Մտահոգված են

22/07/2009

«Ազատություն» ռ/կ հաղորդմամբ` ԱՄՆ Կոնգրեսի հայամետ պատգամավորները նամակ են հղել Բարաք Օբամայի վարչակազմին` հորդորելով տարանջատել հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու ցեղասպանության ճանաչումը: Նրանք մտահոգություն են հայտնել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ` կարծիք հայտնելով, թե Անկարան նահանջում է ՀՀ-ի հետ հաշտեցման ճանապարհային քարտեզից, որի շուրջ համաձայնությունը 2 երկրները ձեռք էին բերել հենց ապրիլի 24-ին: «Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ճանապարհային քարտեզին համաձայնեց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը արգելափակելու համար` չունենալով այդ համաձայնությունը պահելու նպատակ»,- գրել են նրանք: «Ըստ այդմ, հորդորում ենք Ձեր վարչակազմին տարանջատել հարաբերությունների բարելավման եւ ցեղասպանության ճանաչման հարցերը: Մենք կշարունակենք աջակցությունը նախընտրական արշավի ժամանակ ձեր կողմից հայտարարված քաղաքականությանը` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ, եւ հույս ունենք, որ Ձեր վարչակազմի կողմից ձեռնարկվելիք նոր ջանքերն ու նպատակին ուղղված միջոցները կխթանեն հայ-թուրքական հաշտեցումը` առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,- Օբամային հասցեագրված նամակում գրել են կոնգրեսականները: