Սփյուռքահայ արվեստագետ Մարկոս Գրիգորյանի յուրահատուկ հավաքածուն, որ
ցուցադրվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի
տարածքում, կոնֆլիկտի առարկա է դարձել։
Հավաքածուն 81-ամյա արվեստագետի հիսուն տարվա գործունեության արդյունքն է,
որ նա հավաքել է Իրանում ապրած տարիներին եւ հետագայում տեղափոխել ԱՄՆ։
Հավաքածուն մոտ 3500 ցուցանմուշ ունի:
1992թ. Հայաստանի կառավարության խնդրանքով՝ Մարկոս Գրիգորյանը հավաքածուն
նվիրել է պետությանը` պայմանով, որ նրա համար տարածք հատկացվի։
Ժամանակավորապես այն հանձնվում է Գրականության եւ արվեստի թանգարանի
տնօրինությանը՝ եւ նրա չորս սրահներում ցուցադրություն է կազմակերպվում։
1993թ. թանգարանի բացման ժամանակ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը
պետության անունից երախտագիտություն հայտնեց արվեստագետին։
Իշխանությունները խոստանում են երկու տարում տարածք տրամադրել թանգարանին:
Երկու տարին դառնում է 13 տարի, սակայն թանգարանին տարածք ու կարգավիճակ
չի տրվում։ Իսկ Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրինությունը
պահանջում է ազատել իր տարածքը, քանի որ հնարավորություն չունի
ցուցադրելու իր մոտ 1 միլիոն ցուցանմուշների կարեւոր մասը։ Եթե Գրիգորյանի
հավաքածուի զբաղեցրած չորս ցուցասրահներն ազատվեն, ապա թանգարանը
հնարավորություն կստանա արվեստի ամեն բնագավառ առանձին սրահում
ներկայացնել։
Հավաքածուն արվեստագետն անվանել է «Միջին Արեւելքի թանգարան»։ Սակայն այն ավելի ընդգրկուն է։
Միջին Արեւելքի հավաքածուն ներառում է 12-19-րդ դարերի իրանական ծորակներ,
18-19-րդ դարերի դռան թակեր, բանալիներ, կողպեքներ ու մեխեր, Իրանական
Թուրքմենստանի արծաթե զարդեր, 3-4 հազար տարվա բրոնզե իրեր եւ այլն։
Արեւելյան այս ցուցանմուշների կողքին պատեֆոնների (գրամոֆոն), կարի մեքենաների, արդուկների եւ այլ իրերի հավաքածուներ են։
Թանգարանի մի հատվածը Մարկոսի կենսագրության հետ կապված լուսանկարներն են,
ստեղծագործությունները՝ կտավները եւ նրան առավել ճանաչում բերած
հողարվեստի գործերը (www.marcosgrigorian.com)։ Ներկայացված են նաեւ նրա
էսքիզներով գործված գորգեր եւ գորգի դազգահը, որի վրա գորգագործը տարին
մեկ նոր գորգ է գործում թանգարանի համար։
Մշակույթի նախարարության անգործության պատճառով այս երկու թանգարանները
մշտական կոնֆլիկտի մեջ են մտել։ Գրականության եւ արվեստի թանգարանը
պահանջում է ազատել իր տարածքը, Մարկոս Գրիգորյանն ասում է, որ թանգարանը
կտեղափոխվի միայն այն դեպքում, եթե նրան տարածք տրամադրվի։
«Մարկոսի թանգարանը հանձնվեց Մշակույթի նախարարության հրամանով՝ ոչ որպես
ցուցադրության, այլ՝ ի պահպանության,- ասում է Գրականության եւ արվեստի
թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը: -Փոխնախագահը եւ մշակույթի նախարարն
էդ պահին խոստանում էին, որ երկու տարի անց կտրվի առանձին թանգարանի
կարգավիճակ ու տարածք եւ դուրս կբերվի, քանի որ պրոֆիլով թանգարանը մեզ
հետ ոչ մի կապ չունի։ Հետագայում դիմել ենք մշակույթի բոլոր հինգ
նախարարներին, որ հանեն էդ թանգարանը, որ մեր մշակույթին նվիրված
ցուցահանդեսը կարողանանք լիարժեք դարձնել։ Սակայն միշտ բանավոր պատասխանել
են, որ այդ ցուցահանդեսին չի կարելի ձեռք տալ, քանի որ սփյուռքում
բացասական կարծիք կձեւավորվի մեր մասին, եւ էլ նվիրատվություններ չեն անի,
իսկ տարածք առայժմ չկա։ Արդյունքում խոշորագույն մշակութային օջախը զրկվել
է արժեքներ ցուցադրելու հնարավորությունից»։
Այժմ Բախչինյանը` շրջանցելով Մշակույթի նախարարությունը, դիմել է հանրապետության նախագահին ու վարչապետին։
Կոնֆլիկտն այնքան է սրվել, որ երկու կողմերն էլ կասկածի տակ են առնում
մյուս թանգարանի կարեւորությունը։ Մարկոս Գրիգորյանն ասում է, որ իր
զբաղեցրած տարածքն անօգտագործելի էր, եւ ինքն է կարգի բերել, Բախչինյանն
էլ պատասխանում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հնացած
կոմունիստական պրոպագանդիստական գրականության թանգարանը ապամոնտաժվել էր,
եւ ժամանակ էր պետք նոր ցուցահանդես կազմակերպելու համար (Գրականության եւ
արվեստի թանգարանի ցուցադրությունը հնարավոր է եղել սփյուռքահայ
բարերարների շնորհիվ, Մշակույթի նախարարությունը ֆինանսներ չի տրամադրել),
եւ որ Մարկոսի թանգարանի մի մասը վերնիսաժային ապրանք է:
«Մարկոսը նստել է մեր կոկորդին, ինչպե՞ս կարելի է Արամ Խաչատրյանի ու Վահան Տերյանի փոխարեն՝ զանգուլակներ կախել»։
Մարկոսն ափերից դուրս է գալիս, երբ իր հավաքածուն համեմատում են վերնիսաժի
հետ. «Մարդ էդքան տգետ չի լինի, որ սա համեմատի վերնիսաժի հետ։ Աշխարհում
ծորակների նման հավաքածու չկա։ Դարդս էն է, որ ես Քըրքորյանը չեմ, բայց իմ
բերածը պակաս չի։ Այս հավաքածուն անգին է»։
Թեեւ նրա հավաքածուի ցուցանմուշների տիպի որոշ իրեր կարելի էր ժամանակին
ձեռք բերել վերնիսաժից, օրինակ` ռուսական ինքնաեռներ, այդուհանդերձ, նրանց
արժեքը բարձր են գնահատում։ 1993 թվականին մշակույթի նախարար Հակոբ
Մովսեսը, ում ջանքերով բերվել է Մարկոսի հավաքածուն, ասում է, որ այն
ժամանակ թանգարանը գնահատվել է 1 միլիոն 700 հազար դոլար, այժմ նրա արժեքը
եռապատկվել է։
Բախչինյանը նաեւ առաջարկել էր Գրիգորյանի թանգարանը բաժանել տարբեր
թանգարաններին, քանի որ այն խառնուրդ է ու չունի ընդհանուր
բովանդակություն։ Եթե թանգարանին ճշգրիտ անվանում տրվի, ապա այն կկոչվի
«Մարկոս Գրիգորյանի կյանքի, ստեղծագործության եւ հավաքածուի թանգարան»։
Պարզվում է, որ նախապես նման անվանում է նախատեսված եղել:
«Ոչ թե խնդրում, այլ աղաչում էինք, որ թանգարանը բերի Հայաստան,- ասում է
Հակոբ Մովսեսը: -Ինչքան էինք խնդրում, համոզում էինք, որ՝ թանգարանը քո
անունով կլինի։ Մենք խնդիր էինք դրել, որ հավաքածուն Հայաստան բերվեր,
տարածքի մասին այդ պահին չէինք մտածում, այն ժամանակ չկար տարածք։ Բայց
թող հիմա տան, էնքան տեղեր կան, Հյուսիսային պողոտա են կառուցում, կամ
Գաֆեսճյանին տրված տարածքից մի հատված թող հատկացնեն»։
Ըստ նրա` երկու կողմն էլ ճիշտ է, մեղավորը կառավարությունն է։ Գրիգորյանն
ասում է, որ եթե Մշակույթի նախարարությունը շարունակի իր անգործությունը,
իսկ պետությունը չկատարի իր խոստումը, ապա ինքը դատարանի միջոցով հետ
կվերցնի նվիրատվությունը։
Մշակույթի նախարարության Մշակութային քաղաքականության, թանգարանների եւ
գրադարանների գծով բաժնի պետ Անահիտ Գալստյանը միայն ասում է, որ
նախարարությունը տարածք է փնտրում եւ ամեն տարի 3-4 անգամ թանգարանի հարցը
քննարկվում է Գրիգորյանի հետ: Սակայն հույս չի տալիս, որ մոտ ապագայում
հարցը կլուծվի. «Գնալով ավելի դժվարանում է տարածք գտնելը»,- ասում է նա:
Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցման համար քանդվեցին պետության
կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում ընդգրկված տասից ավելի շենքեր:
Մշակույթի նախարարությունը չխոչընդոտեց: Մինչդեռ կառավարությանը կարող էր
ներկայացնել նախագիծ, որ կառուցապատվող տարածքում Մարկոս Գրիգորյանի
թանգարանի համար մի տարածք տրամադրվի: Սակայն որեւէ նման քայլ չի արվել:
Նախարարությունը տարածք գտնելու փոխարեն՝ թույլ է տալիս
անօրինականություն, քանի որ Մարկոս Գրիգորյանը որեւէ կերպ ձեւակերպված չի
Գրականության եւ արվեստի թանգարանում, սակայն տնօրինում է թանգարանի
տարածքի մի մասը, համալրում հավաքածուն, որը պետությանն է եւ այլեւս իրեն
չի պատկանում: