Առաջին մեծության աստղը

30/07/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Յալթա-Պոտսդամ

Միջազգային բոլոր համաժողովների թվարկումը, որոնց մասնակցել է Հարությունյանը, կհանգեցնի ընթերցողի ժամանակի չարաշահման: Սակայն չհիշել Յալթան եւ Պոտսդամը` կնշանակի բաց թողնել նրա կենսագրության կարեւորագույն էջերից մեկը: Հարությունյանը եղել է հայազգի միակ ընտրյալը, որը մասնակցել է Յալթայի եւ Պոտսդամի գագաթաժողովներին: Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի հանդիպումները Ղրիմում, այնուհետեւ` Գերմանիայում, իսկ ավելի վաղ` Իրանում, դարակազմիկ իրադարձություններ են` գրված գլխատառերով նոր շրջանի պատմության մեջ: Վեց տասնամյակից ավելի է անցել, սակայն մասնագետների եւ ընթերցողների հետաքրքրությունը չի նվազել դրանց նկատմամբ: Գրվել են հարյուրավոր գրքեր, արտադրվել փաստագրական եւ գեղարվեստական շարժանկարներ: Ըստ ամերիկյան հետազոտողների, Յալթայում (1945թ. փետրվար) Ստալինն ամենից շատ մտահոգվել է Գերմանիայի եւ Ճապոնիայի ջախջախումից հետո Եվրոպայում եւ Ասիայում ԽՍՀՄ-ի ծավալապաշտական քաղաքականության իրականացմամբ, եւ նա «զավթեց այն ամենը, ինչը կարող էր, քանի որ այն ժամանակ «Եվրոպական եւ ասիական մայրցամաքներում ոչ մի տերություն ի վիճակի չէր արգելակել խորհրդային ծավալապաշտությանը» (Դանն Դ, Մեժդու ռուզվելտոմ ի Ստալինիմ. Ամերիկանսկիյե պոսլի վ Մոսկվե, Մ., ս. 366): Ստալինը շարունակել է փայփայել երկրագունդը բոլշեւիկյան դարձնելու զավթողական, սեւեռուն գաղափարը, որի կնքահայրը Լենինն էր: Պատերազմի վերջերից սկսած ստալինյան այդ քաղաքականության իրագործումը հանգեցրել է նրան, որ «ռուսները ոչ միայն ձգտում են ընդարձակել իրենց սահմանները եւ ուժեղացնել հսկողությունը հարեւան պետությունների վրա, այլեւ ողջ աշխարհում ակտիվորեն տարածում են հեղափոխական գաղափարներ… Եվ երկրագնդի երբեմնի հանգստավետ անկյուններում այսօր մեզ` բոլորիս համար ստեղծում են տագնապահարույց իրավիճակներ» ( Ֆեյս Գ, Չերչիլ, Ռուզվելտ, Ստալին. Վոյնա կոտորույու օնի վելի ի միր, կոտորոգո օնի դոբիլիս, Մ, 2003, ս.586): Ակամայից մտաբերում ես Չարենցի չարագուշակ կանխատեսումը. «Դեռ կգա Իլյիչը,// Որ մտնի համաշխարհային Սովնարկոմ»: Այդուհանդերձ, պատմական անժխտելի իրողություն է, որ Ստալինը 2-րդ աշխարհամարտի ավարտին երկիրը դարձրել է բազմազգ գերպետություն, դրանով իսկ դնելով կայսրության վախճանի սկիզբը, որի կործանումը կանխորոշված էր նրա` այդ կայսրության ծագումնաբանությամբ: Մյուս կողմից, կասկածից վեր է նաեւ Ստալինի առաջատար դերը «Մեծ եռյակի» բոլոր հանդիպումներում: Հերոսական, հաղթանակող ժողովրդի առաջնորդը գտնվել է փառքի գագաթնակետին եւ իր դիվային էությամբ հանդերձ եղել է երկրագնդի ամենաակնառու քաղաքական գործիչը: Անգամ Չերչիլը, ով բոլշեւիզմը համարել է քաղաքակիրթ աշխարհի մահացու թշնամի եւ դեռեւս 1941թ. «ողջունել է գերմանացիների առաջխաղացումը» եւ համարել, որ «հանուն ընդհանուր անվտանգության լավ կլիներ կոմունիստներին ճզմել» (Ռոուզ Ն, Չերչիլ. Բուրնայա ժիզն, Մ, 2003, ս. 305), չի խորշել Լիվադիայի պալատում հայտարարել. «Ես քայլում եմ այս հողի վրա մեծ համարձակությամբ եւ հույսով, երբ գիտակցում եմ, որ բարեկամական եւ մտերմական հարաբերություններ ունեմ այդ մեծ մարդու հետ, ում փառքը թնդում է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ողջ երկրագնդում»: Իսկ Ստալինը Չերչիլին անվանել է «աշխարհի ամենաանվեհեր վարչապետ» (Չերչիլ Ու., Վտորայա միրովայա ոյնա, Մ., 1998, տոմ 6, ս.202):

Այս պերճախոս խնկարկումները, անշուշտ, չպետք է ընդունել հալած յուղի տեղ. նկատի ունենանք դրանց արտասանելու տեղը եւ առիթը, ինչպես նաեւ դիվանագիտական էթիկետը: Հարությունյանի անմիջական մասնակցությամբ Յալթայում քննարկվել է ռեպարացիայի` ռազմական տուգանքների բանաձեւի նախագիծը, համաձայն որի՝ ողջ գումարի` 20 միլիարդ դոլարի կեսից ավելին ստանալու էր ԽՍՀՄ-ը: Պատերազմական շրջանի վերջին գագաթաժողովը տեղի է ունեցել նույն տարվա ամռանը, փլատակների վերածված Բեռլինի Պոտսդամ արվարձանում` Ցեցիլիենհոֆ պալատում: Հանդիպման նպատակն էր՝ լուծել հետպատերազմյան կարգավորման հիմնական խնդիրները, մշակել արդարացի, մշտական խաղաղության ծրագիր եւ այն հաստատել Եվրոպայում, թույլ չտալ նոր ագրեսիա Գերմանիայի կողմից: Գագաթաժողովի բացմանն Անգլիայի կողմից մասնակցեց Չերչիլը, ում հետո փոխարինեց` ընտրություններում հաղթանակած լեյբորիստական աշխատավորական կուսակցության լիդեր, նոր վարչապետ Կլեմենտ Էթլին: Ամերիկան ներկայացրել է հանգուցյալ Ռուզվելտին փոխարինած Հարի Տրումենը: Փոխվել էին գործընկերները, ուժեղացել` անվստահելիության բարդույթը: Ստալինի առջեւ բարեհամբույր, հաճախ զիջողամիտ Ռուզվելտի փոխարեն (այն Ռուզվելտի, որի համար երկու գերտերությունների հարաբերությունների բարելավումը եւ դրանց բարեկամական բնույթ տալը դարձել էին կյանքի նպատակ) նստել էր սառը, իր շահերն ատամներով պաշտպանող եւ առճակատման պատրաստ Տրումենը, ով ամեն կերպ փորձել էր արգելակել Ստալինի` «քեռի Ջոյի», ինչպես նրան հորջորջում էին Արեւմուտքում, ծավալապաշտական նկրտումները: Նախագահի աճող ինքնավստահությունը պատահական չի եղել: Նա րոպե առ րոպե սպասում էր ամերիկյան ատոմային ռումբի փորձարկման արդյունքներին: Հենց նիստերից մեկի ժամանակ էլ Տրումենը ստացել է հետեւյալ ծածկագիրը. «Երեխաները բարեհաջող ծնվեցին», որը վերծանվում էր այսպես. «Ատոմային ռումբը ստեղծված է»: Միջուկային զենքի երեւան գալը 180 աստիճանով փոխում էր իրադրությունը: Նախ` ԱՄՆ-ը եւ Անգլիան կորցնում էին հետաքրքրությունը ԽՍՀՄ-ի նկատմամբ` Ճապոնիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցում, հետեւաբար` կախվածությունը Մոսկվայից: Ատոմային ռումբն արագացրել է սառը պատերազմի թափանիվի պտույտները: Փոխադարձ թշնամանքը եւ վախը տիրապետող են դարձել մի ամբողջ սերնդի միջազգային կյանքում: Ժողովուրդների ու պետությունների միջեւ իջել է երկաթե վարագույր` մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը չբարձրանալու պայմանով: Սառը պատերազմի սանձազերծման մեղքը հավասարապես կիսել են երկու համակարգերի ղեկավարները: Ամերիկացիները, փաստորեն, խթանել են խորհրդային ատոմային ռումբի ստեղծման գործընթացը` կանգնեցնելով Կրեմլին միջուկային հավասարակշռություն ստեղծելու հրամայականի առջեւ: «Ստալինը հիմքեր ուներ վախենալու ամերիկացիներից»,- նշել է հեղինակավոր պատմաբան-միջազգայնագետ Պիտեր Կալվոկորեսին, արդարացնելով «սովետների» ատոմային ռումբ ստեղծելու ձգտումը (Կալվոկարեսսի Պ, Միրովայա պոլիտիկա, 1945-2000, Տ- I, Մ., 2003, ս. 9): Ցեցիլիենհոֆ պալատի բանակցային գործընթացներում կարեւոր տեղ են գրավել տնտեսագիտական խնդիրները, որոնցով անմիջականորեն զբաղվել է Հարությունյանը: Պոտսդամին նվիրված Չերչիլի հուշերում ուշադրությունս գրավեց հետեւյալ հատվածը, որն ամբողջությամբ ներկայացնում եմ ընթերցողին: «Նույն երեկո` հուլիսի 18-ին ճաշում էի Ստալինի հետ: Ես շոշափեցի Թուրքիայի եւ Դարդանելի հարցերը: Բնականաբար, թուրքերն անհանգստացած են: Ստալինը բացատրեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Թուրքերը ռուսներին առաջարկել են կնքել միություն ստեղծելու պայմանագիր: Ռուսները ի պատասխան՝ հայտարարել են, որ պայմանագիր կարելի է կնքել միայն այն դեպքում, եթե կողմերից որեւէ մեկը ոչ մի պահանջատիրություն չունի մյուսի նկատմամբ, իսկ Ռուսաստանն ուզում է ստանալ Կարսը եւ Արդահանը, որոնք նրանից խլել էին նախորդ պատերազմի վերջում: Թուրքերը պատասխանել են, որ չեն կարող քննարկել այդ հարցը: Այդ ժամանակ Ռուսաստանը բարձրացրել է Մոնթրյոյի համաձայնագրի հարցը: Թուրքերը պատասխանել են, որ այն չեն կարող քննարկել: Այդ պատճառով էլ Ռուսաստանը հայտարարել է, որ չի կարող քննարկել միություն կազմելու պայմանագիրը» (Չերչիլ Ու., Վտորայա միրովայա ոյնա, Մ., 1998, տոմ 6, ս.360):

«Եթե» շաղկապի օգտագործումը դիվանագիտական բառապաշարում ողջունելի չէ: Այնուամենայնիվ, եթե նման միությունը կայանար, ո՞ւմ էր բարեհաճելու հատկացնել Կարսն ու Արդահանը «ժողովուրդների հայրը», ով հայկական հողեր բաժանելու փորձ արդեն ձեռք բերել էր ԼՂՀ-ն եւ Նախիջեւանը Ադրբեջանին նվիրելիս: Կամ, հետաքրքիր է, ի՞նչ ազդեցություն կունենային Մոսկվա-Անկարա հարաբերությունները Խորհրդային Միության ազգային քաղաքականության վրա: Ինչպիսի՞ն կլիներ Կրեմլի կողմից տասնյակ տարիներ տարվող մահմեդականամետ, անհեռատես եւ վտանգավոր սիրախաղը: Վտանգավոր` առաջին հերթին ռուս ժողովրդի համար, որին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, իրավամբ, անվանել է «ռուս-թյուրքական»: Չերչիլի եւ Ստալինի զրույցը ակամայից մտածելու տեղիք է տալիս: Որքա՜ն է կարծրացած թուրքերի մեջ պատմության հանդեպ անպատժելիության կարծրատիպը, որ իրենց համար այդքան անբարենպաստ պայմաններում անգամ, երբ կարող էին ճնշման ենթարկվել ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Անգլիայի կողմից, հրաժարվեցին վերանայել հողերի հարցը: Հետագայում, երբ աշխարհը երկփեղկվեց, եւ Թուրքիան մտավ ՆԱՏՕ-ի հովանոցի տակ, մի՞թե նա կբարեհաճեր քննության առարկա դարձնել պահանջատիրական որեւէ հարցադրում, եթե, նույնիսկ, դա հնչեր հզոր ԽՍՀՄ-ի կողմից: Իսկ ի՞նչ ասել այսօրվա քաղաքական իրողությունների մասին, երբ անկախ, բայց փոքր Հայաստանը մեն-մենակ է մինչեւ ատամները զինված 70 միլիոնանոց հարեւանի դիմաց: Եվս մեկ հարց «եթե»-ով: Հարությունյանը բախտ է ունեցել մասնակցելու դիվանագիտական պատմության բացառիկ երեւույթների Յալթայում եւ Պոտսդամում, մոտիկից տեսել եւ լսել է այն մարդկանց, ովքեր որոշում էին միլիոնների ներկան ու ապագան: Հետաքրքիր է` նա ոչ միայն որպես պաշտոնյա-կուսակցական, այլ անհատ-մտածող (իսկ որ նա այդպիսին էր, կասկածից վեր է), ի՞նչ աչքերով է դիտել այդ ամենը, ի՞նչ է մտորել եւ խորհել: Իսկ եթե նա տեսներ Միության փլուզումը եւ գրեր հուշե՞ր, ինչը որ ներկայումս անում են շատ նախկին դիվանագետներ… Դրանք, հավանաբար, խիստ կտարբերվեին իր պաշտոնական հաշվետվություններից:

Միջազգային կազմակերպությունների լաբիրինթոսում

Պոտսդամի գագաթաժողովի որոշմամբ 1945թ. ստեղծվել է Արտաքին գործերի նախարարների խորհուրդ (նստավայրը` Փարիզ): Հարությունյանը եղել է խորհրդի մոսկովյան պատվիրակության գործուն անդամներից մեկը: Խորհրդի կազմում ներգրավված ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները պարբերաբար հավաքվում էին Փարիզում, որպեսզի որոշեն հետպատերազմյան աշխարհակարգը: Նախարարական նիստերում քննարկվում էին քաղաքական եւ ֆինանսատնտեսական բազմաթիվ խնդիրներ: Իսկական առեւտուր էր գնում ռազմատուգանքների` բաց մնացած հարցի շուրջ, որոնք Գերմանիան վճարելու էր դաշնակցային պետություններին: Ամեն մեկը վերմակը քաշում էր իր կողմը: Արեւմտյան երկրները փորձում էին նվազեցնել ԽՍՀՄ-ին հատկացվելիք գումարը: Բանակցությունները մտան փակուղի: Վերջիվերջո, խորհուրդն ընդունեց միջանկյալ որոշում. Միջմիութենական ռազմատուգանքների հանձնաժողովը Մոսկվայից տեղափոխել Բեռլին եւ հանձնարարել Գերմանիայում տեղակայված Վերահսկողության խորհրդին արագացնել ռազմատուգանքների ծրագրերի կազմումը: Առաջարկության հեղինակը Հարությունյանն էր: Իսկ հարցերի հարցը մնում էր մարդկությունը նոր սպանդից զերծ պահելու հրամայականը: Հին աշխարհամաս, քաղաքակրթության միջնաբերդ, լուսավոր Եվրոպան ընդամենը երեք տասնամյակում կրկնակի հայտնվել էր ավերիչ աշխարհամարտի բոցերում: Ազգերի լիգան անզոր էր գտնվել կանգնեցնելու Երկրորդ համաշխարհայինի զանգվածային սպանդը: Եվ չկար միջազգային որեւէ կառույց` ապագա պատերազմների ճանապարհը փակելու համար: Այդ իսկ պատճառով հրանոթները դեռեւս չլռած, Թեհրանից սկսած, հակահիտլերյան դաշնության եռյակը քննարկել է Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը, որը կոչված էր դառնալու հետպատերազմյան շրջանում միջազգային խաղաղության երաշխավորը: Այդ կազմակերպության հիմնադիր ժողովը կայացել է Սան Ֆրանցիսկոյում, 1945 թ.-ի հունիսին: Ընդունված կանոնադրությունում սեւով սպիտակի վրա գրված էր, որ ազգերի միջեւ հարաբերությունները պետք է զարգանան «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա»: Երբ պետք է՝ կարճ, խիստ կարճ է քաղաքական գործիչների եւ դիվանագետների հիշողությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործընթացներում այս աշխարհի ուժեղները` ռուսները, ամերիկացիները եւ մյուսները գոնե մի պահ հիշեին գրված տողերի տակ իրենց նախորդների հանդիսավորությամբ դրված ստորագրությունները: Բայց ինչո՞ւ միայն Ղարաբաղը: Հետագա կես դարում ՄԱԿ-ը, դրական գործերի կողքին, մեկ անգամ չէ, որ խախտել է իր իսկ ընդունած Կանոնադրությունը, բանաձեւերն ու որոշումները:

Ի սկզբանե ակնհայտ էր ՄԱԿ-ի հիմնադիրների եսակենտրոն գործելակերպը: Անվանի դիվանագետ, 50-ականների սկզբին Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջորջ Քեննանի վկայությամբ, երբ Ստալինին հայտնել են, որ Հյուսիսային Իրանից խորհրդային զորքերը դուրս չբերելու նրա ցանկությունը քննարկվելու է ՄԱԿ-ում, նա անփութորեն պատասխանել է. «Մենք ամոթից չենք մեռնի»: Աշխարհը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ ուժեղների կողմից նման արհամարհական վերաբերմունքին: ՄԱԿ-ի հիմնադրման փաստաթղթերը ԽՍՀՄ-ի կողմից ստորագրել են հինգ ներկայացուցիչ: Դրանցից մեկը Համազասպ Հարությունյանն է: Սան Ֆրանցիսկոյից հետո Հարությունյանը տասը տարուց ավելի մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բոլոր նստաշրջաններին, ինչպես նաեւ՝ Փարիզի խաղաղության հայտնի համաժողովին: Նա բազմիցս գլխավորում է խորհրդային պատվիրակությունները միջազգային համաժողովներում` հանդես գալով միջազգային քաղաքականության, տնտեսական եւ սոցիալական խորքային խնդիրների վերաբերյալ փայլուն ելույթներով: Հայտնի քաղաքական գործիչ, ՀԽՍՀ-ի ԱԳ նախկին նախարար Ջոն Կիրակոսյանը «Սովետական երեւելի դիվանագետը» գրքում գրել է. «Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս 1948-51թթ. ուշադրությամբ հետեւում էինք հատկապես «Պրավդայի» եւ «Իզվեստիայի» էջերում տպագրվող մեր հայրենակցի ելույթներին: Դրանք աչքի էին ընկնում իրենց խորությամբ, Սովետական Միության շահերը պաշտպանելու կրքոտությամբ, քննարկվող հարցերի կատարյալ իմացությամբ: …Նրա ելույթները խարսխված էին դիպուկ օրինակների, տրամաբանական համեմատությունների վրա» (Կիրակոսյան Ջ., Սովետական երեւելի դիվանագետը, Երեւան,1982, էջ10): Հարությունյանը նշանակվում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի խորհրդային պատվիրակության ղեկավար, զուգահեռաբար մասնակցելով ՄԱԿ-ի բոլոր մասնագիտացված տնտեսագիտական կառույցների` Եվրոպայի տնտեսական եւ սոցիալական խորհրդի, Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության, Միավորված ազգերի կրթության եւ մշակույթի կազմակերպության, Համաշխարհային առողջապահության կազմակերպության աշխատանքներին: Նա երկար տարիներ բեղուն գործունեություն է ծավալում որպես ԽՍՀՄ-ի ներկայացուցիչ Աշխատանքի միջազգային կազմակերպությունում (նստավայրը` Ժնեւ): Հարությունյանը վաղուց էր անցել զուտ միջազգային տնտեսական խնդիրները միջազգային քաղաքականությունից զատող ջրբաժանը: Դառնալով ժամանակի ամենահրատապ խնդրի` խաղաղության պահպանման կրքոտ ջատագով եւ քարոզիչ, նա միջազգային համաժողովների ամբիոնն «օգտագործում էր հասարակական կարծիքը զինաթափման, առանձնապես ատոմային եւ ջրածնային զենքի փորձարկումները դադարեցնելու խնդիրների վրա կենտրոնացնելու համար»: (Կիրակոսյան Ջ. նույն տեղում):

Դիվանագիտական ակադեմիայի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ս. Տիխվինսկին, ՄԱԿ-ում Հարությունյանի հետ համատեղ աշխատելով, այսպիսի կարծիք է հայտնել նրա մասին: «Այդ տարիներին ինձ, մյուս երիտասարդ դիվանագետներին հիացնում էին Համո Ակիմովիչի գիտելիքները, փորձը, մեր հակառակորդների դեմ նրա մղած փայլուն բանավեճերը, որոնք աչքի էին ընկնում իրենց կուռ փաստարկներով: Այսինքն, ինձ հիացմունք էին պատճառում այն հատկությունները, որոնցով այնպես շռայլորեն ու կատարյալ օժտված էր Համո Ակիմովիչը. անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների փայլուն իմացություն, բանավիճելու շնորհք, առարկայի իմացություն, արտակարգ հիշողություն»: Այնուհետ Հարությունյանի մասին նա ասել է. «Բացառիկ տաղանդի տեր բանավիճող էր: Դիվանագիտական դժվարագույն մարտերից նա բազմիցս դուրս է եկել հաղթանակով` շնորհիվ իր բանիմացության, մեծ կուլտուրայի եւ մանավանդ հայ եւ այլ ժողովուրդների բանահյուսության իմացության եւ, իհարկե, անձնական հմայքի: Նրան միշտ զարդարում էր թեթեւ հումորը: Նա չափազանց հոգատար անձնավորություն էր, մեր արտաքին քաղաքականության մասսայականացնողը» (Հ.Հարությունյանի մասին վավերագրական ֆիլմից, 1978թ.): Այսպես է բնութագրել Հարությունյանին Տիխվինսկին, որին տողերիս հեղինակը ճանաչում էր որպես Դիվանագիտական ակադեմիայի չոր ու գովեստի մեջ ժլատ դասախոսի: 1949թ. հիմնադրվեց Սոցիալիստական երկրների փոխօգնության խորհուրդը (ՍԷՎ): Հարությունյանը կանգնած էր այդ կազմակերպության ակունքների մոտ, ղեկավարում էր նրա քարտուղարությունը: Հետագայում այդ կազմակերպությունը մնաց ԽՍՀՄ-ի փլատակների տակ եւ դադարեց գոյություն ունենալուց:

Միջազգային կազմակերպություններում Հարությունյանի երկարամյա գործունեությունը, որը ժամանակակից դիվանագիտական լեզվով անվանվում է բազմակողմ կամ կոնֆերենսային դիվանագիտություն, նրան համընդհանուր ճանաչում է բերել միջազգային հարաբերությունների ասպարեզում: Արդյունքում` նա դասվել է ականավոր դիվանագետների շարքին: Ավարտելով ծառայության այդ շրջանը, Հարությունյանը նշանակվում է ԱԳՆ-ի 1-ին Եվրոպական բաժնի վարիչ եւ դառնում նախարարության կոլեգիայի անդամ:

Շարունակելի…