Երեկ խմբագրություն էր եկել 84-ամյա Լենա Թադեւոսյանը եւ ներկայացնելով Երեւանի քաղաքապետարան հասցեագրած բազմաթիվ փաստաթղթերից կազմված փաթեթը, խնդրում էր միջամտել իր դեմ կատարվող ապօրինությունների հարցում:
Բանն այն է, որ 1954-ից Սեբաստիա 17/1 հասցեում բնակվող այս ծեր կինն, արդեն երկու տարի է` դիմում է քաղաքապետարան իրեն պատկանող հողատարածքի բնակմակերեսն օրինականացնելու խնդրանքով, սակայն վերջինիս դիմումներին ոչ միայն ընթացք չեն տալիս, այլեւ` իր սեփականությունը կամաց-կամաց օտարում են: «Իմ տան դիմացի հատվածում ծառեր, այգի ունեի: Հիմա քանի որ իմ տանը կից այդ տարածքը համարվում է ինքնակամ զբաղեցրած տարածք, որովհետեւ քաղաքապետարանից չեն օրինականացնում, փաստորեն, տանս շրջակայքը կամաց-կամաց վաճառում են հարեւաններիս»,- ասում է Լ. Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքնակամ զբաղեցրած տարածքներն օրինականացնելու որոշում կայացրեց, որից հետո քաղաքապետարանը պետական սեփականություն համարվող, սակայն քաղաքացիների կողմից տասնյակ տարիներ օգտագործվող հողատարածքները սեփականաշնորհելու գործընթաց սկսեց: Մինչդեռ այդ գործընթացին անպատրաստ քաղաքապետարանի պաշտոնյաները, մեր տեղեկություններով` հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ հազարավոր քաղաքացիների գործերը կազմակերպել չեն կարողանում: Քաղաքապետարանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ինքնակամ զբաղեցրած շինություններն օրինականացնելու գործընթացի անկազմակերպ իրավիճակից, մասնավորապես՝ կադաստրային մասնաճյուղերում իսկական շիլաշփոթ է սկսվել: Սեբաստիա 17/1 հասցեի բնակչուհի Լ. Թադեւոսյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանի աշխատակիցներն, արդեն երկու տարի է, ինչ իրեն անտեղի «տանում-բերում» են, բայց ոչինչ չասող, «լղոզված» պատասխաններով ճանապարհում են տուն: «Իրենց ձեռք է տալիս տունս չսեփականաշնորհելը: Հասկանո՞ւմ եք, հիմա իմ տարածքը համարվում է պետական սեփականություն, իսկ ես ծեր կին եմ: Մտել եմ Կամո Արեյանի մոտ, ասում եմ` պարոն Արեյան, կարո՞ղ է դուք իմ մահվան վկայականն ունեք, կարո՞ղ է ես վախճանվել եմ, դրա համար էլ տունս կամաց-կամաց ձեռքիցս առնում, ծախում եք»,- բարկացած պատմում է ծեր կինը` հավելելով, թե Կ. Արեյանի հետ զրույցից հետո վերջինս կանչել է քաղաքապետարանի վերահսկողության բաժնի աշխատակիցներին եւ սկսել է նրանց վրա գոռգոռալ: Կ. Արեյանը թոշակառու կնոջը հորդորել է չանհանգստանալ, խոստացել է մասնագետներ ուղարկել այդ տարածք եւ կասեցնել իր կողմից 1954-ից օգտագործվող, սակայն այսօր հարեւանների կողմից զավթած տարածքում գործողություններ իրականացնելու փորձերը: «Բայց ոչ մի բան էլ չարեցին, նորից նույն բանն է: Աջից տարածքս վերցնում են, ձախից վերցնում են: Ես ի՞նչ է` մահացե՞լ եմ, որ իմ տարածքները տալիս են ուրիշներին: Ինչո՞ւ չեն օրինականացնում տունս, չէ՞ որ ես 54 թվից իմ ձեռքերով, իմ քրտինքով եմ սարքել էդ տունն ու տնկել ծառերը»,- ասում է Լ. Թադեւոսյանը: Ի դեպ, մեր ձեռքի տակ է գտնվում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշումը, ըստ որի` տեղագրական հանրույթի ճշգրտումից պարզվել է, որ Սեբաստիա փողոցի հ.17/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 592.5քմ, որից 360քմ մակերեսով հողամասը Լ. Թադեւոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 232.5քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հետեւաբար՝ քաղաքապետ Գ. Բեգլարյանն իր որոշման մեջ ենթականերին հանձնարարել է` «Վերականգնել Սեբաստիայի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լ. Թադեւոսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ օրինական 360քմ մակերեսով հողամասին կից 232.5քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 232.5քմ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ»: Ավելին` 2009թ. մարտ ամսին կայացրած սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը քաղաքապետը դրել է Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի վրա, իսկ որոշման կատարման հսկողությունը` Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Իրավաբանական վարչության պետի: «Դա քաղաքապետարան չի, դա բաղնիք ա: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ քաղաքապետարանում քաղաքացիներին շան տեղ չեն դնում: Իբր «Մեկ պատուհանով» պիտի շփում ապահովեն, բայց էս տարիքիս ամեն օր գնում, կանգնում եմ, ոչ մի արձագանք…»,- ասում է զայրացած ծեր կինը, ով դիմումներ է գրել նաեւ ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ վարչապետին, սակայն բոլոր դիմումները վերահասցեագրվում են Երեւանի քաղաքապետարան, որտեղ, փաստորեն, սպասում են այս կնոջ «վախճանին», որպեսզի դեռեւս պետական սեփականություն համարվող այդ հողատարածքը բաժան-բաժան անեն ու վաճառեն: Ի դեպ, Լ. Թադեւոսյանը մեզ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն հասցեագրած դիմումների պատասխանները, որոնցից բոլորն էլ գրեթե նույն բովանդակությունն ունեն. «Ի պատասխան Երեւանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր գրության հայտնվում է, որ Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեում որեւէ շինարարական աշխատանք չի կատարվում»։ Տիկին Լենան հակադարձելով այս պատասխաններին, ասում է` «Սուտ են ասում, իսկ եթե ուզում են համոզվեն` թող գան եւ տեսնեն, էս պահին աշխատանք է կատարվում: Ոչ գալիս, ոչ էլ ուսումնասիրություն են կատարում: Էնքան որ ցույց են տալիս, թե դիմումին պատասխանել են»: