Մարդն ու արեւը

30/07/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Առանց արեւի ճառագայթների հնարավոր չէ նյութափոխանակություն, բայց եւ նույն ճառագայթները կարող են պատճառ դառնալ լուրջ հիվանդությունների ու այրվածքների: Հետեւաբար, հարց է առաջանում` արեւը բարեկա՞մ է, թե՞ թշնամի: Ամեն բան կախված է ուլտրամանուշակագույն ճառագայթների չափաբաժնից:

«Եվս մի քիչ, եւ իմ մաշկը նման կլինի Նաոմի Քեմպբելի մաշկին»,- ծովափին հանգստանալիս` շատերն են այսպես մտածում: Մաշկի կարմրությունը նկատելով՝ մենք հաճախ ուրախանում ենք, սակայն չենք մտածում, որ մի քանի ժամ շարունակ մաշկը ստիպված է դիմակայել ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Անհրաժեշտ է գտնել արեւային լոգանք ընդունելու ճիշտ տարբերակը, որպեսզի եւ՛ օգտակար լինի, եւ՛ վնաս չհասցնի մեր օրգանիզմին:

Որպեսզի արեւային լոգանքն անվնաս լինի, պետք է նախապատրաստվել դրան արձակուրդ գնալուց 2 շաբաթ առաջ:

Ծովափնյա հանգստի մեկնելուց առաջ պետք է բժշկի հետ խորհրդակցել` իմանալով ձեր օրգանիզմի թույլ մասերը: Օրինակ` վահանագեղձի, երիկամների կամ լյարդի հետ կապված խնդիրներ ունեցողները կարող են լուրջ պրոբլեմներ ունենալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից: Անպայման պետք է հիշել, որ ծովափին, բացի արեւի ճառագայթներից պաշտպանող քսուքներից, այլ քսուքներ ու լոսյոններ պետք չէ օգտագործել, այլապես հնարավոր է լինեն ալերգիկ ռեակցիաներ:

Անպայման սննդի բաղկացուցիչ մասը պետք է կազմեն գազարը, բուսական յուղը, բողկը եւ այլն: Այս սննդատեսակներն ապահովում են օրգանիզմում ցիստինի քանակը, որը նպաստում է մաշկի վերին թաղանթի ամրացմանը:

Հանգստի գնալուց առաջ պետք է հրաժարվել պիլինգից, էլեկտրո եւ բոլոր տեսակի էպիլյացիաներից ու առհասարակ պետք է հրաժարվել գեղեցկության սրահների բոլոր տեսակի պրոցեդուրաներից: Գրգռված մաշկը դժվար թե կարողանա դիմանալ արեւի ճառագայթներին: Պետք է հրաժարվել նաեւ սկրաբներից, քանի որ դրա միջոցով մենք հեռացնում ենք նաեւ մաշկի բնական պաշտպանիչ շերտը:

Արեւից պաշտպանվելու քսուքի տուփի վրա պետք է անպայման նշված լինի, թե որ ճառագայթներից է այն պաշտպանում մաշկը, իսկ քսուքը պետք է մաշկին քսել արեւի տակ դուրս գալուց 15-20 րոպե առաջ եւ թարմացնել յուրաքանչյուր անգամ ջրից դուրս գալուց հետո: Անպայման պետք է հետեւել, որ լողազգեստը ծածկի մեջքի ու որովայնի վրա եղած խալերը: Ծովափին պետք է չմոռանալ գլխարկի մասին: Այն պետք է լինի «շնչող» ու բաց գույնի: Արեւային ակնոցը եւս ծովափնյա հանդերձանքի բաղկացուցիչ մասն է կազմում, բայց եթե այն անորակ լինի, շատ ավելի կվնասի, քան դրա բոլորովին չլինելը:

Շիկահերներին բավական է 10 րոպե արեւի տակ մնալ, եւ կարող են այրվածք ստանալ, իսկ ահա սեւահերները 1 ժամից ավելի կարող են վայելել արեւը:

Արեւի ճառագայթներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետեւել որոշակի կանոնների, եւ ամեն ինչ լավ կլինի: Արեւային լոգանք կարելի է ընդունել` սկսելով 10 րոպեից, հետո քիչ-քիչ ավելացնել: Արեւայրուքի համար շատ լավ ժամ է մինչեւ առավոտվա ժամը 10:00-ն եւ ժամը 16:00-ից հետո: Եթե ձեր մաշկը կարմրել է, ուրեմն` դուք առաջին աստիճանի այրվածք եք ստացել, կարելի է 1-2 օր ստվերում անցկացնել: Երկրորդ աստիճանի դեպքում սկսում են առաջանալ թաց բշտիկներ: Այս դեպքում կարելի է երիցուկի թուրմով կամ ֆուրացիլինի լուծույթով թրջոցներ դնել: Եթե մարմնի վրա շատ խալեր ունեք, ապա այդ դեպքում 10 րոպեից ավելի չարժե արեւային լոգանք ընդունել, այն էլ` ժամը 17:00-ից հետո: Անկանոն հորմոնային ֆոնի դեպքում (կլիմաքս, հղիություն եւ այլն) արեւի տակ գտնվելով` մարմնի վրա կարող են առաջանալ պիգմենտացիոն բծեր: Նման ռեակցիա կարող է լինել նույնիսկ սովորական հակաբիոտիկներ օգտագործելուց: Այնպես որ` պետք է զգույշ լինել:

Իհարկե, պետք է չմոռանալ նաեւ արեւի անփոխարինելի բուժիչ հատկությունների մասին: Ուլտրամանուշակագույն ճառագայթները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը գրիպի ու այլ հիվանդությունների հանդեպ, օգնում են պսորիազի, էկզեմայի ու այլ մաշկային հիվանդությունների բուժման դեպքում: Արեւային լոգանքն ամրապնդում է նյարդային համակարգը եւ խթան է հանդիսանում օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթների պակասը կարող է շիզոֆրենիայի, սկլերոզի, դիաբետի ու քաղցկեղի պատճառ դառնալ: Եվ վերջապես` օրգանիզմում արեւի տակ առաջացած վիտամին D-ն արգելք է հանդիսանում երեխաների մոտ ռախիտի զարգացմանը: Իսկ մեծերին այն անհրաժեշտ է ամուր ատամներ ու ոսկորներ ունենալու համար:

Երեխայի համար ամենաօգտակար արեւը հունիս ամսվա արեւն է: Այն լավացնում է արյան շրջանառությունը եւ պահպանում փոքրիկին սակավարյունությունից: Իսկ ահա հուլիս-օգոստոս ամիսներին արեւային լույսի մեջ կտրուկ ավելանում է բացասական գամմա-ճառագայթների քանակը: Այդ ժամանակ պետք է երեխայի մաշկը ծածկել բաց գույնի բամբակյա շորով, իսկ արեւի տակ գտնվելը սահմանափակել մինչեւ 2 ժամը: