Եվրոպական պատուհան

30/07/2009

Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, շուկայական հարաբերություններ, ազատ մրցակցություն եւ այլ նման հասկացությունները Հայաստանում ընկալվում են հիմնականում միայն որպես քաղաքական կատեգորիաներ: Կենցաղային մակարդակում շատերից կարելի է լսել գրեթե ստանդարտ հետեւյալ ձեւակերպումը. «Ինչի՞ս է պետք դեմոկրատիան, եթե դրանից սոցիալական, տնտեսական վիճակս չի լավանում»: Իշխանություններն ավելի «առաջ են գնում» եւ առիթի դեպքում հայտարարում են, թե սկզբում պետք է հասարակության սոցիալական վիճակը բարելավել, հետո անցնել ժողովրդավարական ազատությունների հաստատմանը: Իրականում մարդու իրավունքներն ու տնտեսական բարեկեցությունը գրեթե ուղղակիորեն փոխկապակցված են իրար հետ եւ պայմանավորում են մեկը մյուսին: Ազատ շուկայական հարաբերություններն ու դրա մասը կազմող մրցակցությունը մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների դրսեւորումներ են: Եթե պետությունը յուրաքանչյուրի համար ապահովում է հավասար մրցակցային պայմաններ, ապա ամեն մեկը կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ եւ ստանալ շահույթ: Որքանով քաղաքացին օժտված է ձեռնարկատիրությամբ զբաղվելու եւ բիզնես գործունեություն ծավալելու ունակությամբ, այնքան ավելի մեծ կարող է լինել նրա շահույթը, հետեւաբար՝ ավելի բարեկեցիկ` կյանքը: Այս պարզունակ բանաձեւն է դրված արեւմտյան, այդ թվում` նաեւ եվրոպական ազատական տնտեսությունների հիմքում, ինչին, իհարկե, ծառայում են նաեւ բազմաթիվ համակարգեր ու ենթակառուցվածքներ: Հենց այս սկզբունքների վրա են կառուցված դասական համարվող մրցակցային տնտեսությունները, այդ թվում` եվրոպական երկրների տնտեսությունները եւ Եվրոպական Միությունը` որպես մեկ միասնական տնտեսական համակարգ: Հայաստանյան իրողությունների համատեքստում նույնիսկ ծիծաղելի է խոսել մարդու` տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացման միջոցով տնտեսական զարգացման ու բարեկեցության հասնելու մասին: Ծիծաղելի է, քանի որ Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ հիմնված է մենաշնորհների ու դրանք տիրապետող օլիգարխների վրա: ՈՒ նաեւ այստեղ պետք է փնտրել այն պատճառները, թե ինչու Հայաստանը չի կարողանում լիարժեքորեն օգտվել տնտեսական զարգացման այն հնարավորություններից, որոնք առաջարկվում են միջազգային կառույցների ու կազմակերպությունների կողմից: Դրա լավագույն օրինակները Եվրամիության «Նոր Հարեւանություն» ու «Արեւելյան գործընկերության քաղաքականություն» ծրագրերն են, որոնք բացի ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, արդյունավետ կառավարմանը վերաբերող ուղղություններից, պարունակում են նաեւ տնտեսական բազմաթիվ գործիքներ ու բաղադրիչներ: Օրինակ, ազատ առեւտրի արտոնյալ պայմաններ սահմանող GSP, ապա նաեւ GSP+ ծրագրերը հնարավորություն են տալիս Հայաստանին շուրջ 200 տեսակի ապրանքատեսակների արտահանումը Եվրամիության անդամ երկրների հետ իրականացնել բավական արտոնյալ պայմաններով, գրեթե զրոյական մաքսատուրքերով: Բնականաբար, դա չի նշանակում ապրանքների զուտ մեխանիկական արտահանում եւ ներմուծում, այլ ենթադրում է գործընկերային բազմակողմ կապերի ստեղծում եւ համագործակցության լայն դաշտ: Տնտեսական զարգացած հարաբերությունները «Եվրոպան Հայաստան բերելու» եւ «Հայաստանը Եվրոպա տանելու» լավագույն ճանապարհն է, որի հնարավորությունները արդեն այսօր ստեղծված են գործող ծրագրերով: Սակայն այս ծրագրերի էֆեկտը դեռեւս շատ փոքր է այն պարզ պատճառով, որ մրցակցությունից գրեթե զուրկ Հայաստանի տնտեսությունը չի կարողանում թողարկել մրցունակ արտադրանք, որը կհետաքրքրի եվրոպական սպառողին: Քանի որ մրցունակ արտադրանք կարող է ստեղծվել մրցակցության պայմաններում, որը, ինչպես նշվեց, Հայաստանում բացակայում է: Իսկ մրցակցությունը հնարավոր է միայն հավասար պայմանների ու բոլորի իրավունքների իրացման ու պաշտպանության դեպքում, ինչը Հայաստանում, մեղմ ասած, կատարյալ չէ: Այսինքն` իրականում գործ ունենք շղթայի նմանվող երեւույթի հետ` իրական ժողովրդավարությունը հանգեցնում է տնտեսական զարգացման, իսկ տնտեսական զարգացումը հնարավոր է միայն մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության դեպքում: Եվ քանի դեռ մեր իշխանությունները առաջնորդվում են «հաց կամ ժողովրդավարություն» բանաձեւով, մենք անընդհատ տեղապտույտներ ենք կատարելու այդ շղթայի մեջ: