Կապանի Վաչագան գյուղի ճանապարհին կապույտ լեռների երիզն աստիճանաբար սկսում է բարականալ: Վաչագանի բնակիչները չեն ընդունում, երբ իրենց բնակավայրի հասցեին խոսելիս օգտագործում են գյուղ բառը։
«Վաչագանը ոչ թե գյուղ է, այլ բանավան»,- ասում են նրանք եւ որպես ապացույց` մատնանշում նախ Կապանին մոտ գտնվելու, ապա` գյուղապետարան չունենալու փաստը: Արշավիր պապի համար Վաչագանը ոչ այլ ինչ է, քան աքաղաղների կանչը, ձիերի խրխնջոցը, ժայռերի ծերպերին սեթեւեթող այծերի մկկոցը, խոտի բեռան տակ ճկվող ավանակների խրոխտ զռռոցը: 80-ամյա պապն այսօր էլ հագնում է այն տրեխները, որոնք տարիներ առաջ ինքն է կարել: «Էն ժամանակ գյուղացիք հո կոշի՞կ չէին հագնում, տրեխ էին կարում-հագնում»,- ասում է նա ու գնում դեպի պատշգամբը: Կինը` Սվետլանա տատը, անխոս հետեւում է ամուսնուն: Քիչ անց երկու զույգ տրեխ գրկած ներս է մտնում Արշավիր պապը: «Սրանք իմ կարած վերջին տրեխներն են»,- դանդաղ մոտենալով բազմոցին, ասում է պապը` ափսոսալով, որ այլեւս չի կարող տրեխ կարել: Աչքերը մի քանի ամիս առաջ են վիրահատել: «Էլ առաջվանը չեմ: Դե, տնից էլ դուրս չեմ գալիս, աղջիկ ջան: Ոտքերիս երակները, ո՞նց են ասում, հա` խցանվել են: Բայց հենց մի օր դուրս գամ, անպայման հագնելու եմ: Առաջվա գյուղացիների համար ամենահարմար ոտնամանը տրեխն էր: Ամբողջ տարին հագնում էր գյուղացին: Դաժե ամառվա շոգին էլի գուլպայով էինք հագնում: Ես, օրինակ, մենակ խոզի կաշվով էի տրեխ կարում, ու մի նոր բան էլ արեցի` տրեխի տակը ռեզին կարեցի, որ ձմռանը չսահի»,- պատմում է նա` ավելացնելով, որ տրեխ կարելի է կարել ցանկացած կենդանու կաշվով, բայց միայն խոզի կաշին է, որ չի չորանում, ու ոտքը չի քրտնացնում: «Դե հիմա էլ ո՞վ ա տրեխին նայում: Բոլորը զարգացել են, կոշիկ են հագնում»,- խոզի կաշվից կարած տրեխներն այս ու այն կողմ շրջելով` ասում է պապը, ում այս պատմությունների վրա ծիծաղում են հարեւան սենյակում գտնվող թոռները:
Գյուղի բնակչուհի 78-ամյա Մարո տատիկի 4 զավակներից միայն աղջիկը` Ադելան է մոր հետ ապրում: Մարո տատը արդեն հաշտվել է ամուսնալուծված աղջկա ճակատագրին: «Ադելային էդ գազանը փախցրեց (խոսքը Ադելայի ամուսնու մասին է.- Մ. Մ): Էդ ժամանակ աղջիկս 18 տարեկան էր: Հենց երեխան ծնվեց` էդ գազանը աղջկաս ու 40 օրական էրեխուն բերեց դրեց մեր տանն ու կորավ»,- հուզված պատմում է Մարո տատը: Նրա 3 տղաներից երկուսն ապրում են Ռուսաստանում, ու երբեմն միայն հեռախոսազանգերով են հիշում իրենց մորը, իսկ խոսելիս էլ անպայման չեն մոռանում նշել իրենց հոգսաշատ լինելը: «Բոլորն էլ ընտանիքատեր են, աղջիկ ջան: Ի՞նչ անեմ: Իրենք էլ երեւի ծերը ծերին են հասցնում: Մենակ էս մեծ տղաս, որ Ղափանում ա ապրում, հենց ինքն ա մեզ օգնում: Դե էդ տղաս էլ ընտանիք ունի: Ոչ մեկին չեմ մեղադրում: Որ էսպես սոված էլ մնամ չորս պատի մեջ` ոչ մեկին էլ չեմ մեղադրի: Ասում եմ` գոնե էս աղջիկս աշխատի, բայց աշխատանք չկա: Հեն ա, էսօր էլ ա գնացել քաղաք, բայց աշխատանք չի գտնում»,- աչքերը մաքրելով խոսում է տատը` ու հայացքը ձգում դեպի հանգուցյալ ամուսնու լուսանկարը, ով 10 տարի առաջ է մահացել: «Մահացավ, էս հոգսերն էլ կապելով վզիս: Ի՞նչ անեմ: Հիմա ամենաշատը թոռանս` Դավիթի համար եմ մտածում»,- նշում է տատը: Դավիթը ծառայում է բանակում: «Արդեն մի տարի ու մի ամիս` ծառայում ա: Մեկ-մեկ ուրիշների հեռախոսներով ծնգացնում ա, ասում ա՝ տատի, հեռախոսի մեջ փող քցի: Տատին ի՞նչ անի, ո՞նց գտնի: Բայց դե էն էլ սալդաթ ա, բալա ջան, չի լինի: Առանց էդ էլ էսքան ժամանակ ոչ մի կարգին վեշ ենք ուղարկել, ոչ էլ գնացել ենք տեսնենք: Շամշադին ա ծառայում, էդքան էլ հեռու չի, բայց 20.000 դրամ թոշակս եթե տամ էլ, իսկի տրանսպորտի փող չի անի: Մենք էլ հենց էդ թոշակովս ենք ապրում»,- ասում է Մարո տատը` մտածելով` արդյոք ճի՞շտ է անում, որ էսքան սիրտը բաց է անում, եւ թե արդյո՞ք իրեն ճիշտ կհասկանան մարդիկ, երբ կարդան իր կարիքների մասին: «Ես էսքան ժամանակ կյանքումս չեմ ասել իմ ծանր վիճակի մասին: Բայց չգիտեմ ինչի` մի տեսակ հույս արթնացավ մեջս, որ կլինեն լավ մարդիկ, որ ինձ կօգնեն: Հասկանո՞ւմ եք` ես արդեն ջահել չեմ, որ պայքարեմ, ես ուզում եմ, որ աղջկաս ու թոռանս օգնեն: Ես` ի՞նչ»,- ասում է տատն` ինձ ուղեկցելով դեպի տան կտուր: Կես դարի պատմություն ունեցող տունն արդեն փտում է: «Էս ճգնաժամն էլ ինձ համար էր: Էս անձրեւներն էլ ինձ համար էին: Ամեն ինչ թարս է, հենց ուզում ենք մի քիչ լավի մասին մտածել, չի լինում` բնությունն էլ է խանգարում: Այ, էսքան տաշտերը ես ու աղջիկս շարում ենք: Անձրեւի ժամանակ, Աստված չանի, որ մեր տանը լինեք»,- տարբեր չափսերի տաշտերը ցույց տալով` պատմում է նա: Ապա, թե` «Դու զգույշ` չընկնես, ես սովոր եմ, չեմ ընկնի»,- սանդուղքից իջնելիս զգուշացնում է նա: Զրուցելով` հասնում ենք գյուղի վանք, որը դեռ վերանորոգման փուլում է: Վանքի ներսում Մարո տատը սկսում է բացատրել սրբապատկերների նշանակությունը` հետո խաչակնքվելով դուրս է գալիս վանքից: «Տեսա՞ր ծիծեռնակներին: Նրանք վանքում են ապրում»,- վանքի բակում` մի տեսակ թեթեւացած ասում է նա:
Դարբին Արսենի մոտ
Քայլերս ուղղում եմ դեպի Վաչագանում սիրված դարբին Արսենի տուն, ավելի ճիշտ, ինչպես գյուղացիներն են ասում` Ցակատ Արսենի տուն, որը գյուղի սկզբնամասում է: 8-ամյա Արարատը, որն ինձ ուղեկցում էր դեպի դարբնի տուն, պատմում է Արսեն պապիկի մասին ու նրա հասկացող շան մասին: «Արսեն պապիկը մի մեծ շուն ունի: Չի կապում, բայց հանկարծ որ հաչա, չվախենաք, հաստատ չի կծի»,- խորհուրդ է տալիս 8-ամյա տղան` պատմելով, թե ինչպես է օգնում տնեցիներին: Հեռվից վազելով մեզ է մոտենում դարբնի շունը: Քիչ անց դարբինն ինքն է դուրս գալիս բակ, հրավիրում տուն: Տան բակում ձեռնափայտերի մի ամբողջ հավաքածու էր ու խնոցին: «16 տարեկան էի, որ սկսեցի աշխատել: 8 երեխա էինք, հայրս պատերազմում էր: Ընտանիքին պահել էր պետք: Գնացի Ղափանի կոմբինատ: Մի տարի խառը գործեր արեցի, հետո սկսեցի դարբնություն անել: Շատ էին շահագործում ինձ: Մի օր էլ վարպետիս ասացի` հերիք չի՞, որ ինձ օգտագործում եք: Արդեն 6 օր հաց չէինք ուտում: Էս վարպետս էլ գրպանից մի հատ դոբավոչնի հանեց` էդ մի 100 գրամ հաց էր ու մի աման ճաշ, ու տվեց ինձ: Հաջորդ օրն արդեն երեք հատ դոբավոչնի տվեց: Մի օր էլ վարպետս ինձ հանձնարարեց 100 հատ բոլտ սարքել: Օրվա նորման 47 հատ էր լինում: Ասեցի` հարց չկա, 100 հատ բոլտն ի՞նչ ա, որ չսարքեմ: Ու գուդոկը տալիս են: Սկսում եմ աշխատել: Օրվա վերջում` 110 հատ բոլտ եմ սարքում»,- պատմում է 85-ամյա դարբինը,- Էս աշխատանքի մեջ ամենակարեւորը արագաշարժությունն ա: Ոնց որ ասում են` երկաթը տաք-տաք են ծեծում»: Այնուհետեւ հիշում է, թե ինչպես էին իր վարպետին ու իրեն փոխանցել կոմբինատի փոխանցիկ դրոշը: «Ես հլա 1979 թվից էի իմանում, որ մեր Ղափանում ապրող ադրբեջանցիները մի օր հարձակվելու են մեզ վրա: Մեր Ղափանում 12.000 ադրբեջանցի էր ապրում: Հենց պատերազմը սկսեց, էս 12.000-ից 6000-ը մտան մի ջոկատի մեջ: Այսինքն` էդքան տարիներ մենք մեր թշնամուն պահում էինք մեր երկրում: Դե սրանք էլ մեր ամեն ծակուծուկն իմանում են, ու մեր դեմ են դուրս գալիս»,- զայրացած հիշում է նա: Պատերազմի նախաշեմին նա ներկայանում է Զինկոմիսարիատ ու առաջարկում իր ծառայությունը: «Պատերազմի ժամանակ ես, կինս ու փոքր տղաս, փայտածուխ էինք սարքում եւ ուղարկում Երեւան: Ինչ ասես սարքեցի էդ տարիներին` մեխ, ցակատ»,- հիշում է Արսեն պապը: Այս մասին լսելով՝ Արմենուշ տատը միջամտում է զրույցին ու պատմում, թե կնոջ համար որքան դժվար է փայտածուխ պատրաստելը. «Բայց մեր միակ նպատակը մեր զինվորներին օգնելն էր»: Դարբինը շարունակում է միտքը. «Դարձա Ղարաբաղ կոմիտեի անդամ: Գյուղում ուրիշ աչքով սկսեցին նայել ինձ: Բայց ինձ համար դա կարեւոր չէ, թե չախկալներն ինչ են ասելու: Ամենակարեւորն այն էր, որ մենք հաղթեցինք: Չնայած էդ կեղտոտ ազգը սենց կարող ա չթողնի: Ինչ էլ որ լինի, ես էս տարիքում էլ պատրաստ կլինեմ նորից օգնել մեր բանակին»,- նշում է 85-ամյա Արսեն պապը` դարբնոցի ճանապարհին: Արհեստանոցում դարբինը դեռ կիսատ աշխատանքներ ունի: «Էս ցակատը հլա պիտի սարքվի: Բայց փայտածուխ չունեմ, պիտի բերեմ: Գիտես` էս արհեստի գաղտնիքը ո՞րն ա` երկաթը, որ տաք-տաք հանում-ծեծում ես, հետո ջուր պիտի չէ՞ լցնես: Հա, հենց էդ ջուր լցնելը: Հենց ջուր լցնելու պահին էլ հասկանում ես` սարքած իրդ շո՞ւտ ա ջարդվելու, թե՞ չէ»: Հետո խեղճացած ասում է. «85 տարեկան եմ, բայց էդ կապ չունի, ես էլի լավ կլինեի, եթե կինս էսպես չհիվանդանար: Ինձ շատ ա վեր քցալ, գյուդումըս»: Արհեստանոցի դռան ճռռոցից դուրս է գալիս Արմենուշ տատը` աթոռի օգնությամբ մի կերպ շարժվելով: «Ախր, հենց նոր եմ խնոցիով կարագը հարել: Համ էլ լավ մածուն ունենք: Ախր, մեր օջախը միշտ հյուրընկալ է եղել»,- ասում է Արմենուշ տատը` հիշելով 1980-ականները, երբ հենց Վաչագանի անտառներից մեկում նկարահանվում էր «Ձորի Միրոն»: «Ես էլ եմ նկարվել էդ կինոյում: Ամբողջ դերասաններին մեր տուն էինք հրավիրել: Հիշում եմ, թե ինչքան ուրախացանք, որ Սոս Սարգսյանը մեր բաղից կարտոֆիլ քանդեց ու բերեց, որ խաշենք` էնպիսի ոգեւորություն էր տիրում հենց այ էս պատշգամբում, որտեղ սեղանը ծերից ծեր բացել էինք: Խորեն Աբրահամյանն էլ ա եղել իմ արհեստանոցում: Նրա համար գդալներ եմ պատրաստել»,- իր անցյալն է վերհիշում գյուղի դարբինը` հուզառատ ու հյուրասեր Արսեն պապիկը` հինգ երեխաների հայրն ու 16 թոռնիկների պապիկը: «Սաղ գործի տեր մարդիկ են: Lա, արխային եմ, որ լրիվ լավ գործ ունեն»,- վերջում ասում է դարբինը` կնոջ պատրաստած հալվայի համը գովելով: