Եվ այսպես, պաշտոնական վիճակագրությունը հաստատեց, որ մեր տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է։ Ազգային վիճակագրական ծառայությունը այս տարվա հունվար-հունիսի համար արձանագրել է համախառն ներքին արդյունքի 16.3% նվազում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշենք, որ տնտեսագիտության մեջ «ռեցեսիա» ընդունված է համարել, եթե երկրի ՀՆԱ-ն (նույնն է թե՝ տնտեսությունը) կես տարի շարունակ զրոյական աճ է ունենում կամ կրճատվում է։
Վիճակագրական ծառայության տխուր ցուցանիշները հրապարակվել են, սակայն համառոտ եւս մեկ անգամ նշենք դրանցից մի քանիսը։ Արդյունաբերական արտադրանքը (առանց էներգետիկայի) նվազել է 11.5 տոկոսով, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները՝ 2.5, իսկ շինարարության ծավալները ամենից շատ՝ 53.5 տոկոսով։ Ընդ որում, շինարարությունը հունիս ամսին էական աճ է գրանցել մայիսի նկատմամբ՝ 2.3 անգամ։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա հունիսին շինարարության ծավալները նախորդ ամսվա համեմատ աճել էին 1.5 անգամ։ Փաստորեն, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, շինարարության աջակցությանն ուղղված քայլերը (վարկային երաշխիքներ, ֆինանսավորում եւ այլն) սկսել են արդյունք տալ։ Եվ եթե առաջիկայում հաջողվի մեղմել տնտեսական անկման ցուցանիշները, ապա դա կլինի հենց շինարարության շնորհիվ։ Աճ է արձանագրել միայն ծառայությունների ոլորտը՝ այն էլ աննշան` 0.9%-ով։ Արտահանման ծավալները նվազել են 45.9%-ով՝ կազմելով 281.3 մլն դոլար (2008 թվականի առաջին կիսամյակի 520 միլիոնի դիմաց), իսկ ներմուծման ծավալները նվազել են 27.5 տոկոսով։ Այս ցուցանիշների ֆոնին բավական հետաքրքիր է եւս մեկ ցուցանիշ։ Այսպես, փոքրացել են ներմուծման, տեղական արտադրության եւ գյուղատնտեսության ծավալները։ Նվազել են նաեւ բնակչության եկամուտները՝ հիմնականում օտարերկրյա տրանսֆերտների նվազման պատճառով։ Բայց արի ու տես, որ մանրածախ առեւտրաշրջանառության ծավալները չեն փոխվել՝ մնացել են նույնը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչեւէ, համարենք, որ վաճառողները շուկա են դուրս բերել անցած տարվանից մնացած ապրանքները, գնորդներն էլ՝ բարձի տակ նեղ օրվա համար պահած փողերը, ու մանրածախ առեւտրաշրջանառությունը չի նվազել… դեռ։
Ասում ենք՝ դեռ, որովհետեւ տնտեսական ցուցանիշները դեռ երկու ամիս էլ շարունակելու են վատանալ։ Նման կարծիք հայտնել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը այս ամսվա սկզբին՝ հայտարարելով, որ ամենածանրը լինելու են տարվա առաջին 9 ամիսները։ Հետո նկատվելու է տնտեսության վերականգնում։ Հիշեցնենք նաեւ, որ վարչապետը կանխատեսել էր տնտեսության դինամիկայի 3 սցենար։ «Պետք է աչքի տակ ունենանք առնվազն 3 սցենար։ Մեկը դա այն է, որ մենք 9.5 տոկոսանոց անկում կունենանք, երկրորդը այն է, որ դա կլինի 16 տոկոս, երրորդը, որ մենք կունենանք 20 տոկոսանոց անկում»,- ելույթ ունենալով եռօրյա միջազգային տնտեսական գիտաժողովում՝ ասել էր նա։
Փաստորեն, այսօրվա ցուցանիշներով մենք գտնվում ենք երկրորդ եւ երրորդ սցենարների արանքում, եւ հավանականությունը մեծ է, որ իրականություն կդառնա հենց երրորդ՝ 20%-անոց անկման սցենարը։ Վարչապետից ավելի լավատեսական կարծիքներ էին հայտնել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը եւ Արժույթի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը։ Նրանք կանխատեսել էին 9-9.5%-անոց անկում։ Մինչ այդ նրանք կանխատեսում էին 5%-անոց անկում, ավելի վաղ՝ զրոյական աճ, իսկ դրանից առաջ՝ 0-2% տնտեսական աճ։ Եվ այս առումով առհասարակ կասկածի տակ է դրվում ամեն տեսակ կանխատեսումներ անելու նպատակահարմարությունը։ Այդպես բոլորն էլ կարող են «կանխատեսել», հետո «ճշգրտել»։ Չնայած՝ դա իրենց որոշելիքն է։ Մարդիկ աշխատավարձ են ստանում, որ մի բան ասեն։
Իսկ առայժմ փաստն այն է, որ Հայաստանը տնտեսական ռեցեսիայի մեջ է։ Որ այսպես էր լինելու, գիտեին բոլորը, դեռ անցած տարվա վերջից։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Օրինակ, մեր ռազմավարական գործընկեր եւ ամենախոշոր ներդրող Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը 2008թ. հոկտեմբերի 1-ին հայտարարել էր. «Մենք ռեցեսիայի սկզբնական փուլում ենք»։ Սա պետք է որ լուրջ ահազանգ լիներ նաեւ մեր իշխանավորների համար, քանի որ մեր տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախված է այդ երկրի տնտեսական վիճակից։ Հետո վիճակն ավելի լրջացավ, Ռուսաստանում արդեն սկսեցին խոսել ՀՆԱ կրճատումից։ Եվ Կուդրինի հայտարարությունից 3 ամիս անց՝ 2008թ. դեկտեմբերի 12-ին, երբ անգամ ամենալավատեսներն էին խոսում ճգնաժամի հետեւանքների մասին, մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարեց՝ երկրի տնտեսությունում ռեցեսիայի ոչ մի նախանշան չկա։ Դե, իհարկե, այդ հայտարարության հեղինակը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էր։ Չէ, լավատեսության համար ոչ մեկին մեղադրել չի կարելի։ Սակայն նախկինում եւ այսօր արտահայտվող տեսակետների տարբերությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ն. Երիցյանն, օրինակ, անցած տարվա նոյեմբերին ՀՆԱ-ի 30%-անոց կրճատումը բացատրել էր գյուղատնտեսության սեզոնային ակտիվության նվազմամբ։ Սակայն դա էլ մի կողմ։ Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ տնտեսական աճի անկման վրա ազդել են նաեւ հանքարդյունաբերական ու քիմիական արդյունաբերության խնդիրները, եւ ավելացրել. «Սակայն մեր տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է ներքին պահանջարկով, եւ վերոհիշյալ ոլորտներում անկումն առանցքային նշանակություն չունի»: Հետաքրքիր է՝ հիշո՞ւմ էր նա արդյոք իր այս խոսքերը կամ հիշեցրե՞լ է իր գործընկերներին, երբ մեկ ամիս առաջ կառավարությունը ողջ կազմով Սյունիքում էր եւ հանդիսավորությամբ 44 միլիոն դոլար էր տրամադրում հանքարդյունաբերության ոլորտին՝ ընդգծելով դրա առանցքային նշանակությունը։