Իհարկե, հղիությունը հիվանդություն չէ, բայց որպեսզի խուսափեք որոշ տհաճ հետեւանքներից, ցանկալի է հիշել մի քանի կարեւոր սահմանափակումների մասին: Հղիության ժամանակ մի քանի դեպքեր կան, որ պետք է մտածել եւ՛ ապագա մայրիկի, եւ՛ նրա բալիկի առողջության մասին: Այսինքն` ծովափը հակացուցված է: Դրանցից մեկն այն դեպքն է, երբ ընկերքը ցածր է: Այս ժամանակ նույնիսկ մի փոքր ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել արյունահոսության: Հղիության ընդհատման վտանգը եւս ենթադրում է անկողնային ռեժիմ:
Հղիության երկրորդ կեսում առաջ եկած տոքսիկոզի (գեստոզ) դեպքում եւս պետք չէ գնալ հանգստանալու, այն էլ` ծովափ: Ավելի շուտ պետք է պառկել հիվանդանոցում եւ պաշտպանվել վիժման վտանգից: Այս դեպքում ապագա մայրիկների ոտքերը, ձեռքերն ու դեմքն այտուցվում են, բարձրանում է ներերակային ճնշումը, մեզի մեջ ավելանում է սպիտակուցի քանակը:
Հղիության ժամանակ որեւէ քրոնիկ հիվանդության սրացման կամ ալերգիկ ռեակցիաների դեպքում խորհուրդ է տրվում հանգստանալու գնալ ձեր բնակավայրից ոչ հեռու, քան 100 կմ:
Իսկ եթե նման բարդություններ չկան կամ այլեւս չկան, բժիշկների մեծ մասը խորհուրդ է տալիս հատկապես հղիության 14-27 շաբաթվա ընթացքում մեկնել հանգստի, ճանապարհորդության: Եթե հղիությունը նորմալ է ընթանում, կարելի է հանգստանալ ցանկացած կլիմայական գոտում, սակայն վերջին եռամսյակում կլիմայական կտրուկ փոփոխություններն այնքան էլ ցանկալի չեն: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են` Եգիպտոսը, աֆրիկյան երկրները, ամռան ամիսներին օդի ջերմաստիճանը 40-ին մոտ է լինում, բնականաբար, հղիներին այդ շոգն ու տապը խորհուրդ չի տրվում: Առհասարակ հղիներին շատ օգտակար է ծովի ջրում լողանալը, այն թուլացնում է մկանները, նյարդային համակարգը: Բացի այս ամենը, լողը հիանալի մարզում է օրգանիզմը` պատրաստելով ծննդաբերության: Լողը շատ լավ է հատկապես երակների լայնացում ունենալու դեպքում: