«Հայաստանում ներքին ապրանքաշրջանառության ոլորտում այս տարի ստվերը կրճատվել է 16 տոկոսով»,- երեկ նման սենսացիոն եւ ֆանտաստիկ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ ավելացրել է, թե ներքին ապրանքաշրջանառության կառուցվածքում ներկայումս ստվերը կազմում է 40 տոկոս: Տ. Սարգսյանը սակայն չի ասել, թե այդ ինչպե՞ս է կրճատվել ներքին ստվերը, նախկինում որքա՞ն է եղել, որ հիմա դարձել է այդքան: Կամ` ինչպե՞ս են չափել, որ ստվերը հենց այդքան է, եւ այլն: Այսինքն՝ Տ.Սարգսյանը պարզապես թիվ է ասել, ու վերջ: Եվ, հավանաբար, հույս է ունեցել, թե այդ թվերի հրապարակումն իր աշխատանքի մասին դրական տպավորություն կթողնի: Կամ` այդ ի՞նչ միջոցառումների հաշվին եւ ո՞ր ոլորտներում ստվերը կրճատվեց 16 տոկոսով: Չէ՞ որ դա բավական մեծ թիվ է եւ որպես եւս մեկ «լավ լուր» կարելի էր հայտնել նաեւ դրա կրճատման ոլորտը, որ տպավորությունն ավելի խորը լիներ: Այն որ վարչապետն այն մարդն է, ով պաշտոնի բերումով գիտի, թե մեր երկրում որքան է կազմում ստվերը, հասկանալի է: Իհարկե, նա գիտի, թե հատկապես ռազմավարական կամ լայն սպառման նշանակություն ունեցող ապրանքները ներմուծման եւ իրացման ժամանակ որքանո՞վ են հարկվում` ամբողջությա՞մբ, թե՞ իր ասած 40 տոկոսը մնում է ստվերում: Հատկապես, երբ ներմուծումը մեր երկրում վերահսկում են մի քանի հայտնի մարդիկ: Եվ այդքանից հետո նման հայտարարություն անելը եւ նման թիվ հրապարակելը` այն էլ առանց հիմնավորման, մեղմ ասած, մարդկանց եւս մեկ անգամ թյուրիմացության մեջ գցելու քայլ է: Վարչապետը խոսել է նաեւ արտաքին պարտքի ու դրա` մտահոգիչ մակարդակում չլինելու մասին: Նա ասել է, որ եթե արտաքին պարտքը չի կազմում ՀՆԱ-ի 50 տոկոսը, ուրեմն դա մտահոգիչ չէ: Ինչպես գիտենք, այս տարի Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային ու Ասիական բանկերի, Ռուսաստանի տված վարկերի հաշվին մեր երկրի արտաքին պարտքը միանգամից կրկնապատկվեց: Տ.Սարգսյանի ասելով, պարտքի չափը եթե մտահոգիչ լիներ, ապա միջազգային կազմակերպությունները մեր երկրին վարկ չէին տա: Մինչդեռ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ միջազգային կառույցներն իրենք էլ են մասնակից մեր իշխանությունների կատարած հանցագործություններին: «Նույն կերպ նրանք ասում էին, թե ԿԲ-ն լողացող կուրսի քաղաքականություն է վարում, երբ փոխարժեքը պահելու համար վաճառվում էր Հայաստանի պահուստները, եւ որի միջոցով հարստացան մի երկու տասնյակ ներմուծողներ: Այդ նույն միջազգային կառույցները հետո խոստովանեցին, որ ՀՀ իշխանությունները ոչ թե վարել են լողացող, այլ ֆիքսված կուրսի քաղաքականություն»,- ասում է Վ.Խաչատրյանը: Տնտեսագետը նաեւ գտնում է, որ իշխանությունները այդ հսկայածավալ վարկերն օգտագործում են անհասկանալի ձեւով: «Ինձ համար անհասկանալի է շինարարության բնագավառին ֆինանսավորելը: Այդպես էլ մինչեւ հիմա պարզ չէ, թե կառավարության հակաճգնաժամային ծրագիրն ամբողջությամբ ինչին է միտված: Նույնն էլ վերաբերում է վերցրած գումարներին` ի՞նչ են ուզում անել, ի՞նչ խնդիր են լուծում: Իմ տպավորությունն ու համոզմունքն այն է, որ նրանք այսօրվա խնդիր են լուծում, իշխանության մնան, թե տեսեք՝ ինչ լավն ենք: Հերթական անգամ ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, ազնիվ չեն այնպես, ինչպես դեկտեմբերին ասում էին, թե ճգնաժամ չկա: Այսքան վարկերի տակ մտնելը հանցագործություն է, թե՛ վարչապետը, թե՛ իշխանությունը Ս. Սարգսյանի գլխավորությամբ շատ լավ գիտեն, որ իրենք գնացող են, իսկ վարկերը փակելու են սերունդները: Այնպես որ, տնտեսագիտական այդ նորմերը, թե մինչեւ 50 տոկոսը մտահոգիչ չէ, շատ պայմանական է: Հայաստանի նման մի երկիր, որը, կարելի է ասել, տնտեսություն չունի, որի բարեկեցությունը կախված է դրսից եկող տրանսֆերտներից, 30-35 տոկոս պարտքն էլ վտանգավոր է: Առաջիկա տարիներին շատ ավելի է վատանալու մեր արտաքին պարտքի կառուցվածքը: Մի քանի տարի հետո գալու է նախկինում վերցրած մայր գումարները վճարելու ժամկետը: Դե, պատկերացրեք, թե ինչ վիճակում ենք հայտնվելու»,- ասում է Վ.Խաչատրյանը: