«Գույք պարտքի դիմաց – 2»

30/07/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը ու «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ (այսուհետ` «Նաիրիտ») տնօրեն Վ. Մելքոնյանը նոր խաղ են սկսել, որը հիշեցնում է պետության ունեցվածքի յուրացման օպերացիա: Նրանք փորձում են «Նաիրիտին» «նվիրել» 2000թ.-ին «Նաիրիտը» ստեղծած «Նաիրիտ» ԲԲԸ-ն եւ «Նաիրիտ 2»-ը, որն այսօր հայ-չինական համատեղ ձեռնարկության (ՀՁ) բաժնետոմսերի

40%-ի սեփականատերն է («Նաիրիտը» դա «Նաիրիտ 1»-ն է): «Նվիրելն», իհարկե, պայմանական է ասված, քանի որ առանց լուրջ շահագրգռվածության (այսինքն` «փայի») հենց այնպես պետության սեփականությունը չեն վերցնում ու տալիս մի ընկերության, որի սեփականատերը իրավաբանորեն օտարերկրյա «Ռայնովիլ» ընկերությունն է: Բայց ամեն ինչի մասին` ըստ հերթականության:

Մինչեւ 2000թ. գոյություն ուներ միայն «Նաիրիտ» ԲԲԸ-ն: 2000թ. այն բաժանվեց երեք մասի: «Մայր» ընկերությունը` «Նաիրիտ» ԲԲԸ-ն, որը պետական էր, ստեղծեց երկու նոր պետական ընկերություններ` «Նաիրիտ1» եւ «Նաիրիտ2» ՓԲԸ-ները: Սրանցից առաջինը դարձավ այսօրվա «Նաիրիտը» (որի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերը մինչեւ 2006թ. պետությունն էր, իսկ 2006թ. բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը դարձավ տխրահռչակ «Ռայնովիլը»), իսկ երկրորդը` մինչ այժմ էլ 100%-ով պետական է եւ, ինչպես նշվեց, հայ-չինական կաուչուկ արտադրող ընկերության բաժնետոմսերի 40%-ի սեփականատերն է: Այս հայ-չինական ՀՁ-ն ստեղծվեց, երբ ՀՀ-ից մի հոսքագիծ տեղափոխվեց Չինաստան, եւ այնտեղ գործարան կառուցվեց: Ըստ նախնական ծրագրի՝ 2010թ-ից ՀՀ-ն հայ-չինական այս ընկերությունից ամեն տարի 6 մլն դոլար դիվիդենտներ է ստանալու: Ինչեւէ, 2000թ. 3 «Նաիրիտ» ստեղծելու իմաստը նրանում էր, որ մինչ այդ կուտակված մեծ պարտքերը մնան «Նաիրիտ» ԲԲԸ-ի` այսինքն` «մայր» ընկերության վրա, իսկ «Նաիրիտ 1» եւ «Նաիրիտ 2» նոր ընկերությունները պարտքեր չունենան, որ հետագայում կարողանան նորմալ աշխատել: «Նաիրիտ 1»-ին, որ հետագայում դարձավ այսօրվա «Նաիրիտը», տրվեց այն ամենը, ինչն անհրաժեշտ էր արտադրության կազմակերպման համար: Իսկ մինչ 2000թ. գոյություն ունեցող «Նաիրիտ» ԲԲԲ-ի ակտիվների մի մասը` անավարտ շինություններ, գույք, հանգստյան տներ եւ այլն, մնացին «Նաիրիտ ԲԲԸ»-ին (թեեւ դրանց ընդհանուր արժեքը ավելի քիչ էր, քան «Նաիրիտ» ԲԲԸ-ի հաշվին գրված պարտքերի ընդհանուր գումարը): Եվ պարտքերով «հարուստ» «Նաիրիտ» ԲԲԸ-ի նկատմամբ լուծարման գործընթացը դեռ շարունակվում է: Այս գործընթացի ժամանակ «Նաիրիտ» ԲԲԸ-ն աստիճանաբար վաճառում է իր ակտիվները եւ մարում պարտքերը: Վերջերս, կառավարության 2000թ. թիվ 875 որոշումը (որով ստեղծվել էր «Նաիրիտ 1»-ը եւ «Նաիրիտ 2»-ը), «Նաիրիտի» (նախկին «Նաիրիտ 1»-ի) տնօրեն Վ. Մելքոնյանը վիճարկել է դատարանում` պահանջելով «Նաիրիտ 1»-ի սեփականություն համարել նաեւ բոլոր այն ակտիվները, որոնք 2000-ից մինչ այժմ մնացել էին «Նաիրիտ» ԲԲԸ-ին: Եվ քանի որ այդ ակտիվների մեջ կան այնպիսիք, որոնք արդեն «Նաիրիտ» ԲԲԸ պետական ընկերությունը վաճառել է, «Նաիրիտը» ի դեմս Վ. Մելքոնյանի՝ պետությունից նաեւ այդ` արդեն վաճառված ակտիվների դիմաց փոխհատուցում է պահանջում` 380 միլիոն դրամի չափով: Այսինքն` Վ. Մելքոնյանը ոչ միայն փորձում է «Նաիրիտի» սեփականությունը դարձնել «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից դեռ չվաճառած ակտիվները, այլ նաեւ ցանկանում է պետությունից ստանալ եւս 380 մլն դրամ: Ընդհանուր իրավասության, հետագայում՝ նաեւ վերաքննիչ դատարանները բավարարել են Վ. Մելքոնյանի հայցը, իսկ Վճռաբեկ դատարանում հարցը քննվելու է օգոստոսի 3-ին: Սակայն քանի որ 2006թ. «Ռայնովիլը» «Նաիրիտ 1»-ը գնել է հենց այն ակտիվներով, որոնք 2000-ի որոշմամբ տրվել են «Նաիրիտ 1»-ին, ապա տրամաբանական է ենթադրել, որ «Նաիրիտ» ԲԲԸ-ի հաշվին մնացած ակտիվները սեփականացնելու հետ մեկտեղ՝ «Ռայնովիլը» գոնե պետք է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի համար պետության վճարած գումարը ավելացներ այդ ակտիվների շուկայական գնի չափով: Չէ՞ որ, երբ 2006-ին «Ռայնովիլը» գնեց «Նաիրիտ 1»-ը, վերջինիս ակտիվների մեջ չէին մտնում այն ակտիվները, որոնք այսօր Վ. Մելքոնյանը փորձում է դարձնել «Նաիրիտ 1»-ի սեփականությունը: Սակայն դատարանը, փաստորեն, որոշել է բավարարել Վ. Մելքոնյանի հայցը եւ պետությանը պարտավորեցնել առանց որեւէ փոխհատուցման «Նաիրիտին» տրամադրել 380 մլն դրամ եւ «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից դեռեւս չվաճառված այլ ակտիվները: Եվս մեկ անգամ նշենք, որ Վ. Մելքոնյանը «Նաիրիտ» ԲԲԸ-ի ակտիվները ցանկանում է դարձնել «Նաիրիտի» սեփականությունը` բնականաբար առանց «Նաիրիտ» ԲԲԸ-ի պարտքերը կամ դրանց մի մասը ստանձնելու: Սա դեռ մեդալի մի երեսն է միայն: Վ. Մելքոնյանը փորձում է «Նաիրիտի» սեփականությունը դարձնել նաեւ «Նաիրիտ 2» պետական ընկերությունը, որը, ինչպես վերը նշվեց, 2010-ից տարեկան 6 մլն դոլարի դիվիդենտներ է ստանալու: Ըստ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի` Վ. Մելքոնյանը նամակ է գրել վարչապետ Տ. Սարգսյանին, նշելով, թե իբր առանց «Նաիրիտ 2»-ի «Նաիրիտը» չի կարող աշխատել: Վ. Մելքոնյանը առաջարկել է «Նաիրիտ 2»-ը դարձնել «Նաիրիտի» սեփականությունը` պարտքի դիմաց: Այսպես, ժամանակին Վ. Մելքոնյանի հայցի հիման վրա դարձյալ դատարանի վճռով որոշվել է, որ «Նաիրիտ 2»-ը «Նաիրիտին» պարտք է 4.5 մլրդ դրամ` Չինաստան տարված հոսքագծի դիմաց: Եվ հիմա այդ պարտքի դիմաց «Նաիրիտ 2-ը», մեր տեղեկություններով՝ Տ. Սարգսյանի անմիջական մասնակցությամբ փորձում են հանձնել «Ռայնովիլին»: Իսկ Տ. Սարգսյանի մասնակցությունն արտահայտվում է նրանով, որ նա փորձում է չինական կողմին համոզել հրաժարվել հայ-չինական ՀՁ-ում հայկական կողմից միայն 100%-ով պետական ընկերության մասնակցության պահանջից: Լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ, նաեւ այս նպատակով է Տ. Սարգսյանը լոբբինգ արել եղբորը Չինաստանում ՀՀ դեսպան նշանակելու համար: Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ «Նաիրիտ 2»-ը «Ռայնովիլին» նվիրելու իր ցանկությունը Տ. Սարգսյանը «Հանրային Խորհուրդ» կոչվող տխրահռչակ մարմնի միջոցով փորձում է ներկայացնել որպես հանրային պահանջ: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներից մեկը` ՀԱԿԿ ղեկավար Վազգեն Սաֆարյանի գլխավորությամբ, քննարկում է երկու «Նաիրիտ»-ների վերամիավորման հարցը: Այստեղ հավաքվածները, հավանաբար հիշելով հին ու բարի ժամանակները, երբ «Նաիրիտը» մեկ միասնական համալիր էր, ամենայն հավանականությամբ շուտով «կպահանջեն» «Նաիրիտ 2»-ը նվիրել «Ռայնովիլին»: Բնականաբար, նրանք հաշվի չեն առնի, որ եթե «Նաիրիտ 2»-ը, այն է` պետությունը, «Նաիրիտին» պարտք է 4.5 մլրդ դրամ, ապա մյուս կողմից էլ «Նաիրիտն» է պետությանը` ի դեմս «Երեւանի ՋԷԿ»-ի, պարտք 8 մլրդ դրամ: Իսկ քանի որ եւ՛ «Նաիրիտ 2»-ը, եւ՛ Երեւանի ՋԷԿ-ը 100%-ով պետական են, օրենքը թույլ է տալիս կատարել պարտքի վերաձեւակերպում: Այսինքն` «Նաիրիտ 2»-ի 4.5 մլրդ դրամի պարտքը «Նաիրիտին» համարել մարված` փոխարենը նվազեցնելով «Երեւանի ՋԷԿ-ին» «Նաիրիտի» ունեցած պարտքը 4.5 մլրդ դրամով` մինչեւ 3.5 մլրդ դրամի: Սակայն, ինչպես հայտնի է, մեզանում հարցերը այլ տրամաբանությամբ են լուծվում:

Հ.Գ. «Նաիրիտի» լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել` իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք վերը նշված տեղեկությունները, այդ թվում՝ այն, որ «Նաիրիտը» դատարանում վիճարկում է կառավարության 2000թ. դեկտեմբերի թիվ 875 որոշումը` փորձելով դառնալ «Նաիրիտ» ԲԲԸ-ի ակտիվների սեփականատերը, եւ արդյոք Վ. Մելքոնյանը նամակ գրե՞լ է Տ. Սարգսյանին` առաջարկելով «Նաիրիտ 2»-ը դարձնել «Նաիրիտի» սեփականությունը: Մեզ պատասխանեցին, որ նման տեղեկություններ այս պահին իրենց «հասու չեն»: «Մենք պետք է ճշտենք այդ ամբողջը եւ հետո էլ հասկանանք` եթե նույնիսկ կա նման բան, մենք իրավունք ունե՞նք դա Ձեզ տրամադրելու, թե՞ ոչ»,- ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: