Եվրոպացիները հավատում են Եվրամիությանը

30/07/2009

Վերջերս անցկացված հետազոտություններից մեկի համաձայն՝ եվրոպացիների 61%-ը կարծում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ ազդելու է իրենց աշխատանքի վրա։ Ընդ որում, նրանց մեկ երրորդը համոզված է, որ կորցնելու է աշխատանքը։ Սակայն նույն հետազոտության արդյունքներով՝ եվրոպացիները լավատես են։ Հարցվածների 71%-ը կարծում է, որ Եվրամիությունը դրական դեր է խաղում նոր աշխատատեղերի ստեղծման եւ գործազրկության կրճատման գործում։ Մեկ երրորդը տեղյակ է Եվրոպական սոցիալական հիմնադրամի մասին, որը աշխատուժի մեջ ներդրումներ կատարելու եւ նրանց աշխատատեղերը պահպանելու գործում ԵՄ-ի գլխավոր գործիքն է։ Հարցվածների 32%-ը «խիստ անհանգստացած» է աշխատանքի հնարավոր կորստով, 38%-ը մտահոգված են իրենց կանանց (կամ ամուսինների), իսկ 47%-ը՝ երեխաների աշխատանքի համար։ Աշխատանքը կորցնելու առնչությամբ մեծացող անհանգստությունը կապված է մասսայական կրճատումների մասին գրեթե ամենօրյա լուրերի հետ։ Բացի այդ՝ եվրոպացիները ճգնաժամի հաղթահարման հարցում այնքան էլ լավատես չեն։ Տասից վեցի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամի ամենավատ հետեւանքները դեռ առջեւում են։ Ընդ որում՝ ամենից հոռետեսը Բալթյան երկրների բնակիչներն են. ավելի ծանր ժամանակների սպասում են լատվիացիների 82%-ը, էստոնացիների՝ 76 եւ լիտվացիների 74%-ը։ Հարցմանը մասնակցած եվրոպացիների միայն 28 տոկոսն է համարում, որ ճգնաժամն արդեն հասել է իր պիկին, եւ ամենավատ բաները մնացել են ետեւում։ Ըստ հարցման արդյունքների, այս հարցում Եվրոպայում ամենալավատեսն են շվեդները (45%) եւ դանիացիները (36%)։ Եվրոպացիները, հավատալով Եվրամիությանը, այդուհանդերձ, կարծում են, որ աշխատանք գտնելու հարցում ամենակարեւոր գործոններն են աշխատանքային փորձը, մասնագիտական որակները եւ նոր միջավայրին արագ ադապտացվելու ունակությունը։