Երեկ առավոտյան ժամը 9:30 սահմաններում ավազակային հարձակում է կատարվել «ՎՏԲ Հայաստան» բանկի` Երեւանի Բաղրամյան պողոտայի 56 հասցեում գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա: Ըստ բանկի մամլո ծառայության, հարձակվողները հափշտակել են մոտ 5 մլն դրամ: Բանկի միակ վնասվածքներ ստացած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երեկ ավելի ուշ կատարվածի մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանության մամուլի ծառայությունը: Ըստ այդմ, երեկ ժամը 09:30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում գործող «Հայխնայբանկի» 4-րդ մասնաճյուղից (նշենք, որ որպես իրավաբանական անձ՝ «ՎՏԲ Հայաստանի» իրավահաջորդ «Հայխնայբանկը» վաղուց գոյություն չունի, ինչը վկայում է մեր Ոստիկանության «բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»,- օգնություն են խնդրել: Պարզվել է, որ ժամը 09:20-ի սահմաններում դիմակավորված եւ զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ` 1954թ. ծնվ. Սեդա Հ.-ին եւ հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3040 դոլար, 420 եվրո, 18.000 ռուբլի` դիմել են փախուստի: Սեդա Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժինը: