Իրարամերժ եւ անընդհատ թարմացվող տեղեկատվությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման Մադրիդյան տարբերակի շուրջ խիստ շփոթեցնող են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո առայժմ անկեղծացել է միայն Անվտանգության խորհրդի անդամների ներկայությամբ: Իսկ թե ինչպես են ընթացել իր եւ Ալիեւի բանակցությունները, հայ հասարակությունը կարողացավ տեղեկանալ ռուսաստանյան լրատվամիջոցներից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լակոնիկ պատասխաններից: Մասնավորապես, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, թե «աննախադեպ բաց բանակցություններ են եղել»` հավելելով, որ թեեւ առաջընթաց չի եղել, սակայն հետընթաց նույնպես չի արձանագրվել:
Տեղեկատվության հաջորդ աղբյուրը` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, լուրջ չընդունելով, հետեւաբար չանդրադառնալով ՀՅԴ-ի` իր հրաժարականի պահանջին, արձանագրեց, որ պաշտոնական Երեւանը երբեւէ չի հայտարարել, թե հավանություն է տալիս Մադրիդյան սկզբունքներին: Պարզապես դրանք ընդունվել են որպես բանակցությունների հիմք:
Ազատագրված տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին ընդդիմությունն, այդուամենայնիվ, ունի լուրջ մտահոգություններ: Բավական խիստ էր ՀԱԿ արմատական թեւի ներկայացուցիչ, «Միացում» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, ով լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների գործողությունները համարեց դավաճանական` նշելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը բխում է Հայաստանի եւ Արցախի շահերից: Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջում են նաեւ «Ժառանգություն» կուսակցությունն ու Հայ Ազգային կոնգրեսը: Սակայն ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, կողմ լինելով այդ հրաժարականին, դեմ չէ ազատագրված տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուն, հասկանալի է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիմաց: Ըստ Ժիրայր Սէֆիլյանի, սակայն, ազատագրված տարածքները, այլ կերպ ասած` Ադրբեջանին ոչ մի թիզ հող վերադարձնելու կողմնակիցները ՀԱԿ-ի շարքերում ավելի շատ են, քան Տեր-Պետրոսյանի համախոհները: ՀՅԴ-ն, ում հետ համագործակցության շուրջ բանակցությունների են պատրաստ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ամենեւին չեն ցանկանում ՀՀ նախագահի հրաժարականը: Պրոֆիլակտիկ նպատակներով դաշնակցականներն ուզում են ականատես լինել միայն եւ միայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականին: ՀՅԴ-ն եւս դեմ է ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն: Իշխանական մյուս երկու կուսակցությունների` ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի տեսակետներին անդրադառնալու հարկ չկա` տե՛ս ՀՀԿ-ի դիրքորոշումը: Միակ բանը, որ միավորում է Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներին, ցանկությունն է, որ Ղարաբաղը եւս դառնա բանակցությունների կողմ: Ղարաբաղի հակամարտությունը Մադրիդյան սկզբունքների շրջանակում կարգավորելու թեմայով վերլուծություններ են անում բոլոր նրանք, ովքեր չեն ծուլանում կամ ում համար թանկ է ազատագրված տարածքների եւ Ղարաբաղի ամեն սանտիմետրը: Սակայն որքանո՞վ են տեղին զգացական, հաճախ` դիլետանտ վերլուծությունները ա՛յն դեպքում, երբ քննարկման առարկա է մի փաստաթուղթ, որը «գաղտնազերծվել» է մասամբ, ընտրովի եւ ինչը միայն ավելի է շփոթեցնում առանց այդ էլ քրոնիկ շփոթության մեջ գտնվող մեր հասարակությանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն շաբաթ օրը Մոսկվայում կայացած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, թե Մադրիդյան սկզբունքների հրապարակված տեքստը, պարզվում է, ամբողջական չի եղել. «Կան կետեր, որոնք չեն հրապարակվել»:
Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի քաղաքական գործիչները ու հասարակության գրեթե բոլոր շերտերը զուր էներգիա են վատնում` քննարկելով մի բան, որի մասին չունեն լիարժեք տեղեկատվություն: Իսկ Ղարաբաղի շուրջ ծավալվող գործընթացների մասին գոնե մոտավոր կարծիք կազմելու համար անհրաժեշտ է գիտենալ փաստաթղթի ամեն բառը եւ հասկանալ, թե Մադրիդյան սկզբունքներն ինչու են հասարակության դատին հանձնվել խմբագրված:
Երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տեղեկացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որ իրենք աշխատանքային հանդիպում կունենան Լեհաստանի Կրակով քաղաքում, ուր կպատրաստեն Մադրիդյան փաստաթղթի բարեփոխված տարբերակը` համաձայն ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների` Իտալիայի Ակվիլա քաղաքում ընդունած հռչակագրի: Հիշեցնենք, որ, ըստ Ակվիլայի հռչակագրի, ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները հանձնարարել էին միջնորդներին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007թ. Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակը. «Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ լուծել իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել մնացած մի քանի տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, որով կուրվագծվի համապարփակ կարգավորման ընդհանուր պատկերը»:
«Բարեփոխելով» Մադրիդյան փաթեթը` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը` նույն ելքով: Այսինքն` առաջընթաց չի լինի, սակայն հետընթաց եւս չի արձանագրվի: Սա նշանակում է տուպիկ, երբ չկա ոչ առաջընթաց, ոչ ետընթաց: Մադրիդյան սկզբունքների բարեփոխված փաթեթը եւս ենթադրում է ստատիկ վիճակ, քանի որ, ինչպես գիտեն բոլորը, Ադրբեջանը ոչ մի գնով պատրաստ չէ Ղարաբաղը տեսնել անկախ:
Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները միմյանց հանդիպում են երրորդ երկրների միջնորդությամբ, այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու շուրջ փոխզիջումների տեքստերը գրվում են Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից շատ հեռու, Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին թողնում են գործողությունների աղքատիկ հնարավորություն` համաձայնել կամ մերժել այլոց շահերից բխող եւ պատահականության սկզբունքով քո երկրի շահերին համընկնող կամ հակասող առաջարկները:
Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի արդյունավետության մասին լուրերը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, փոքր-ինչ չափազանցված են: Ճիշտ նման դեպքերի համար է թերեւս Միխայիլ Ժվանեցկու հետեւյալ միտքը. «Ինքդ քո մասին հրապարակայնորեն լավ բաներ ասելուց մի վախեցիր: Միեւնույն է, ինֆորմացիայի աղբյուրը շատ արագ մոռացվում է, իսկ, ահա, դրական տպավորությունը դեռ երկար մնում է»: