Արդեն մի քանի տարի է, ինչ Ղարաբաղում գործում է «Փոքր եւ միջին
ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամը, որն իրականացնում է ոլորտի
զարգացմանն ուղղված ծրագրեր:
2005-ի մայիսի 24-ին ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ հիմնադրամը
վերակազմակերպվել է «Զարգացման արցախյան գործակալություն» պետական ոչ
առեւտրային կազմակերպության: Կառույցի նորանշանակ տնօրեն Արմեն Ավագյանի
խոսքերով, գործակալությունը կշարունակի հիմնադրամի վարկային ծրագրերը,
կընդլայնի գործունեության շրջանակները եւ կլրացնի ոլորտում առկա այն
բացերը, որոնք ի հայտ են գալիս զարգացմանը զուգահեռ: «Կազմակերպության
նպատակն է ԼՂՀ-ում տնտեսական աճի խթանումը` ներդրումների ներգրավմամբ եւ
արտահանման գործունեության բարելավմամբ: Մենք կնպաստենք Ղարաբաղում փոքր
եւ միջին ձեռնարկատիրության, արդյունաբերության, գյուղատնտեսության,
տեղեկատվական տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման եւ այլ
ոլորտներին պետական աջակցության ապահովմանը, ինչպեսեւ՝ տեխնիկական եւ
ֆինանսական միջոցների տրամադրմանը»,- փաստեց Ա. Ավագյանը: Անդրադառնալով
գործակալության հիմնական խնդիրներին, պարոն Ավագյանը նշեց, որ լուրջ
աշխատանքներ կիրականացնեն հանրապետությունում ներդրումների ներհոսքի
խթանման եւ աջակցման, ներդրողներին գործարար միջավայրի վերաբերյալ
անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ՝ իրավաբանական
ծառայությունների մատուցման, ներդրումային վարկանիշի ձեւավորման եւ
ներկայացման, ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական եւ խորհրդատվական
աջակցության ուղղությամբ:
Արմեն Ավագյանն ընդգծեց նաեւ, որ գործակալությունը կզբաղվի ոչ միայն
վարկերի տրամադրման եւ վերադարձման աշխատանքներով, այլեւ հետամուտ կլինի
բիզնես-ծրագրերի հետագա զարգացմանը: «Այս ուղղությամբ լուրջ
ուսումնասիրություններ են արվում եւ մշակվում են համապատասխան ծրագրեր:
Ներդրողների գործունեության ընդլայնման, արտադրության զարգացման եւ
արտադրանքի արտահանման ծրագրերի իրագործումը մշտապես կլինի մեր
ուշադրության կենտրոնում»,- նշեց զրուցակիցս:
Ղարաբաղում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար վարկերի
տրամադրումը սկսվել է 2003 թվականից, դրանց մարումը կսկսվի 2006-ին:
Ա.Ավագյանի խոսքերով, մինչ այժմ շուրջ 963 մլն դրամի վարկային ծրագրեր են
հաստատել, որից 150 մլն-ը դեռ չի հատկացվել: Այս տարի մոտ 200 մլն դրամ
հատկացվել է գյուղտեխնիկայի ձեռքբերման համար:
Տեսակետ կա, թե շատերը (խոսքը հիմնականում գյուղաբնակների մասին է)
վարկերից չեն կարողանում օգտվել համապատասխան գրավի առարկայի
բացակայության պատճառով: Այս առնչությամբ կազմակերպության ղեկավարը նշեց,
որ վարկային ծրագիրն իրականացվում է «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ, իսկ
վարկային ռիսկը կրում է նույն բանկը: «Մինչեւ հիմա ստացած 391 հայտի
80%-ից ավելին մերժվել է բանկի կողմից` բավարար չափի գրավի բացակայության
պատճառով: Ինչ վերաբերում է գյուղաբնակներին, պետք է ասեմ, որ պետբյուջեից
նախատեսված 963 մլն դրամից միայն 397 մլն-ն է տրամադրվել քաղաքի
բնակիչներին, իսկ 500 մլն դրամից ավելի գումարի չափով բիզնես ծրագրերը
շրջանների տնտեսվարող սուբյեկտներինն են: Շրջաններին ուղղվող վարկային
ռեսուրսների ծավալների պահպանման նպատակով կմշակվի վարկային երաշխիքների
տրամադրման ծրագիր, ըստ որի՝ գրավի առարկա չունեցողներին նույնպես կտրվեն
վարկեր»,- ասաց պարոն Ավագյանը:
Կազմակերպության ղեկավարից տեղեկացանք, որ վարկային ծրագրերի
շրջանակներում ֆինանսավորված բիզնես-ծրագրերի իրագործման արդյունքում
ստեղծվել են ավելի քան 500 աշխատատեղեր: Տարեցտարի կաճեն տրամադրվող
վարկերի ծավալները. 2005-ին նախատեսված է 785 մլն դրամի վարկավորում:
Ընթացիկ տարում առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսության ոլորտին.
վարկային ռեսուրսների մոտ 80%-ն ուղղվել է գյուղատնտեսության զարգացմանը
(խաղողագործություն, անասնապահություն, գյուղտեխնիկայի ձեռքբերում):
2006 թվականից հանրապետությունում կսկսվի հիփոթեքային վարկերի
տրամադրումը, որը նույնպես կիրականացվի «Զարգացման արցախյան
գործակալության» միջոցով: Կառավարության վերջին նիստի ընթացքում ԼՂՀ
վարչապետ Անուշավան Դանիելյանը փաստել է, որ առաջին տարում այն կլինի
փորձնական եւ կտրամադրվի 200 մլն դրամ, իսկ մի քանի տարի հետո դրանք
կհասնեն 5 մլրդ դրամի: Նա նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ
նորապսակներին՝ հիփոթեքային վարկերից օգտվելու դեպքում, կտրվեն որոշակի
արտոնություններ. հենց սկզբից պետությունն իր վրա կվերցնի վարկի մայր
գումարի 20%-ի, այնուհետեւ՝ 1-ին երեխայի ծնվելուց հետո՝ եւս 15%-ի,
երկրորդի դեպքում՝ նույնպես 15%-ի, իսկ երրորդ երեխայի դեպքում՝ եւս՝
20%-ի մարումը: Հիփոթեքային վարկերը կտրամադրվեն 6% տոկոսադրույքով՝ 15
տարի ժամկետով: