Կրկին հարկերի մասին

30/07/2009

Եվ այսպես, մեր տնտեսությունը հատեց 2009-ի հասարակածը՝ բավականին տխուր ցուցանիշներով։ Անկում արձանագրվեց բոլոր ոլորտներում՝ շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության, արտաքին առեւտրաշրջանառության։ Մի խոսքով՝ նախորդ տարվա վերջին ակնկալվող 9%-անոց տնտեսական աճի փոխարեն այս տարվա առաջին 6 ամիսներին ունեցանք ավելի քան 16%-անոց անկում։

Համատարած բացասական ցուցանիշների ֆոնին, այդուհանդերձ, մեկ ցուցանիշ շատ զարմանալի էր դիտվում։ Խոսքը վերաբերում է մանրածախ առեւտրաշրջանառությանը, որի ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում չէին նվազել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն՝ 16%-անոց տնտեսական անկման պայմաններում ենթադրվում էր, որ մանրածախ առեւտրաշրջանառությունը պետք է մոտավորապես նույն չափով նվազած լիներ։ Այս հարցի պատասխանը պարզ է դառնում, երբ հիշում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը՝ ստվերի 16% կրճատման մասին։ Ստացվում է՝ տնտեսությունը 16%-ով կրճատվել է, եւ քանի որ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները չեն նվազել, ուրեմն՝ այս ոլորտում 16%-ի չափով ստվերից դուրս ենք եկել։ Նման հաշվարկի ճշմարտացիության գնահատականը թողնենք մասնագետներին, մենք ընդամենը կարող ենք փաստել, որ, անկախ ամեն ինչից, հարկային մարմինները կարողացել են մանրածախ առեւտրի ոլորտում հասնել որոշակի հաջողությունների՝ առանց լուրջ ճնշումների։

Տնտեսությամբ հետաքրքրվողները թերեւս մի հակասություն էլ են նկատել։ Այսպես՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ՀՆԱ-ն (այսինքն՝ տնտեսությունը) կրճատվել է 16.3%-ով։ Ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ հարկերն ու տուրքերը տոկոսային արտահայտությամբ նվազել են ավելի մեծ չափով՝ 18.2%-ով (կամ՝ 52 միլիարդ դրամով)։ Ստացվում է՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է փոքրացած լիներ, քանի որ հարկերը նվազել են ավելի մեծ չափով, քան տնտեսությունը։ Սակայն վարչապետը կառավարության վերջին նիստում հայտարարեց. «16 տոկոս տնտեսական անկման պարագայում ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը 0.5-0.6 տոկոսով ավելացնելը չափազանց ծանր խնդիր է, բայց ՊԵԿ-ն այն իրականացրել է»։

Բանն այն է, որ այս տարվա առաջին կիսամյակում եւ անցյալ տարվա առաջին կիսամյակում հավաքագրված հարկերի մեծությունը, առանց լրացուցիչ ճշգրտումների, իրար հետ համեմատելն ու դատողություններ անելը ճիշտ չէ։

Կա երկու շատ կարեւոր գործոն, որոնք հարկավոր է հաշվի առնել՝ գերավճարները եւ ավելացված արժեքի հարկը։ Սկսենք գերավճարներից։ 2008թ. առաջին 6 ամիսներին տեղի է ունեցել 10.14 միլիարդ դրամի գերավճարի վերադարձ, իսկ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում՝ 8.6 միլիարդի վերադարձ։ Տ. Սարգսյանն այս առումով ճիշտ է, երբ նշում է, որ գերավճարի վերադարձի 15%-անոց նվազումը լավ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք արտահանման ծավալների կրկնակի անկումը։ Սակայն խնդիրը դա չէ։ Զուտ տեխնիկական առումով, ցուցանիշները ճշգրտելու եւ համեմատելի դարձնելու համար հավաքագրվող հարկերից պետք է մաքրվեն կուտակված եւ ետ վերադարձված գերավճարները։ Հաջորդ նրբությունը կապված է ԱԱՀ-ի հետ։ Ինչպես գիտեք, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ԱԱՀ-ի շեմը բարձրացվեց մինչեւ 58 միլիոն։ Սա նշանակում է, որ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58 միլիոն դրամը, ազատվել են

ԱԱՀ-ից, ինչպես նաեւ՝ այդ հարկի վճարման ու հաշվարկման հետ կապված գլխացավանքից։ Տնտեսվարողների համար, սա, իհարկե, լավ է։ Մեծ հաշվով՝ սա լավ է նաեւ պետության համար, քանի որ երկարաժամկետ հատվածում տնտեսվարողների շահելուց շահում է նաեւ ողջ տնտեսությունը։ Սակայն կարճաժամկետ հատվածում նվազում են ԱԱՀ-ի գծով բյուջեի եկամուտները։ Եթե հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը դիտարկում ենք ոչ թե ինքնանպատակ, այլ տնտեսական զարգացումների մասին ռեալ պատկերացում կազմելու համար, ուրեմն ԱԱՀ-ի մասով այս տարվա եւ նախորդ տարվա իրավիճակը պետք է դնել հավասար հարթությունների վրա։ Այսինքն՝ այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված հարկերին պետք է ավելացնել այն կորուստները, որոնք չէին լինի, եթե ԱԱՀ-ի շեմը չբարձրացվեր։ Պետեկամուտների կոմիտեն, հիմք ընդունելով հարկերի հավաքագրման եւ ՀՆԱ նախորդ տարիների սեզոնայնությունը, այս տարվա առաջին կիսամյակի համար այդ կորուստները գնահատել է շուրջ 6 միլիարդ դրամ։ Սա, կարելի է ասել, այն գինն է, որը պետությունը վճարում է փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար։ Գերավճարներն ու ԱԱՀ-ն հաշվի առնելով՝ ստացվում է, որ հարկային եկամուտները, տուրքերն ու սոցվճարները 2009թ. առաջին կիսամյակում կազմել են ՀՆԱ-ի 24.8%-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշը 24.3% էր։ Այսինքն՝ ՊԵԿ-ն, իրոք, կարողացել է 0.5 տոկոսային կետով ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։

Շատերը արդարացիորեն նշում են, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացման մասին խոսելիս պետք չէ շատ ոգեւորվել. այն ավելացել է հիմնականում տնտեսության կրճատման հաշվին։ Այս կարծիքի հետ դժվար է չհամաձայնել. վերջիվերջո, անգամ պաշտոնական տվյալներով հարկերն ու մուտքերը բացարձակ թվով՝ շուրջ 52 միլիարդով ավելի պակաս են եղել, քան նախորդ տարի։ Այսինքն՝ եթե ՊԵԿ-ն իր առաջ դներ բյուջեով նախատեսված ողջ ծավալով հարկեր հավաքելը եւ հաշվի չառնելով 16%-անոց անկումը՝ «ռեկետի» ենթարկեր տնտեսվարող սուբյեկտներին ու լցներ բյուջեն, ապա հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը միգուցե մեծանար ոչ թե 0.5, այլ 5 տոկոսային կետով։

Վերջիվերջո՝ գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության մակարդակը բավականին բարձր է եւ հնարավոր է հավաքել մի քանի անգամ շատ հարկ, քան հավաքվում է։ Օրինակ՝ ՊԵԿ-ի հաշվարկներով (2008թ. տվյալներով) պոտենցիալ ՀՆԱ-ն (որքան կարող է ապահովել տնտեսությունը) կազմել է 460 միլիարդ դրամ, մինչդեռ փաստացի հավաքվել է 295.4 միլիարդ։ Շահութահարկի դեպքում տարբերությունն ավելի մեծ է. 2008թ. գնահատված պոտենցիալ մակարդակը կազմել է 182.4 միլիարդ դրամ, մինչդեռ փաստացի հավաքվել է 2.5 անգամ պակաս՝ 73.7 միլիարդ։ Այսինքն՝ շա՜տ ցանկանալու դեպքում հարկայինը կարող էր նեղել բոլորին եւ ստվերայնության կրճատման հաշվին ապահովել բյուջեի մուտքերը։ Բայց դրանով կուրախանային միայն հիմարներն ու տնտեսության մասին միայն թվային ցուցանիշներով դատող չինովնիկները։ Որովհետեւ ցուցանիշները կլավանային, իսկ տնտեսությունը վերջնականապես շունչը կփչեր։ Այս դեպքում ողջունելի է, որ հարկային մարմինները գործում են իրավիճակին համապատասխան, չեն «խեղդում» գործարարներին։ Այստեղ կարծես սկսել են գիտակցել, որ չնայած ստվերը վատ բան է, բայց ստվերի դեմը միանգամից, կոշտ մեթոդներով առնելը կարող է կործանել տնտեսությունը։

Միգուցե ընթերցողին զարմանալի թվա, որ ՊԵԿ-ի հասցեին գրեթե քննադատություն չհնչեց։ Չէ, իհարկե, քննադատելու շատ բան կա, եւ հենց իրենք էլ չեն թաքցնում, որ անելիքները շատ են՝ սկսած կոռուպցիոն երեւույթներից, վերջացրած հարկատուների հետ նորմալ շփվելու կուլտուրայից։ Սակայն այս անգամ խոսում էինք ոչ թե այդ մասին, այլ, այսպես ասենք՝ ավելի գլոբալ։ Ի վերջո, ինչպես վարչապետն է սիրում կրկնել, լավ կլինի, որ բոլորը փորձեն ամեն մեկն իր տեղում ու իր հնարավորությունների չափով նպաստել հարկերի հավաքագրման գործին, մեր` լրագրողներիս նպաստն էլ թերեւս այն կլինի, որ, առանց իրական պատկերն աղավաղելու, ներկայացնենք արձանագրվող ձեռքբերումները, թեկուզ եւ դրանք իրականացնում է պետական մարմինը, ինչն էլ այսօր անում ենք: Վերջիվերջո, բոլորը կհամաձայնեն, որ այս կառույցը, ի տարբերություն մի քանի այլ գերատեսչությունների, զբաղվում է կոնկրետ գործով՝ հարկեր է հավաքում։ Մինչ մյուսները աշխատավարձ են ստանում այդ հարկերի հաշվին ու լոլոներ պատմում, ՊԵԿ-ը, «վատամարդ» դառնալով՝ լցնում է բյուջեն։

Վարդան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ