«Հայաստանում դեռեւս անելիքներ կան»

30/07/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Պրն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Եվրախորհրդարանի ընտրությունները: Մասնավորապես, լրատվամիջոցները եւ քաղաքագետները մտահոգություն են հայտնել 43.4 % կազմող ցածր մասնակցության կապակցությամբ: Ձեր կարծիքով` ո՞րն էր եվրոպացի քվեարկողների պասիվ մասնակցության պատճառը:

– Եվրամիությունն արագ զարգացող կառույց է: Եթե ուսումնասիրենք վերջին տարիները, ապա կտեսնենք, որ տարատեսակ ընդլայնումների միջոցով, ինչպիսիք են միասնական շուկայի, տարադրամի` եվրոյի եւ Շենգեն գոտու ստեղծումը, զգալի առաջընթաց է գրանցվել: ԵՄ-ի դինամիկ զարգացումը թույլ է տվել աջակցել տարբեր տարածաշրջաններին, ներառյալ Հարավային Կովկասին: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա, իմ կարծիքով՝ անհրաժեշտ է դրանք դիտարկել ավելի լայն համատեքստում, եւ չմոռանալ, որ այս ընտրությունները մասնակցության ակտիվությամբ համապատասխանում են Եվրախորհրդարանի անցյալ ընտրություններին: Անշուշտ, դա քաղաքական կուսակցությունների եւ Եվրախորհրդարանի թեկնածուների խնդիրն է` վերլուծել եւ գնահատել մասնակցության ցուցանիշները: Սակայն ընդհանուր առմամբ օրենսդիրները եւ ԵՄ կառույցներն աշխատում են ի մի բերել համաեվրոպական եւ տեղական, ազգային մակարդակներում կատարվածը եւ լուսաբանել Եվրամիության ձեռքբերումները:

– Արդյո՞ք քվեարկության արդյունքներն ամբողջովին արտացոլում են եվրոպական համայնքների քաղաքական նախապատվությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք պահպանողական եւ սոցիալիստական ուժերի հաղթանակը եւ արդյո՞ք համաձայն եք, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կավելացնի սոցիալիստամետ մարդկանց բանակը:

– Այսօրվա պրոբլեմները պահանջում են ազգային եւ համաշխարհային լուծումների համատեղ կիրառում: Ոչ մի ազգ միայնակ չի կարող հաղթահարել այսօրվա ամենամեծ մարտահրավերները եւ գլոբալ հարցերը, ինչպիսիք են միջազգային ֆինանսական ճգնաժամը, կլիմայի փոփոխությունը, էներգետիկ անվտանգությունը եւ միգրացիան: Սա նաեւ վերաբերում է Հայաստանին: Վստահությունը եւ հստակ պատկերացումները կարեւոր են այս բարդ խնդիրները լուծելու համար: Նայեք Եվրոպային: ԵՄ-ի զարգացումն իրենից ներկայացնում է վստահության եւ հստակ տեսլականի կիրառման օրինակ, որի միջոցով բաժանարար գծերն իրենց տեղը զիջեցին համընդհանուր արժեքներին, իսկ բազմազանությունը դարձավ լրացուցիչ արժեք: Եվրոպական երկրներն այդ առումով հին ավանդույթներ ունեն, եւ Եվրամիությունն անդամ-երկրների, ԵՄ կառույցների եւ հարեւան երկրների համար հնարավորություն է ստեղծում միասին աշխատել` գտնելու համար համընդհանուր լուծումներ եւ ստանալ գլոբալ պատասխաններ: Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի ունեցան այն ժամանակ, երբ մարդիկ սկսում են զգալ ճգնաժամը: Իհարկե, նման մասշտաբի ճգնաժամն իր ազդեցությունը կունենա ցանկացած ընտրության վրա: Ընտրվածները ստիպված կլինեն գնալ քաղաքական զիջումների, որոնք կօգնեն Եվրոպային եւ ողջ աշխարհին դուրս գալ ճգնաժամից:

– Կարո՞ղ են ընտրությունների արդյունքները եւ քաղաքական ուժերի կառուցվածքային փոփոխությունը որեւէ կերպ ազդել ԵՄ «Նոր հարեւանության» քաղաքականության վրա:

– Եվրոպական հարեւանության քաղաքականությունը ԵՄ-ի եւ հարեւան երկրների միջեւ համագործակցության, երկխոսության եւ փոխադարձ հարգանքի հաջողակ օրինակ է: ԵՀՔ-ն 2004թ. մայիսին ԵՄ ընդլայնմանը հաջորդած ԵՄ արագ արձագանքն էր նոր քաղաքական իրականությանը, որով ԵՄ-ն որոշեց իր նոր հարեւանների հետ հարաբերությունների նոր շրջանակ ընդունել: ԵՀՔ նպատակն է՝ խուսափել ընդլայնված Եվրոպայի եւ նոր հարեւանների միջեւ նոր բաժանարար գծերի առաջացումից, ինչպես նաեւ՝ ամրապնդել շահագրգիռ կողմերի բարեկեցությունը, կայունությունը եւ անվտանգությունը: ԵՄ-ն նոր հարեւաններին առաջարկում է արտոնյալ հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հանձնառությունների եւ համընդհանուր արժեքների վրա (ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, լավ կառավարում, շուկայական տնտեսության սկզբունքներ եւ կայուն զարգացում): ԵՀՔ-ն առկա հարաբերությունների սահմաններից դուրս է ընդլայնվել` առաջարկելով ավելի խորը քաղաքական կապեր եւ տնտեսական ինտեգրում: Վերջերս մեկնարկած Արեւելյան գործընկերությունը հիմնվելու է այս հաջողակ տեսլականի վրա: Համոզված եմ, նոր խորհրդարանը կշարունակի խրախուսել այն:

– Ինչպե՞ս կգնահատեք ԵՀՔ իրականացումը մասնավորապես ՀՀ-ում:

– Համագործակցությունը եւ երկխոսությունը ԵՀՔ հաջողության կարեւոր բաղադրիչներն են: Հանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանին, որպեսզի այն` լուծելով լավ կառավարման եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերը` դառնա ավելի ուժեղ տնտեսական գործընկեր: ԵՄ Խորհրդատվական խումբը, կոչված օգնելու հայաստանյան իշխանություններին իրականացնել բարեփոխումային ծրագրերը, իրենից ներկայացնում է մեր հանձնառության լավագույն օրինակը: Արեւելյան գործընկերության իրականացումը հնարավորություն կընձեռի հետագայում ակտիվացնել մեր համատեղ աշխատանքը մասնավորապես հայաստանյան ժողովրդավարական կառույցների ամրապնդման, տնտեսական բարեփոխումների եւ օրենսդրական համապատասխանեցման գործում: Բարեփոխումները չեն կարող իրականացվել մեկ օրում եւ, բնականաբար, Հայաստանում դեռեւս անելիքներ կան, օրինակ՝ լավ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ դատական համակարգի անկախությանը վերաբերող հարցերում: Այնուամենայնիվ, թույլ տվեք ընդգծել իմ գնահատանքը բարեփոխումների իրականացմանն ուղղված Հայաստանի շահագրգռվածության եւ պատրաստակամության բարձր աստիճանի համար: Այս բարեփոխումները չափազանց կարեւոր են Հայաստանի համար ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերից օգուտներ քաղելու իմաստով: