Եվրոպայի ժողովուրդները կարեւոր դեր են խաղացել մարդկության պատմության մեջ։ Սկսած ուշ շրջանի միջնադարից եւ հատկապես 18-րդ դարի վերջից, եվրոպական երկրներում տնտեսական եւ մշակութային զարգացումը սկսեց շատ արագ ընթանալ։
Բավական է նշել, որ որպես տնտեսակարգ՝ հենց Եվրոպայում է ծնվել շուկայական տնտեսությունը։ Եվրոպայի տնտեսական զարգացմանը մեծապես նպաստել է կապիտալի կուտակումը երկրների ներսում, ինչպես նաեւ՝ միջոցների ներհոսքը գաղութներից։ Հսկայական դեր է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպայում է ձեւավորվել որակյալ աշխատողների աշխարհում ամենամեծ բանակը։ Դրան նպաստեց պարտադիր տարրական կրթության համակարգի ներդրումը (առաջինը աշխարհում), իսկ հետագայում նաեւ՝ միջնակարգ կրթության համակարգի ներդրումն ու համալսարանների թվի կտրուկ աճը։ 16-րդ դարում Եվրոպան համաշխարհային արդյունաբերության առաջատարն էր, սակայն 20-րդ դարում իր դիրքերը զիջեց ԱՄՆ-ին։ Եվրոպայի տնտեսությունը բուռն զարգացում ապրեց հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950 թվականից մինչեւ 2006 թվականը եվրոպական երկրների ընդհանուր ՀՆԱ-ն աճեց ավելի քան 6 անգամ՝ 2 տրիլիոնից հասնելով ավելի քան 12 տրիլիոն դոլարի։ Մյուս կողմից, սակայն, Եվրոպայի տեսակարար կշիռը համաշխարհային ՀՆԱ-ում զգալիորեն նվազեց՝ 37%-ից հասնելով 21%-ի։ Սակայն 21%-ն էլ, մեղմ ասած, փոքր ցուցանիշ չէ, եթե հաշվի առնենք, որ Եվրոպան զբաղեցնում է երկրագնդի ցամաքի ընդամենը 4%-ը (10.8 մլն քկմ)։ Աշխատանքի արտադրողականության մակարդակը եվրոպական երկրներում չափազանց բարձր է, ինչն արտահայտվում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով։ Միջինում այն կազմում է շուրջ 30 հազար դոլար։ Օրինակ՝ 2006թ. տվյալներով, Գերմանիայում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր 31.400 դոլար, Ֆրանսիայում՝ 30.100 դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 31.400 դոլար, Իտալիայում՝ 29.700 դոլար։
Տնտեսական քաղաքականությունը
Եվրոպական երկրների տնտեսական քաղաքականությանը հատուկ է պետության առավել ակտիվ դերակատարությունը՝ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի համեմատ։ 1980-90 ական թթ. Եվրոպայում պետական հատվածը նկատելիորեն կրճատվեց, սակայն այժմ էլ նրա դերը շարունակում է մեծ մնալ։ Օրինակ՝ Ֆրանսիայում արդյունաբերական արտադրանքի 15%-ը թողարկում են պետական ընկերությունները։ Համեմատության համար նշենք, որ Ճապոնիայում այդ ցուցանիշը կազմում է 8%, իսկ ԱՄՆ-ում՝ 5-6%։ Եվրոպայում բավականին զարգացած է նաեւ տնտեսության պետական ծրագրավորումը։ Արեւմտյան աշխարհում առաջին անգամ հենց Եվրոպայում է ձեւավորվել եւ լայն տարածում գտել համազգային տնտեսական պլանավորման տեսությունը եւ պրակտիկան, ստեղծվել են հատուկ մեխանիզմներ։ Այսպես, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ողջ ժամանակահատվածում Ֆրանսիայում գործել են սոցիալ-տնտեսական զարգացման 13 պլաններ, որոնք մեծ դեր են խաղացել տնտեսության առանձին ոլորտների ձեւավորման եւ տնտեսական զարգացման տեմպերի արագացման հարցում։ Ավելացնենք նաեւ, որ եվրոպական տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը առանձնանում է փոքր եւ միջին բիզնեսի ակտիվությամբ եւ տեսակարար կշռով։ Փոքր եւ միջին բիզնեսը ապահովում է ՀՆԱ-ի եւ զբաղվածության շուրջ 50%-ը։
Ճյուղային կառուցվածքը
Եվրոպայի տնտեսության ճյուղային կառուցվածքը վերջին տարիներին մեծ փոփոխությունների է ենթարկվում։ Առավել զարգացած երկրներում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում համախառն ներքին արդյունքի ընդամենը 1-3%-ը, իսկ արդյունաբերությանը՝ 20-25%։ ՀՆԱ-ի առյուծի բաժինը՝ 70%-ը, ապահովում է ծառայությունների ոլորտը (որոշ երկրներում՝ անգամ 70%-ից ավելին)։ Չնայած գյուղատնտեսության փոքր տեսակարար կշռին, Եվրոպայում գյուղատնտեսական արտադրությունը աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ՝ ապահովելով բնակչության պարենային ապրանքների պահանջարկը։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա Եվրոպան ապահովում է արդյունաբերական արտադրանքի համաշխարհային ծավալների մեկ երրորդը։ Զարգանում է ատոմային էներգետիկան եւ նավթագազային տնտեսությունը, աճում են ավտոմոբիլային, ավիացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռոբոտաշինությունը, քիմիայի եւ էլեկտրոնիկայի նորագույն ճյուղերը, թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը։ Եվրոպայում զարգացած է տրանսպորտային համակարգը, այստեղ է գտնվում աշխարհի խոշորագույն նավահանգիստը (Ռոտերդամում)։
Արտաքին տնտեսական կապերը
Եվրոպան միշտ եղել է միջազգային տնտեսական հարաբերությունների ամենաակտիվ մասնակիցը։ Եվրոպական երկրներին, հաշվի առնելով իրենց իսկ միջեւ եղած կապերը, բաժին է ընկնում համաշխարհային առեւտրի ծավալների կեսը, աշխարհի արժութային ռեզերվների եւ կապիտալի արտահանման ծավալների կեսից ավելին։ Ընդհանրապես, ներտարածաշրջանային կապերը Եվրոպայում շատ զարգացած են։ Ներկայումս, եվրոպական երկրների արտաքին տնտեսական կապերի երկու երրորդը բաժին է ընկնում հենց ներեվրոպական հարաբերություններին։ Սա պայմանավորված է ինտենսիվ ինտեգրացիոն գործընթացներով, եւ դրանում մեծ դեր է խաղացել մասնավորապես Եվրամիության ձեւավորումը։ Եվրամիությունը ներկայումս էլ մեծ դեր է խաղում տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում՝ վարելով միասնական տնտեսական, ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականություն։ Եվրամիության դերը մեծ է նաեւ ինտեգրացիոն պրոցեսների հարցում, ոչ միայն՝ Եվրոպայի ներսում, այլեւ՝ դրա սահմաններից դուրս։ Ներկայումս ԵՄ երկրների գլխավոր առեւտրային գործընկերներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան, ինչպես նաեւ՝ նախկինում եվրոպական երկրների գաղութներ հանդիսացող երկրները։ Սակայն ԵՄ-ն փորձում է խորացնել հարաբերությունները նաեւ իր հարեւան երկրների հետ եւ այդ ուղղությամբ իրականացնում է մի շարք ծրագրեր, օրինակ՝ Նոր հարեւանության քաղաքականությունը։ Իսկ 2 ամիս առաջ ազդարարվեց նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մեկնարկը։ Ծրագիրը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը, նոր հնարավորություններ է բացում Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու համար՝ ամենատարբեր ոլորտներում։ Նշենք նաեւ, որ ներկայումս Եվրամիությունը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը, որին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության մեկ երրորդից ավելին։
ԵՄ-ում բնակվում է աշխարհի բնակչության ընդամենը 7%-ը, սակայն արտահանման ծավալներով Եվրամիությունն աշխարհում առաջինն է, իսկ ներմուծման ծավալներով՝ երկրորդը։ Եվրամիության ամենամեծ առեւտրային գործընկերը ԱՄՆ-ն է, նրան հաջորդում է Չինաստանը։ Եվրամիությունը կարեւոր առեւտրային գործընկեր է նաեւ զարգացած ոչ բարձր մակարդակ ունեցող երկրների համար, որոնցից շատերին ԵՄ-ն տվել է եվրոպական շուկա մուտք գործելու արտոնություններ (օրինակ՝ մաքսատուրքերից ազատում)։ Իր այս քայլերով ԵՄ-ն նպատակ ունի խթանել զարգացող երկրների տնտեսական աճը՝ ողջ աշխարհում։
Միասնական շուկան Եվրամիության գլխավոր ձեռքբերումներից մեկն է։ Վերջին 50 տարիների ընթացքում, եւ հատկապես՝ 1980-ականներից սկսած, շատ բան է արվել ԵՄ անդամ ազգային տնտեսությունների միջեւ եղած խոչընդոտները վերացնելու եւ միասնական շուկա ստեղծելու ուղղությամբ։ Արդյունքում՝ թեժացել է մրցակցությունը՝ իր հետ բերելով ապրանքների ու ծառայությունների ավելի լավ որակ ու ցածր գներ։ Գնանկման միտումները առավել ակնառու են ավիափոխադրումների եւ հեռահաղորդակցության ոլորտներում։ Օրինակ՝ Հոլանդիայից ԱՄՆ զանգահարելը 1997-2006թթ. ընթացքում էժանացել է մոտ 10 անգամ։