Այս հիվանդության նախանշաններն են` գունատ մաշկ, աչքերի տակ կապտություն, հոգնած հայացք, երբեմն՝ թեթեւ հազ, սպիտակ լեզու, անկանոն կղանք, ախորժակի բարձրացում, գլխապտույտ, առատ թքարտադրություն, զկրտոց, գլխացավ եւ փորացավ: Հատկապես որդերի 3 տեսակները` խոզի երիզորդը, եզան երիզորդը եւ լայնեզր ժապավենը, չեն կարող զարգանալ մեկ օրգանիզմում, նրանց անհրաժեշտ է միջանկյալ օրգանիզմ: Ահա թե ինչու է այդքան վտանգավոր ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ: Կիսաեփ միս ուտելով՝ մարդը կարող է ձեռք բերել հատկապես երիզորդեր: Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման նպատակով, որպես բուժամիջոց օգտագործվում է մեղրով դդմակորիզի շիլան: Դրա պատրաստման եղանակը հետեւյալն է. դդմի չորացած սերմերը կճեպահանել` աշխատելով չվնասել բարակ կանաչ սերմնաթաղանթը: Հավանգի մեջ կորիզները ծեծել` փոքր չափաբաժիններով, վրան կաթիլ-կաթիլ ջուր ավելացնելով: Ստացված զանգվածը խառնել մեղրի հետ:
Սխտորի թարմ հյութը մաքրում է օրգանիզմը ճիճուներից: Խմել 10-15 կաթիլ եռացրած-գոլացրած կաթով` օրը 2-3 անգամ` քաղցած վիճակում:
Շատ լավ օգնում է նաեւ, եթե 5 ճաշի գդալ ընկույզի մանրացրած կանաչ կեղեւի վրա լցնեք 2 բաժակ մեղր, եւ այն եփեք կափարիչը փակ ամանի մեջ` ջրային գոլորշու վրա, 30 րոպե: Ընդունել մեկական թեյի գդալ` օրը 3 անգամ: Կարելի է խմել թեյով:
Աղիքային որդերի դեմ հրաշալի միջոց է ուռենու կեղեւաթուրմը. չորացրած, մանրացրած ուռենու կեղեւի 1 ճաշի գդալ փոշու վրա լցնել 1 բաժակ եռջուր: Տարան փաթաթել տաք շորով եւ թրմել 2-3 ժամ, ապա քամել: Ընդունել օրը 4-5 անգամ` մեկական ճաշի գդալ: