ ոք իրավասու չէ պարզաբանումներ տալ, իսկ Տրանսպորտի եւ կապի
նախարարությունից առաջարկեցին այդ հարցով դիմել «ԱրմենՏելին»։ Հետաքրքիր
է, ինչո՞վ է զբաղվում նախարարությունը։
Լեռնամերձի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ազատ Բարսեղյանի խոսքով՝
իրենք միշտ այս հարցերով դիմել են Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին,
կառավարության անդամներին, վարչապետին, սակայն բոլոր նամակներում նշվել են
խնդիրները լուծելու համար «հեռակա» ժամկետներ եւ ուղարկվել են բազմաթիվ
ծրագրեր, իսկ, ինչպես Բարսեղյանն է ասում՝ «ծրագրերով մարդ չես կերակրի»…
Գյուղը հետզհետե գնում է դեպի ծերացում. ծնելիության մակարդակը շատ ցածր
է։ Տեղի 8-ամյա դպրոցում սովորում է 67 աշակերտ։ Տեղացի ուսուցիչները
հինգն են, մնացածը հարեւան գյուղերից են գալիս, այդ թվում՝ դպրոցի
տնօրենը։
Այս ամենի պատճառը մեկն է՝ գյուղացին չունի 132.000-528.000 դրամ, որ կարողանա ուսանող պահել. գյուղն ունի 3 ուսանող։
Գյուղը չունի նույնիսկ գյուղապետարանի նորմալ շենք, չունի նաեւ
գրադարանի համար շենք, սակայն կան գրքեր, որոնք իրենց հանգրվանն են գտել
վարձով վերցված շենքում։ Գյուղն իր ուժերով հնարավորություն չունի լուծել
ո՛չ ճանապարհաշինության, ո՛չ էլ գրադարանի կամ գյուղապետարանի շենքերի
կառուցման հարցերը։ Սակայն կառավարությանն առընթեր Արտադրական
ենթակառուցվածքների վարչության պետ Գագիկ Նիկողոսյանի խոսքերով՝ «եթե
ճանապարհաշինության հետ կապված, գյուղը պետական բյուջեի ընդունման ժամանակ
դիմի կառավարությանը, ապա, եթե նշված խնդիրն այլ ծրագրերով չֆինանսավորվի,
պետական բյուջեից գումար կհատկացվի խնդրի վերջնական լուծման համար, սակայն
եթե գյուղն ունի համապատասխան միջոցներ, ապա այդ աշխատանքները պետք է
կատարվեն գյուղի կողմից»։ Մինչդեռ Լեռնամերձի գյուղապետարանի աշխատակազմի
քարտուղար պրն Բարսեղյանը նշեց, որ բազմիցս դիմել են տարբեր պետական
մարմինների, բայց ոչ մի դրական արձագանք չեն ստացել։
Իսկ Լեռնամերձ գյուղն ունի 700.000 դրամ հողից ստացվող հարկային
գումար (որը ժամանակին չի էլ վճարվում բնակչության կողմից), գույքահարկ՝
38.000 դրամ, գյուղի 6 ավտոմեքենաներից էլ՝ 60.000 դրամ գույքահարկ։
Կառավարությունից ստացած դոտացիան կազմում է 1 մլն 120.000 դրամ, որը
բավարարում է միայն գյուղապետարանի աշխատակիցների աշխատավարձերը
վճարելուն։ Գյուղում ամենաբարձր աշխատավարձ ստացողը գյուղապետ Սահակ
Միրզոյանն է՝ 50.000 դրամ։
2002թ. կառուցվել է մեկ պոմպակայան, որը ջուր է մատակարարում
Ամբերդ-Աղավնատուն-Լեռնամերձ գյուղերին, սակայն ջրի սակավության եւ
ուղղության անհարմարության պատճառով՝ հողերի 20%-ը չի ոռոգվում, ինչն էլ
լրացուցիչ բարդություն է ստեղծում գյուղացիների համար։ Եթե հարեւան
գյուղերում ջրամատակարարման խնդիրը շատ թե քիչ լուծված է, ապա Լեռնամերձ
գյուղում առաջնահերթ խնդիր է դարձել։
Գյուղի բնակչությունն արտագաղթում է։ Այս փոքր գյուղի համար 179
արտագաղթողը շատ մեծ թիվ է։ Գյուղացիները՝ կեսլուրջ-կեսկատակ նշում են, որ
ոտաբոբիկ են ման գալիս, քանի որ արտագնա աշխատանքի մեկնեց նաեւ գյուղի
միակ կոշկակարը։
Այս դեպքում ի՞նչ անել։ Բազմիցս Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը
նշել է, որ մարզում, բացի հողագործությունից, այլ աշխատանք չկա։ Սակայն
հարց է ծագում, թե ինչպե՞ս հողի հետ կապվի գյուղացին, երբ այդ նույն
«աշխատատեղ» ապահովող հողը չի ոռոգվում, ինչպե՞ս իրացնի իր բերքը, երբ
շուկա չկա գյուղացու համար։
Փիլոսյան Ռուզաննայի ընտանիքում ապրում է 7 անձ, որոնցից չորսն
անչափահաս են։ Տունն ամբողջությամբ խարխուլ վիճակում է, իսկ տան կողքին
կանգնած է կիսակառույց շինությունը։ Տան անդամներից ոչ ոք չի աշխատում,
իսկ իրենց համար նվաստացուցիչ է օգնություն խնդրելն ու պաշտոնյաներից
բացասական պատասխան ստանալը։
Այս ընտանիքը պատրաստ է դիմելու նույնիսկ ամենածայրահեղ միջոցների.
նույնիսկ՝ հայ բարերարների դիմելու՝ միայն թե անչափահասների գլխավերեւում
տանիք լինի։ Իսկ մարզպետի մատնանշած «աշխատատեղով» այսօր նույնիսկ ընտանիք
չեն կարողանում կերակրել։
Պետք չէ, որ Ջոն Էվանսը կամ հայ նախարարները դույլերով ավազ
տեղափոխեն. դա կանի տեղի բնակչությունը՝ հայ եւ եզդի՝ ուս ուսի տված,
ովքեր ապրում են կողք կողքի՝ տխրության թե ուրախության պահին, պարզապես
չեն տեսնում այն աղբյուրը, որից կարող են օգտվել բնակիչները։
Եթե այս պետության քաղաքացին արժեք է ներկայացնում, ապա պետք է նրան
նայել այնպես, ինչպես հավասարը՝ հավասարին։ Սակայն այս գյուղում բոլորովին
այլ պատկեր է՝ բարեկեցության բոլոր միջոցները շրջանցում են այս գյուղը։
Իսկ եթե ոչ երկրի կառավարությունը, ապա էլ ո՞վ պետք է մտածի այս հարցի
շուրջ։
Այս գյուղում միակ մխիթարությունը համերաշխությունն է։ Պրն
Բարսեղյանի խոսքերով՝ Լեռնամերձում եզդիներն ավելի ուժեղ են իրենց
իրավունքների պաշտպանության տեսակետից։ Այստեղ ազգային խտրականություն
չկա. նույնիսկ եզդիներն, ըստ իրենց ընտանիքի անդամների թվաքանակի, ավելի
շատ սեփականաշնորհված հողեր ունեն, քան տեղի հայերը։
– Մեղք է այսօրվա սերունդը՝ 1983-1985թթ. հետո ծնվածներն ապրում են՝
ինչպես քլոր տված ջրում՝ ձկները։ Նրանք բացի հողից ու թարխունից ուրիշ
ոչինչ չեն տեսել, կան մարդիկ, ովքեր նույնիսկ Երեւան քաղաքի տեղը չգիտեն։
Եթե մի քանի կոպեկ էլ ունենան, ապա դուրս կգան Հայաստանից, քանի որ այստեղ
առանց աշխատանքի, առանց վարձատրվելու ապրել չեն կարող,- ավելացրեց
Բարսեղյանը։
Գյուղն այսօր էլ մնաց իր խնդիրներով ծանրաբեռնված, որի պատասխանատուն,
այսպես էլ անհայտ մնաց՝ գյուղապե՞տն է, որը պատճառաբանում է գյուղի
բյուջեի բացակայությունը եւ արդարանում մերժված նամակների կապոցը
մատնանշելով, մարզպե՞տը՝ իր անտարբեր պահվածքով, թե՞ կառավարությունը, որն
ամեն կերպ արդարանում է իրեն չդիմելու պատճառաբանությամբ…