Նախկինում ամառային հարցերը երկուսն էին: Առաջինը` «Ո՞ւր գնալ սովորելու»: Երկրորդը` «Ո՞ւր գնալ հանգստանալու»: Առաջինը կրթության բարեփոխումների հետեւանքով դուրս եկավ ամառային հարցերի ցանկից, դառնալով գարնանային: Դիմորդների մեծ մասը միասնական քննություններից առաջ` մայիսին է դիմում-հայտերը լրացնում: Միակը մնացած հանգստանալու մասին հարցը ամառային (ու հասարակական) ամենամեծ հոգսն է: Հայտնի բան է` մեր իշխանությունները սիրում են վարդագույն պլաններ կազմել: Օրինակ. վարչապետը «ծրագրել է», որ կառավարության անդամներն այս տարի արձակուրդը կանցկացնեն Հայաստանում: Որովհետեւ ՀՀ զբոսաշրջության 2009թ. ծրագիրը կազմելիս մեր իշխանությունները որոշել են, որ ոլորտը զարգանալու է: Զարգանալու է անկախ քաղաքական ու տնտեսական անբարենպաստ պայմաններից: Հանաք բան չէ` վերջին 7-8 տարում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը աճում է տարեկան 25 տոկոսով: Վիճակագիրներն այս ոլորտը նույնիսկ հատուկ ուսումնասիրության առարկա են դարձրել: Ենթադրվում է, որ այս տարի եւս Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը ռեկորդային կլինի՝ հասնելով 650 հազարի ցուցանիշի: Այս լավատեսական ենթադրության հիմքում ընկած է այն փաստը, որ տարվա առաջին եռամսյակում տուրիստների քանակը աննախադեպ էր` մոտ 84 հազար մարդ: Ոլորտի մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկները միջին հաշվով Հայաստանում մնում են 20 օր: Հաշվարկվել է, որ միջին զբոսաշրջիկը օրական ծախսում է մոտ 35 դոլար: Անգամ ՀԴՄ-ների տեղադրումից հետո այս թիվն էական փոփոխություն չի կրել: Տուրիստները հիմնականում այցելում են Երեւան: Նրանք հազվադեպ են գիշերում մարզերում: Բայց պաշտոնական տեղեկատվությունը սրտին մոտ ընդունել պետք չէ: Եթե դրան հավատանք, ուրեմն պաշտոնապես օրական 13-14 հազար գումար ծախսվող արտասահմանցի զբոսաշրջիկները սոցիալապես ամենաանապահով խավն են Հայաստանում: Այն պարզ պատճառով, որ այդ գումարով սնվելու ու կացարանի հարց չես լուծի: Մայրաքաղաքի հյուրանոցների մեծ մասում գիշերավարձն ավելի բարձր է: Հենց հյուրանոցային բարձր գների պատճառով հայաստանցիների մեծ մասը նախընտրում է արձակուրդն անցկացնել արտասահմանում: Այս տարի էլ կարծես պատկերը չի փոխվում: Չնայած, որ սեզոնի հենց սկզբից լրատվամիջոցները տիրաժավորում են լուրեր հյուրանոցային գների անկման մասին: Դրանք նախորդ տարվա համեմատ համարյա կրկնակի նվազել են: Ծաղկաձորում ու մյուս հանգստյան գոտիներում հյուրանոցային գիշերավարձն այս տարի մոտ 15 հազար դրամ է: Մասնավոր սեկտորում գները նախորդ տարվա համեմատ էական փոփոխություն չեն կրել` 5-10 հազար դրամ: Պատճառը երեւի համեմատաբար մեղմ ամառն է: Հայրենիքում հանգստացողների մեծ մասը երեւանցիներն են: Նրանց համար ավելի մոդայիկ են հանգստի հանրահայտ գոտիները: Գները համեմատաբար ավելի ցածր են Սյունիքում: Բայց համեմատաբար էժան հյուրանոցներում ու մասնավոր տուն-տնակներում կենցաղային բավարար պայմաններ ապահովված չեն: Ցածր ասածն էլ հարաբերական է: Ուստի մեր հայրենակիցները հիմնականում գերադասում են հանգստանալ արտասահմանում: Ըստ վիճակագրության՝ արտերկիր մեկնողների 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: 25 տոկոսը` Վրաստանին: Եվս 6 տոկոսը մեկնում է Իրան: Երեւի ազգային բարձր գիտակցությունից ելնելով՝ պաշտոնական վիճակագրությունը լռում է Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների քանակի մասին: Մինչդեռ Անթալիան հայ զբոսաշրջիկների նախընտրած հանգստավայրն է արդեն մի քանի տարի: Թե առաջարկվող պայմանների, թե արժեքի տեսանկյունից: Պաշտոնական տեղեկատվությունը արտերկիր մեկնող զբոսաշրջիկների մասին բավականին տարօրինակ փաստեր է արձանագրում: Օրինակ՝ նշվում է, որ հայ զբոսաշրջիկն արտասահմանում մնում է միջինը մոտ 50 օր: Այդքան ժամանակ հանգստին նվիրող մարդուն, համաձայնեք, դժվար է զբոսաշրջիկ անվանել: Դա ավելի շուտ սեզոնային արտագնա աշխատանքի մեկնելու ժամկետ է, քան վաստակած հանգստի: (Փորձագիտական տվյալներով՝ Հայաստանից մեկնողների մեծ մասը արտագնա աշխատանք ունեցող իր ընտանիքի անդամին ամառը պարզապես հյուր է գնում): Մեր վիճակագրությունը զբոսաշրջիկ է համարում բոլորին` թե Հայաստան ժամանող արտասահմանցուն, թե երկրից մեկնող ՀՀ քաղաքացուն: Անկախ մեկնելու կամ ժամանելու նպատակից: Այլապես ստիպված պիտի լինեինք արձանագրել, որ մեր երկիր դրախտավայրն օտարներն ավելի շատ են սիրում, քան մենք: Ընդ որում՝ անանց ու անշեջ սիրով: Որովհետեւ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ 53 տոկոսը երկրորդ եւ ավելի անգամ է ժամանում Հայաստան: Կարճ ասած, արտասահմանցիները սիրեցին մեր հայրենիքը: Հո չե՞նք ենթադրելու, որ նրանք երկրորդ ու ավելի անգամ առանց սիրելու են գալիս մի երկիր, որի բնակիչները գերադասում են ուրիշ տեղ հանգստանալ: Անգամ նախարարաց դասը: