Ճգնաժամ

22/07/2009

Բեն Բեռնանկեն՝ լավագույն մարտիկն ընդդեմ ճգնաժամի

ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն ճանաչվել է լավագույնը՝ աշխարհի Կենտրոնական բանկերի, ֆինանսների նախարարների եւ տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ Այդ մասին են վկայում «Bloomberg» գործակալության անցկացրած հարցման արդյունքները։ Բեռնանկեի վարկանիշը կազմել է 75%։

Նման բարձր գնահատականի Բեռնանկեն արժանացել է ըստ հարցման ենթարկված ֆինանսիստների` ԱՄՆ-ում ճգնաժամի դեմ հաջող պայքար մղելու համար։ Ֆինանսիստներին տպավորել է հատկապես այն, որ Բեռնանկեն ռադիկալ քայլերի է դիմել՝ ԱՄՆ տնտեսությունը փրկելու համար։ Նրանք նկատի են ունեցել, մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը մինչեւ զրոյական մակարդակ, աննախադեպ չափերի լիկվիդայնության ներարկումները եւ առաջատար ֆինանսական հաստատությունների մի մասի մասնակի կամ ամբողջական պետականացումը։

Հարցման արդյունքներով՝ Բեռնանկեն նկատելիորեն առաջ է անցել խոշորագույն մյուս Կենտրոնական բանկերի ղեկավարներից։ Օրինակ, Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեի գործողություններին հավանություն է տվել հարցվածների միայն 54%-ը, Անգլիայի բանկի նախագահ Մերվին Քինգի գործողություններին՝ 50%-ը, իսկ Չինաստանի ԿԲ նախագահ Չժոու Սյաոչուանի հակաճգնաժամային քայլերը հավանության են արժանացել հարցվածների 42%-ի կողմից։ ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներին աջակցություն են հայտնել 57%-ը։ Ընդ որում, ԱՄՆ-ում նրա վարկանիշը բավականին ցածր է. հայրենիքում Գայթների հասցեին լավ չեն արտահայտվել հարցվածների կեսից ավելին։

Ընդհանուր առմամբ, ամենից լավատես են գտնվել Ասիայի ներդրողները։ Նրանց կեսից ավելին ասել են, որ տարածաշրջանի տնտեսության մեջ նկատվում է իրական առաջխաղացում։ ԱՄՆ-ում նման կերպ մտածողների թիվը 3 անգամ ավելի քիչ է։ Ներդրողները լավատեսորեն են արտահայտվել նաեւ ամերիկյան բանկային համակարգի հեռանկարների մասով։ Հարցվածների երեք քառորդը կարծիք են հայտնել, որ մեկ տարի անց ԱՄՆ բանկերը կլինեն ավելի լավ «մարզավիճակում», քան հիմա։ Սակայն բանկային համակարգի ամբողջական վերականգնմանը մոտ ապագայում հավատում է հարցվածների ընդամենը 2%-ը։

Կրճատումներ Siemens-ում՝ հանուն շահույթի

Գերմանական Siemens կոնցեռնը մտադիր է ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում աշխատանքից ազատել 1400 հոգու։ Այդ թվում՝ գործազուրկ կդառնան Siemens-ի՝ Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Շվեդիայում գործող մասնաճյուղերի 300 աշխատակիցներ։ Նշենք, որ ընկերությունը դեռ 2008թ. էր հայտարարել 17.000 հոգու կրճատման մասին։ Եվս 19.000-ի դեպքում կրճատվել էր աշխատանքային օրը։

Siemens-ի ներկայացուցիչ Մարկ Լանգենֆորդը «Բլումբերգ» գործակալությանն ասել է, որ ավստրիական երկու մասնաճյուղերում աշխատանքից կազատվեն 830, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 300 հոգի։ Կրճատումների նպատակը հիմնական գործունեությունից ստացվող շահույթի մեծացումն է։ Մասնավորապես, ինչպես նշել է Siemens-ի գլխավոր տնօրեն Պիտեր Լեշերը, իրենք աշխատում են, որպեսզի ընկերության այս տարվա շահույթը գերազանցի նախորդ տարվա ցուցանիշը՝ 6.6 միլիարդ եվրոն։

Siemens կոնցեռնը հիմնադրվել է 1847թ. Բեռլինում։ Ընկերությունը գործունեություն է ծավալում էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, տրանսպորտային մեքենաշինության եւ այլ ոլորտներում։ Siemens-ի 190 մասնաճյուղերում ողջ աշխարհում աշխատում են շուրջ 410.000 մարդ։

Իսկ Starbucks-ը դեռ շահութաբեր է

Աշխարհի մասշտաբով սրճարանների խոշորագույն ցանցի՝ Starbucks-ի վրա համաշխարհային ճգնաժամը կարծես շատ չի ազդել։ Վերջերս հրապարակված հաշվետվության համաձայն՝ ընկերության շահույթը 2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում (որն ավարտվել է հունիսի 28-ին) կազմել է 151.5 միլիոն դոլար։ Starbucks-ը կարողացել է շահույթ ապահովել ծախսերի կրճատման շնորհիվ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ եռամսյակում ընկերության շահույթը կազմել էր 25 միլիոն դոլար։

Վաճառքի ծավալները հաշվետու տարում նվազել են 6.6 տոկոսով՝ կազմելով 2.4 միլիարդ դոլար։ Պատճառը սրճարանների ծառայությունների նկատմամբ պահանջարկի շարունակական նվազումն է։ Մասնավորապես, ընկերության սրճարանների ընդհանուր հասույթը 2009 ֆինանսական տարում կրճատվել է 5%-ով։ Նախորդ եռամսյակում անկումը կազմում էր 8%, իսկ դրանից առաջ՝ 9%։

Ծախսերի կրճատման ծրագիրը Starbucks-ը սկսել է 2008 թվականից։ Մասնավորապես, միայն ԱՄՆ-ում փակվել է 676 սրճարան։ Եվս 124-ը կփակվեն մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը։ Իսկ հունվարին ընկերությունը հայտարարեց, որ պատրաստվում է աշխատանքից ազատել 6700 հոգու։ Թե քանի հոգի են մինչ օրս կրճատվել, առայժմ հայտնի չէ։

Նշենք, որ Starbucks-ը գործում է աշխարհի 35 երկրներում։ Ցանցի սրճարանների թիվն այս տարվա մարտի դրությամբ մոտենում էր 16.000-ին։

APPLE. Դժգոհելու պատճառ չկա

Համակարգչային հսկա APPLE ընկերության շահույթն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 1.23 միլիարդ դոլար՝ այսինքն՝ 15%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։

Մեկ բաժնետոմսի համար վճարվող շահույթը կազմել է 1.35 դոլար՝ անցյալ տարվա 1.19 դոլարի դիմաց։ Աճել է նաեւ ընկերության հասույթը. նախորդ տարվա 7.46 միլիարդ դոլարի փոխարեն APPLE-ն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ունեցել է 8.34 միլիարդ դոլարի հասույթ։

«Մենք ստեղծում ենք ամենաժամանակակից արտադրանք, եւ սպառողները դա գնահատում են»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը՝ ավելացնելով, որ 2009թ. երկրորդ եռամսյակում վաճառվել է ավելի քան 5.2 միլիոն iPhone հեռախոս եւ 2.6 միլիոն Macintosh համակարգիչ։ Բացի այդ, օգտագործողները 1.5 միլիարդ անգամ խաղեր եւ ծրագրեր են բեռնել App Store կոչվող ինտերնետ խանութից։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Apple-ի ֆինանսական տնօրեն Փիթեր Օփփենհայմերն ասել է, որ iPhone 3G S նոր հեռախոսը սկսել է այնքան մեծ մասսայականություն վայելել, որ իրենք չեն կարողանում բավարարել պահանջարկը։ iPhone 3G S-ը ներկայումս վաճառվում է միայն 18 երկրներում։ Ընկերությունը ներկայումս աշխատում է այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։

7 տոկոսով պակասել են միայն iPod նվագարկիչների վաճառքի ծավալները։ Սակայն, այդուհանդերձ, ցուցանիշը տպավորիչ է. այս տարվա առաջին կիսամյակում վաճառվել է 10.2 միլիոն iPod։

Freddie Mac-ը չորրորդ տնօրենին է փոխում

Putnam Investments ներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն Չարլզ Հոլդեմանը այսուհետ կգլխավորի Freddie Mac հիպոթեքային ընկերությունը, որը մարտ ամսից մնացել էր առանց մշտական կառավարչի։ «Բլումբերգի» համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն չորրորդ անգամն է, որ Freddie Mac-ի տնօրեն է նշանակվում։

Freddie Mac-ը, որը Fanny Mae ընկերության հետ մեկտեղ հանդիսանում է ԱՄՆ հիպոթեքային շուկայի առաջատարը, 2008թ. սեպտեմբերին փաստացիորեն պետականացվեց՝ սնանկության վտանգի պատճառով։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերության վնասը կազմել է շուրջ 10 միլիարդ դոլար։

Ընկերության առանց այն էլ ծանր վիճակն ավելի սրվեց այս տարվա մարտին, երբ հրաժարական տվեց գործադիր տնօրեն Դեւիդ Մոֆֆեթը։ Իսկ մեկ ամիս անց ինքնասպանությամբ կյանքին հրաժեշտ տվեց Freddie Mac-ի ֆինանսական տնօրեն Դեւիդ Կելլերմանը։ Արդյունքում՝ ընկերությունը մնաց առանց ղեկավարության այն ժամանակ, երբ 2.2 տրիլիոն ընդհանուր արժեքով ակտիվները շարունակաբար արժեզրկվում էին։

Նորանշանակ տնօրենը՝ Հոլդեմանը, նշել է, որ Putnam-ում ինքը նույնպես անցել է շատ դժվարությունների միջով, եւ այդ փորձն իրեն կօգնի հաղթահարել Freddie Mac-ի դժվարությունները։ Հիպոթեքային ընկերությունն առայժմ գոյությունը պաշտպանում է պետության միջոցների հաշվին. անցած տարվա աշնանը կառավարությունը Freddie Mac-ին տրամադրեց շուրջ 200 միլիարդ դոլարի օգնություն։

Նշենք, որ Freddie Mac եւ Fanny Mae ընկերությունները ստեղծվել են մեկ նպատակով. ԱՄՆ քաղաքացիների համար ապահովել ավելի մատչելի հիպոթեքային վարկավորման պայմաններ։ Երկու կազմակերպություններն էլ քաղաքացիներից գնում են պարտավորություններ եւ թողարկում իրենց դրանցով ապահովված պարտատոմսեր։ Ֆինանսական ճգնաժամի արդյունքում Freddie Mac-ի եւ Fanny Mae-ի ակտիվները կտրուկ արժեզրկվեցին՝ հանգեցնելով ահռելի վնասների երկու ընկերություններում։

AMD-ն կրճատեց վնասները

Անհատական համակարգիչների համար պրոցեսորներ արտադրող իր մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ AMD կորպորացիան, 2009թ. երկրորդ եռամսյակը փակել է 330 միլիոն մաքուր վնասով։ Սա, իհարկե, ցանկացած ընկերության համար շատ տհաճ ցուցանիշ է։ Սակայն AMD-ում մխիթարվելու բան ունեն. նախորդ տարի ընկերության վնասը կազմել էր 1.2 միլիարդ։ Այսինքն՝ նրանց հաջողվել է ավելի քան 3 անգամ կրճատել վնասը։

2009թ. առաջին եռամսյակում ընկերությունն ունեցել էր 416 միլիոն վնաս։ Երկրորդ եռամսյակում վնասը պակասեց 86 միլիոնով, իսկ հասույթը մնաց նույն մակարդակի վրա։ AMD-ն ներկայումս ակտիվորեն վերակազմավորվում է՝ ծախսերը կրճատելու նպատակով։ Մեկ տարի առաջ պաշտոնից ազատվեց գլխավոր տնօրենը, իսկ նոր ղեկավարությունը հայտարարեց, որ մտադիր է աշխատանքից ազատել աշխատակիցների 9 տոկոսին։

Բացի այդ, ընթացիկ տարվա սկզբից AMD-ն իր արտադրական ակտիվները տրամադրել է GlobalFoundries ընկերությանը՝ այդպիսով իր հաշվեկշռից «դուրս գրելով» 1.1 միլիարդ դոլարի պարտավորություններ։ Ինչ վերաբերում է GlobalFoundries-ին, ապա պարտավորությունները մարելու հարցում նրան կօգնեն ներդրողները Միացյալ Արաբական Էմիրություններից։ Նշենք նաեւ, որ AMD-ն ներկայումս հանդիսանում է GlobalFoundries-ի միակ գործընկերը։

Այս տարվա երկրորդ կիսամյակում AMD-ն մտադիր է ձերբազատվել 65 նանոմետրանոց տեխնիկական պրոցեսի արտադրական հզորություններից, որոնք նախատեսված են էլեկտրոնային չիպեր արտադրելու համար։ Ընկերությունը կանցնի ավելի արդիական՝ 45 նանոմետրանոց տեխնոլոգիայի, որը թույլ կտա փոքրացնել ինքնարժեքը եւ մեծացնել թողարկման արագությունը։

Նշենք, որ AMD-ի համար սա անընդմեջ 11-րդ եռամսյակն է, երբ վնասներ են արձանագրվում։ Ընդ որում, ընկերության վնասները հաշվվում են հարյուրավոր միլիոններով։ Օրինակի համար նշենք, որ 2007թ. երկրորդ եռամսյակում AMD-ի վնասը կազմել է 600 միլիոն դոլար։