Ամեն տարի ամառային շոգերին զուգընթաց թեժանում են կրքերն ընդունելության քննությունների շուրջ: Այս տարին էլ բացառություն չէր: Չնայած, որ մեր Կրթության նախարարությունը վերջապես որոշել է երկու ծախսը մեկ դռնով հանել: 2009-ը պատմական է հայոց կրթության կառավարման տեսանկյունից: Վերջապես միավորվեցին ավարտական ու ընդունելության քննությունները: Հետայսու դրանք կրելու են «Միասնական քննություններ» անունը: Տարվա պատմական բնույթն արձանագրելու մեկ պատճառ էլ կա: Այս տարի դիմորդների բողոքներին միացան նաեւ հանրակրթական դպրոցի ուսուցիչները: Մաթեմատիկայի ոլորտում դիմորդների ու ուսուցիչների համատեղ բողոքը Գնահատման թեստավորման կենտրոնն արագ բավարարեց: Կազմակերպիչները թեստում ընդգրկել էին հանրակրթության դասընթացներում չներառված հարցեր: Ասել, որ հասարակագիտական ոլորտի թեստերում անապացուցելի խառնաշփոթ էր, ճիշտ չէ: «Հայոց պատմություն» առարկայի թեստում շատ արագ նկատվեց մի հարց, որի ճիշտ պատասխանը ներառված չէր: Այս խնդիրն արագ լուծվեց հօգուտ դիմորդի: Ավելի ծանր ընթացավ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի բողոքարկման գործընթացը: Այս տարի թեստերում բացահայտ սխալներ չկային: Նախորդ տարիների նման, ասենք, «բորբ» ու «բոսոր» բառերը հոմանիշ չէին հայտարարվել: Բայց հայոց լեզվի ու գրականության թե դպրոցական ուսուցիչների, թե բուհերի դասախոսների մի մասը բողոքեց թեստերի որակից: Հրապարակավ բողոքեց: Ի տարբերություն նախորդ տարիների: Կրթության նախարարությունն էլ խախտեց ավանդույթը: Բողոքները չլսելու տալու ավանդույթը: Այս տարվա դիմորդներին այս ամենն իհարկե ոչինչ չի տա: Փոխարենը պարզ դարձավ, որ գոնե «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների ոլորտում ճգնաժամն իր բնույթով համակարգային է: Այն վաղուց էր սկսվել, երբ դեռ շրջանառության մեջ էին հանրահայտ շտեմարանները: Բուհական ընդունելության քննության անվան տակ տարիներ շարունակ դիմորդին պարտադրում էին սովորել մի բան, որ իրեն իրականում երբեք պետք չէր գալու: Շտեմարաններում հայտնվում էին հազվագյուտ բառեր: Դրանք անգամ բարձրագույն բանասիրական կրթություն ու աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետների համար էին հազվագյուտ: Օրինակ՝ «բամբիշ» կամ «նետընկեց» բառերը: 21-րդ դարի շրջանավարտին վաղ միջնադարյան հայոց բառապաշար պարտադրելը մայրենին ուսուցանելու լավագույն ձեւը չէ: Ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե հայ գրագետը որեւէ տեքստում նման բառ կարդալու դեպքում բառարան բացի՝ դրանց իմաստը հասկանալու համար: Մինչդեռ մեր թեստերի հեղինակները տարիներ շարունակ «պահանջում» էին, որ, ասենք, քաղաքագետ կամ սոցիոլոգ դառնալու հավակնություն ունեցող դիմորդը իմանա լծասարքի մասերի անունները: Ընդ որում, ոսկեղենիկ մայրենիով: Ի՞նչ փույթ, որ «նետընկեց» բառը վերջին անգամ հայերից, ասենք, Ղազար Փարպեցին է գրել կամ Ագաթանգեղոսը: (Բառարանագիրներին չհաշված: Իհարկե` նաեւ թեստերի հեղինակներին): Ագաթանգեղոսի բառապաշարով քննություն կազմակերպելով` գրաբարի դասախոսների մի մասին կարելի է անբավարար գնահատել: Ուր մնաց` ժամանակակից հայոց լեզվի ու գրականության մասնագետներին: Ի վերջո, նաեւ շտեմարանային թեստերով քննությունների արդյունք է այն, որ անգամ բանասիրական կրթություն ստացողներն ի վիճակի չեն որեւէ պատմություն պարզ ու մատչելի շարադրելու: Նույնիսկ նրանք, ովքեր թեստերը գերազանց են «լուծել»: Գնահատման ոլորտը հայ իրականության ամենամետաֆիզիկական երեւույթն է: Միասնական քննություններն անցան երկու փուլով: Ընդհանուր եւ լրացուցիչ: Գնահատման պաշտոնյաները հասարակությանը համոզեցին, որ դրանց միջեւ էական տարբերություն չկա: Չկա` միջին գնահատականի տեսանկյունից: Եթե լրացուցիչում միջին գնահատականները նույնիսկ նվազել են, դա ոչինչ չի նշանակում: Փոխարենն ավելացել է բարձր գնահատականներ ստացողների համամասնական թիվը: 17,5 միավոր եւ ավելի ստացողների տեսակարար կշիռը լրացուցիչ քննություններում ավելի բարձր է: 12 առարկաներից 9-ի դեպքում աճել է բարձր ստացող դիմորդների համամասնությունը: Օրինակ՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից ընդհանուր քննության ընթացքում 17,5-ից բարձր է ստացել դիմորդների 4,54 տոկոսը: Իսկ լրացուցիչում այդ ցուցանիշն աճել է մոտ երեք անգամ` 14,29 տոկոս: Ռուսաց լեզվի պարագային պատկերն ավելի անբացատրելի է: Ընդհանուրի 5,79 տոկոսի դիմաց լրացուցիչում բարձր են ստացել 25,93 տոկոսը: Սա եւս փաստ է, որն ի ցույց դնելով կրթության ոլորտի համակարգային ճգնաժամը, ընդգծում է կոռուպցիայի բարձր մակարդակը: Մակարդակ, որի դեպքում թեստային մեթոդն իր թերություններով ու առավելություններով վաղուց դարձել է երկրորդական խնդիր: Արդեն որերորդ տարին է՝ ՀՀ Կրթության նախարարությունը իր կայքում հրաժարվում է քննություններից անմիջապես հետո արդյունքները անուն առ անուն դնելու առաջարկից: