– Ի պաշտոնե Դուք տեղյակ եք Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների մանրամասներին: Ի՞նչ տնտեսական բաղադրիչներ կառանձնացնեք ԵՄ-ի «Նոր հարեւանության քաղաքականություն» եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրերում, որոնք ՀՀ-ի համար կարող են գործնական ազդեցություն ունենալ:
– Հայաստան-ԵՄ հարաբերությունները ես կբաժանեի 4 փուլի: Առաջինը նյութական օգնության փուլն էր, երբ ԵՄ-ն ծրագրերի ձեւով ուղղակի օգնում էր ՀՀ-ին: Հետագայում այդ ծրագիրը ստացավ TACIS անվանումը, որը կարելի է համարել երկրորդ փուլ: TACIS-ի ծրագրերը բովանդակությամբ ավելի ընդգրկուն էին եւ ուղղված էին ոչ միայն օգնությանը, այլ նաեւ համակարգերի ստեղծմանը: Հայաստան-ԵՄ հարաբերություններում որակապես նոր` երրորդ փուլ կարելի է համարել «Նոր հարեւանության» ծրագիրը: Այն յուրաքանչյուր երկրի համար պարունակում է գործողությունների առանձին ծրագիր: Եվ յուրաքանչյուր երկիր ձեւավորում էր իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Եթե փորձենք կարճ ձեւակերպել՝ ինչ է նշանակում «Նոր հարեւանության» ծրագիրը, ապա հենց անվանման մեջ առկա է բովանդակությունը: Այսինքն` ԵՄ-ն ցանկանում է ունենալ կայուն եւ բարեկեցիկ հարեւաններ: Եվ վերջին` չորրորդ փուլը «Արեւելյան գործընկերության» ծրագիրն է: Կրկին անվանման մեջ առկա է բովանդակությունը: Կարելի է տեսականորեն նշել, որ ԵՄ-ի ընդլայնումը դեպի Արեւելք սահմանափակվում է ծրագրում ընդգրկված 6 երկրներով: Գուցե շատ հեռավոր ապագայում այս երկրները կարող են դառնալ ԵՄ անդամներ: Եվ այս ծրագրում կան այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են ավելի լայն ինտեգրացիայի համար` ազատ առեւտրի գոտու ստեղծում այս երկրների միջեւ, վիզային ավելի բարենպաստ ռեժիմի սահմանում, էներգետիկ համագործակցություն: Արեւելյան գործընկերությունը շատ ճկուն համակարգ է: Այսինքն` ամեն երկիր կարող է վերցնել այնքան, որքան ինքը կարող է, այսպես ասած, մարսել իր ունակությունների եւ զարգացման մակարդակի շրջանակներում: Այս ծրագիրը ավելի հստակ ծրագիր է, եւ իմիտացիոն պրոցեսներով արդեն չես կարող ձեւացնել, թե դու ԵՄ-ի գործընկերն ես, այսինքն` երկիրը պետք է կոնկրետ քայլեր անի:
– Ինչպես «Նոր հարեւանության», այնպես էլ «Արեւելյան գործընկերության» ծրագրերում ներառված են տնտեսական հարաբերություններին վերաբերող կոնկրետ գործիքներ: Ձեր կարծիքով, ե՞րբ գործնականում կկիրառվեն այդ գործիքները, եւ ե՞րբ կարելի է կոնկրետ արդյունքներ ակնկալել:
– Հայաստանը վաղուց արդեն ընդգրկված է GSP-ի, այսինքն՝ արտոնությունների համընդհանուր համակարգում: Դա հնարավորություն է փոքր-ինչ արտոնյալ պայմաններով ԵՄ-ի շուկա մուտք գործելու համար: Դա երկու կողմից էլ շահավետ է: Մի կողմից՝ ՀՀ-ի նման երկրներին հնարավորություն էր տրվում կես միլիարդ վճարունակ սպառող ունեցող շուկա մուտք գործել, մյուս կողմից` եվրոպական սպառողին ապրանքի եւ գնի ընտրության հնարավորություն էր տրվում: Դա մեծ հնարավորություն է ՀՀ-ի տնտեսության զարգացման համար: Եթե համեմատենք մեր հարեւանների եւ ռուսական շուկայի հետ, պարզ է, որ ԵՄ-ի շուկան եւ վարչարարության եւ օրենսդրական եւ ոչ կոռումպացված լինելու տեսանկյունից ավելի զարգացած է եւ վճարունակ: Այդ համակարգը` GSP-ն, կարող էր գործել նույնիսկ առանց «Արեւելյան գործընկերության» ծրագրի եւ արդեն սկսում էր արդյունքներ տալ 3-4 տարի առաջ: Բայց այստեղ առաջ են գալիս ներքին տնտեսական եւ ինչու չէ` ներքին քաղաքական խնդիրներ: Խնդիրը միայն այն չէ, որ մեր ապրանքը չի կարող մտնել եվրոպական շուկա, խնդիրն այն է, որ ՀՀ-ի արտահանումը վերջին 3 տարիների ընթացքում նվազել է, եւ առաջին հերթին դա կապված է դոլարի եւ եվրոյի նկատմամբ հայկական դրամի արհեստական արժեւորման հետ: Ստացվում է, որ ունենալով շատ թանկ տեղական արժույթ, մեր ապրանքի ինքնարժեքը արհեստականորեն բարձրանում է: Դրան գումարվեց նաեւ համաշխարհային ճգնաժամը: Բացի այդ, Հայաստանը այս 6 երկրների համեմատ ունի տրանսպորտային ավելի մեծ ծախսեր:
– Որքանո՞վ եք հնարավոր համարում երբեւէ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին:
– ԵՄ-ին անդամությունը պետք է դիտարկենք ոչ թե տեխնիկական, այլ արժեքների համակարգի, մենթալիտետի տեսանկյունից` այսինքն` որքանով ես դու քեզ տեսնում այդ համակարգում: Օրինակ` Շվեյցարիան, Նորվեգիան կամ Իսլանդիան ԵՄ-ի անդամներ չեն, բայց լիովին տեղավորվում են այդ համակարգում: Ցավոք, Հայաստանը, հատկապես ՀՀ իշխանությունը, իր գործունեությամբ չի տեղավորվում այդ համակարգում: Եվ հակառակը` կարծում եմ` իշխանությանը թվում է, որ որքան այդ համակարգը ավելի զարգանա ՀՀ-ում, այդքան իրենք ավելի քիչ շանս կունենան իշխանությունը պահպանելու: Այս տեսանկյունից հենց իշխանական ճամբարում կան բավականին ազդեցիկ շատ ուժեր, որոնք պայքարում են անդամության ուղղությամբ կատարվող գործնական քայլերի դեմ` ձեւականորեն ցույց տալով, որ հավատարիմ են այդ ուղուն: