«Հարկատու 3»

22/07/2009

Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվությունների ընդունման նոր` «Հարկատու 3» ավտոմատացված կառավարման համակարգը:

Այս ծրագիրը լրացնում է «Հարկատու 2» ծրագրին: Ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի, «Հարկատու 3»-ը կազմվել է 8 ամիսների ընթացքում, որի կիրառման շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել համակարգի աշխատանքների թափանցիկությունը: «Սա բոլորովին նոր հարաբերություններ է ձեւավորելու հարկ վճարողների եւ հարկային, նաեւ` մաքսային մարմինների միջեւ: Ծրագիրը նաեւ կոմիտեի ղեկավարությանն օգնելու է անցնել հսկողական նոր մեխանիզմների կիրառմանը»,- ասել է Գ.Խաչատրյանը` ավելացնելով, որ «Հարկատու 3»-ի ներդրումն իր հետ բերում է նաեւ խնդիրներ, քանի որ հնարավոր չէ այն բարեհաջող գործարկել առանց համապատասխան մասնագետների: Հետեւաբար, ծրագիրը նախագծած ծրագրավորողների խումբն աշխատելու է Պետեկամուտների կոմիտեի հետ: Ծրագրին պետք է աստիճանաբար տիրապետեն համակարգի բոլոր աշխատակիցներն ու բիզնեսի ներկայացուցիչները: Շնորհանդեսին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, գործարարներ, ինչպես նաեւ ՀՀ-ում եվրոպական պատվիրակության ներկայացուցիչ Ուֆֆե Ուլսենը: Վերջինս կարեւորել է այս ծրագիրը` նշելով, որ իրենք աջակցում են Հայաստանին` մաքսային եւ հարկային համակարգերում բարեփոխումների իրականացմանը: Նրա խոսքով` այս ծրագրի կիրառմամբ հնարավոր կլինի բարձրացնել համակարգի գործունեության թափանցիկությունը:

Նոր համակարգով նախ այն կոմիտեի ղեկավարությանը հնարավորություն է տալիս համակարգիչների միջոցով հետեւել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքի արդյունավետությանն ու օպերատիվությանը, ինչը բխում է միջազգային պրակտիկայում ընդունված կենտրոնացված վարչարարության սկզբունքներից: Բացի այդ, ներկայումս գործող «Հարկատու 2» ծրագրի կենտրոնական տեղեկատվական բազայում չկա առանձին հարկ վճարողին վերաբերող տեղեկությունների միասնական շտեմարան, որն առավել արդյունավետ կդարձներ հավաքագրված տեղեկատվության օգտագործումը: Նոր ծրագիրը կազմելիս դա հաշվի է առնվել. «Հարկատու 3»-ը յուրաքանչյուր հարկատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն է պարունակում: Կոմիտեում գրանցման պահից տվյալների շտեմարանում կարտացոլվեն տվյալ հարկատուի բոլոր գործարքները, ակնհայտ կդառնա, թե նա որ տնտեսվարող սուբյեկտի հետ ինչպիսի փոխհարաբերությունների մեջ է մտնում: Նորացված ծրագիրը ներառում է ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ համակարգ: Դրա գործարկմամբ նաեւ լիարժեք հնարավորություն կընձեռվի էապես կրճատելու կոմիտեի կողմից կատարվող ստուգումների քանակը` միաժամանակ բարձրացնելով դրանց արդյունավետությունը: Ծրագիրը կազմելիս ուսումնասիրվել է մի շարք զարգացած երկրների փորձը: Ի դեպ, «Հարկատու 3» ծրագրի միջոցով երեկ առաջին հարկային հաշվետվությունը լրացրել է «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ում Պետեկամուտների կոմիտեի կողմից հանձնվել է վկայագիր: