Թուրքիան անելիք չունի

22/07/2009

«ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում որպես միջնորդ ներգրավվելու Թուրքիայի հավակնություններն անիրագործելի են»,- «Թըդեյզ Զամանին» ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: Լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ թե Թուրքիան առաջարկել է որոշակի ծառայություններ մատուցել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում, Բ. Ֆասյեն նկատել է. «Թուրքիայի միջնորդությունն այդ գործընթացում անհնար է: Դա ողջամտության պահանջն է»: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց համարում են «մեկ ազգ, երկու պետություն», ինչով փաստվում է, որ Թուրքիան այս հակամարտության պարագայում շահագրգիռ կողմ է եւ չի կարող դառնալ միջնորդ: Ըստ Բ. Ֆասյեի, թեեւ Հայաստանն ու Թուրքիան ներկայումս հարաբերությունները կարգավորելու գործընթաց են սկսել, սակայն դա եւ ԼՂՀ կարգավորումը միանգամայն անկախ գործընթացներ են: Նրա խոսքերով, սակայն, երկու հիմնախնդիրներն էլ «միեւնույն տարածաշրջանային գոտու գործընթացներ» են, եւ հնարավոր է, որ դրանցից յուրաքանչյուրի դեպքում գրանցված առաջընթացը «դրական ու օգտակար» ազդեցություն ունենա մյուսի վրա: Ի դեպ, Ֆասյեն նշել է, որ Թուրքիայում ներքաղաքական գործընթացների ժամանակ հաճախ է հղում արվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացներին ու շահարկվում ներքին խնդիրների համատեքստում: Նա զգուշացրել է, որ այդ դրսեւորումները կարող են խոչընդոտել գործընթացներում առաջխաղացում գրանցելու գործին: